Դաղստանի դեպքերը ցույց տվեցին՝ ոչ հոգևորականն է պաշտպանված, ոչ ոստիկանն ու քաղաքացին

Դաղստանի դեպքերը ցույց տվեցին՝ ոչ հոգևորականն է պաշտպանված, ոչ ոստիկանն ու քաղաքացին

Դաղստանում երեկ տեղի ունեցած դաժան ահաբեկչությունների շարքը, արյունոտ կիրակին հերթական անգամ վկայեցին, որ աշխարհում, ինչպես կասեր մեծն Վիլյամ Սարոյանը, «ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան սխալ է»:
Կատարվածը, ցավոք, վկայեց, որ աշխարհի ոչ մի անկյունում ապահովագրված չէ և ոչ մեկի ավտանգությունն ու կյանքը:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել ՌԴ կազմի մեջ գտնվող Դաղստանի հանրապետությունում. երեկ՝ հունիսի 24-ին մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել Մախաչկալայում և Դերբենտում։ Հարձակվողները կրակել են սինագոգի, երկու ուղղափառ եկեղեցիների և ճանապարհային ոստիկանության կետի վրա։ Ահաբեկիչների զոհ են դարձել 15-ից ավելի ոստիկաններ, մի քանի քաղաքացիական անձինք եւ հոգեւորական Հայր Նիկոլայը։

Դերբենտի քահանա Հայր Նիկոլայը (Կոտելնիկով) փորձել է կանխել ահաբեկիչների մուտքը եկեղեցի, սակայն վերջիններս սպանել են հոգևարականին: Այս մասին հայտնել է լրագրող Մուրադ Մագոմեդովը։
«Դերբենդում զինյալները հրկիզել են ուղղափառ եկեղեցին, և այստեղ սպանվել է հայր Նիկոլայը: Նա դուրս է եկել ծայրահեղականներին դիմաագրավելու՝ փորձելով խոչընդոտել նրանց մուտքը, սակայն ահաբեկիչները սպանել են նրան»,- պատմել է РЕН ТВ-ի թղթակիցը: Նրա խոսքով, քահանան տաճարում ծառայել է 40 տարի։

Հայր Նիկոլայի դուստրը՝ Օլգա Լոբովան պատմել է, որ ահաբեկիչները նախ հրկիզել են եկեղեցու կենտրոնական սրբապատկերը, իսկ հետո վազել տուն, որտեղ սպանել են քահանային՝ գլխին կրակոցով։ Այնուհետ հանցագործները հրդեհել են նաև հոգևորականի տունը։ Ողբերգությունը տեղի է ունեցել հայր Նիկոլայի կնոջ՝ Վալենտինայի աչքի առաջ։
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավարը ձերբակալվել է այն բանից հետո, երբ հաղորդագրություն է ստացվել, որ նրա որդիները կասկածվում են տարածաշրջանում հարձակումներին մասնակցելու մեջ։ Այս մասին հայտնել են հանրապետության ուժային կառույցներում, փոխանցում է «Известия»-ն։ Ավելի վաղ MK.RU-ն հայտնել էր, որ հանրապետության շրջանի ղեկավարը որոշել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել, թե իր որդիները կասկածվում են տարածաշրջանում ահաբեկչությանը մասնակցելու մեջ։  Նշվում է նաև, որ նրան հեռացրել են Ռուսաստանի իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից:
Հարձակումների արդյունքում չեզոքացվել է 6 զինյալ. նախնական տեղեկություններով՝ նրանցից երկուսը տվյալ պաշտոնյայի որդիներն են, ևս մեկը՝ նրա բարեկամը: Դաղստանում այսօր սուգ է հայտարարված...

Հայաստանում, որտեղ իշխանությունների գեներացմամբ, ուղղորդմամբ և հաճախ՝ բաց տեքստով ատելության արշավ է իրականացվում հոգևարականների դեմ, դաղստանյան դեպքերը կարող են սթափության նախանշան, ազդակ լինել: Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի մասին ակնարկող իշխանամոլորյալները պիտի որ լավ վերլուծեն, գիտակցեն, որ իրենց և ոստիկանների հակաիրավական, հակամարդկային գործողությունները, տարատեսակ ուղղաձիգ ճնշումները պայքարող հայաստանցու, հոգևորականների, լրագրողների, պատգամավորների, շարքային քաղաքացիների նկատմամբ, բումերանգի պես մի օր վերադառնալու են իրենց: Չէ՞ որ հենց իրենք են համահարթեցրել արժեքները և գոյավորել իրական համազգային ցասում:

Աստված հեռու պահի ցանկացած մահից՝ հոգևորականի, ոստիկանի, թե որևէ այլ մեկի, բայց կյանքն իր կանոններն ունի, այդ թվում՝ մահվան ու պատասխանատվության հարցերում: Դաղստանում, մեծ հաշվով՝ Ռուսաստանում քաղաքական բարձրագույն կամքն արտահայտված է, ահաբեկիչները զինաթափված են, պաշտոնյայի պատիժը՝ անխուսափելի: Բայց մեզանում, երբ չի գործում արդարությունն ու օրենքը, կամ դա տարազել են օրվա իշխանությանը համապատասխան, գալու է հանրային արդարության իմպերատիվ ուժը և, Աստված մի արասցե, կենսազուրկ դիպվածներով, որովհետև մենք ուզում ենք, որ Հայաստանում ավելանան ոչ թե սգո օրերը, այլ հաղթանակի, լույսի և ճշմարտության հաղթանակի ամսաթվերը...