«Հրապարակ»․ Արեւային կայանի, «Ֆլայ Արնայի» ծրագրերը ձախողվել են․ ԱՆԻՖ-ը կփակվի՞

«Հրապարակ»․ Արեւային կայանի, «Ֆլայ Արնայի» ծրագրերը ձախողվել են․ ԱՆԻՖ-ը կփակվի՞

Անցել է 5 տարի այն ժամանակվանից, երբ ՀՀ կառավարությունն Աբու Դաբիի «Մասդար» (Abu Dhabi Future Energy Company) ընկերության հետ հուշագիր ստորագրեց՝ 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման վերաբերյալ։ Ծրագիրը պետք է իրականացնեին «Մասդար» ընկերությունը եւ Պետական հետաքրքրությունների հիմնադրամը` ԱՆԻՖ-ը։ Կառավարությունը 377.4 հեկտար հող ներդրեց ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում, Դաշտադեմ եւ Թալին համայնքների տարածքում, իսկ «Մասդարը» պարտավորվեց համայնքների զարգացման համար 320 մլն դրամ վճարել։ Նախատեսված էր, որ Հայաստանի ամենախոշոր արեւային կայանը շահագործման է հանձնվելու 2025 թվականին։ Սակայն մինչ օրս միակ քայլը, որ արվել է, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականն է։ 

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է ԱՅԳ-1-ի կառուցումը։ ԱՆԻՖ-ից մեզ պատասխանեցին, որ շինարարությունը դեռ չի սկսվել։ Անգամ շինարարական կազմակերպություն ընտրելու համար մրցույթ դեռ հայտարարված չէ։ Իսկ մեզ հասած տվյալներով, «ԱՅԳ-1» ծրագիրն առհասարակ չեղարկվելու է՝ արժանանալով ԱՆԻՖ-ի մյուս նախաձեռնության՝ «Ֆլայ Արնայի»` ազգային ավիափոխադրողի ճակատագրին։ 

«Մասդար» ընկերության ներկայացուցիչներն էլ, որոնք ահռելի ներդրում են կատարել, ըստ վստահելի աղբյուրից ստացված տվյալների, խիստ բարկացած են եւ ԱՅԳ-1-ի չեղարկումը բացատրել են ռուսների հետ նոր մոդուլային ատոմակայան կառուցելու պայմանավորվածությամբ, որը կլրացնի Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկը, եւ հնարավոր է՝ անիմաստ դարձնի արեւային կայան կառուցելը: Անգամ ենթադրել են, որ արաբական աշխարհի հետ հայերը «խնդիր» ունեն, եւ ինչ-որ նոտա են հղել մեր իշխանություններին: Հայաստանից Սաուդյան Արաբիա հատուկ պատվիրակություն է մեկնել` արաբական կողմին հանգստացնելու եւ սիրաշահելու, որ խնդիրը հայ-արաբական հարաբերությունները չեն։

Առհասարակ, կառավարությունում ԱՆԻՖ-ի հարցում այլեւս չկա նախկին լավատեսությունը։ Ավելին` Փաշինյանը խիստ դժգոհ է այս կառույցի գործունեությունից եւ սա համարում է ձախողված պրոյեկտ, որտեղ պետական բյուջեից միլիարդներ են ծախսել, բայց արդյունք չեն ստացել: Եթե 2023 թվականի հունվարին նա այդ կառույցի աշխատանքը «լավարկելու» առաջարկներ էր պահանջում` խոսելով թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման անհրաժեշտության մասին, ապա մեկ տարի անց՝ 2024 թ. հունվարին, փոխեց Պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար կազմը, համալրեց կառավարության անդամներով, վաղաժամկետ դադարեցվեցին հիմնադրամի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները, եւ ԺՊ նշանակվեց հիմնադրամի նախկին «հակափափազյանական» աշխատակից Տիգրան Ղազարյանը։ ԱՆԻՖ-ը, ըստ էության, դարձավ պետական ընկերություն, որը ֆինանսավորվում է ՀՀ բյուջեի միջոցներից։ Սակայն սա չփրկեց այս կառույցին։ Ասում են՝ Փաշինյանը հանձնարարել է փակել ԱՆԻՖ-ը, հիմա աշխատակազմի լայնածավալ կրճատումներ են գնում, ապա կմնա մի փոքր ստորաբաժանում, որը կներառվի Պետական գույքի կառավարման կոմիտեի կառուցվածքում։
ԱՆԻՖ հիմնադրամի մամուլի պատասխանատուն հրաժարվեց պատասխանել մեր հարցերին եւ գրավոր հարցում պահանջեց։ ԱՆԻՖ-ի տնօրենի ԺՊ Տիգրան Ղազարյանը չպատասխանեց մեր զանգերին։ Դիմեցինք էներգետիկ ոլորտը կարգավորող ՏԿԵ նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ փուլում է «ԱՅԳ-1» կայանի կառուցումը։ Մեզ հայտնեցին, որ ներկայում «Մասդար» ընկերության հետ քննարկումներ են ընթանում, սակայն դրանով արդեն զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը, հորդորեցին դիմել նրանց։ Էկոնոմիկայի նախարարությունից էլ խոստացան պատասխանել ավելի ուշ։ 

Ակնհայտ է, որ պետական մարմինները չգիտեն, թե ինչ սոուսի տակ են մատուցելու երբեմնի փառաբանված ԱՆԻՖ-ի ձախողումների մասին հերթական տեղեկատվությունը եւ դրա լուծարումը։ Չէ՞ որ ինչ-որ կառույցներ բացել-փակելուց, ծրագրերը տապալելուց հետո ինչ-որ մարդիկ պետք է պատասխան տան այդ տապալված ծրագրերի, պետական միջոցներից ծախսված հարյուրավոր միլիոնների համար։ 
2021թ․ հոկտեմբերին կառավարությունն ԱՆԻՖ-ին տրամադրել է 4 մլրդ 733 մլն դրամ` ազգային ավիափոխադրողի ծրագիրն իրականացնելու համար։ Թե ինչքան է հատկացվել ԱՅԳ-1-ի համար, հայտնի չէ, գիտենք միայն այս ծրագրի ընդհանուր արժեքը՝ 174 մլն դոլար, որի 85 տոկոսը պետք է տար ՀՀ կառավարությունը։ Ո՞վ է պատասխան տալու քամուն տրված միջոցների համար, նախաձեռնվելո՞ւ են քրեական վարույթներ՝ պետական միջոցների վատնման համար։ Եթե մի շարքային գյուղապետի նկատմամբ գործ են հարուցում` մեղադրելով վարորդի հաստիքի վրա 2 տարում 1 միլիոն դրամ վատնելու համար, հիմա խոսքը կարող է գնալ 10 եւ ավելի միլիարդի մասին: Դրա համար պատասխան տվող չի՞ լինելու: