Նոր փոփոխություններ դպրոցի տնօրենի մրցույթի կարգում

Նոր փոփոխություններ դպրոցի տնօրենի մրցույթի կարգում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման, գործունեության եւ տնօրենի նշանակման կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Համաձայն հիմնավորման՝ 2023 թվականից մեկնարկած տնօրենների ընտրության եւ նշանակման նոր ձեւաչափով գործընթացի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ։

Ներկայացվող փոփոխությունների արդյունքում ավելացվել են համապատասխան դրույթներ, որոնց համաձայն՝ փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, հրապարակման կամ հավակնորդի կամ փորձաքննող 2-րդ կազմակերպության հետ համագործակցության մասին տեղեկության առկայության կամ հարցազրույցի ընթացքում զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական գնահատվելու դեպքում կազմակերպության հետ կնքված պայմանագիրը լուծվում է:

Նախագծով առաջարկվում է զարգացման ծրագրի գնահատումը բաժանել 2 մասի՝ «բովանդակություն» եւ «ինքնուրույն աշխատանք» բաղադրիչների՝ հաշվի առնելով, որ երբեմն հավակնորդը զարգացման ծրագրի բովանդակությունը կարողանում է ներկայացնել՝ դժվարանալով պատասխանել ծրագրից բխող ընթացիկ իրավիճակային հարցերի, ինչը երբեմն ինքնուրույն գրված չլինելու մասին է վկայում:
Ըստ առաջարկվող նախագծի՝ զարգացման ծրագրի փորձաքննության արդյունքում 2 անգամ բացասական եզրակացություն ստացած կամ հարցազրույցի փուլը 2 անգամ չհաղթահարած անձը տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել զարգացման նոր ծրագիր ներկայացնելու դեպքում՝ գործող կարգի պահանջներին համապատասխան:

Բացի այդ` դրույթներ են ավելացվել այն մասին, որ քվեարկությանը մասնակցած բոլոր անդամների դրական եզրակացության դեպքում հավակնորդը տնօրենի պաշտոնում նշանակվում է առանց փորձաշրջանի, իսկ հարցազրույցի փուլը հաղթահարելու արդյունքում առնվազն մեկ բացասական եզրակացություն ունենալու դեպքում նշանակումը կատարվելու է 1 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելով: Փորձաշրջանի ընթացքում կազմակերպական, մասնագիտական կամ աշխատանքային այլ գործունեությանն աջակցելու նպատակով նշանակվում է փորձաշրջանի ղեկավար, որը նախարարի հրամանով ընտրված մենթոր դպրոցի տնօրեն է:

Մասնագիտական հանձնաժողովի եւ խորհրդի կողմից հաշվետվության դրական եզրակացությունների եւ ղեկավարի դրական եզրակացության արդյունքում տնօրենը համարվում է փորձաշրջանն անցած: