Ուկրաինայից հետո ՌԴ-ն կսկսի սպառնալ Բելառուսին. Բայդեն

Ուկրաինայից հետո ՌԴ-ն կսկսի սպառնալ Բելառուսին. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի հետ կայացած առաջին հեռուստաբանավեճում աղմկահարույց հայտարարություն է արել՝ կապված միջազգային անվտանգության և Արևելյան Եվրոպայի աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։ 

Նրա պնդմամբ, Ուկրաինայում հաղթելու դեպքում Ռուսաստանը կարող է սկսել սպառնալ Բելառուսին։ Իր ելույթում Բայդենը չի կարողացել զսպել էմոցիաները և կրկին վիրավորել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ նրան անվանելով «ռազմական հանցագործ», փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

Բայդենն ասել է, որ Պուտինը ձգտում է վերականգնել այն տարածքային ազդեցությունը, որն ուներ Ռուսաստանը Խորհրդային Միության տարիներին։

«Նա ուզում է վերականգնել այն, ինչ եղել է խորհրդային կայսրության կազմում, նա չի ուզում միայն մի մասը, նա ուզում է ամբողջ Ուկրաինան, ի՞նչ եք կարծում, նա կանգ կառնի՞ այդտեղ, ի՞նչ կլինի Լեհաստանի հետ, երբ նա վերցնի Ուկրաինան, ինչ կլինի Բելառուսի հետ, ի՞նչ կլինի ՆԱՏՕ-ի մյուս երկրների հետ». - ասել է Բայդենը։

Միաժամանակ, ռուսական ԶԼՄ-ները հիշեցնում են՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը վտանգ չի ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրների համար։ Պուտինն ընդգծել է, որ արևմտյան քաղաքական գործիչների կողմից Ռուսաստանի պարբերաբար ահաբեկումն օգտագործվում է արևմտյան երկրների ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։ Նրա կարծիքով՝ նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մի մասն են, որն ուղղված է միջազգային ասպարեզում Ռուսաստանին վարկաբեկելուն։