«Մարտի են գնում ծերուկները». Բայդենի մոտ խուճապ է, Թրամփի մոտ՝ ցնծություն

«Մարտի են գնում ծերուկները». Բայդենի մոտ խուճապ է, Թրամփի մոտ՝ ցնծություն

Գրել ենք, որ ԱՄՆ-ում տեղի է ունեցել Բայդեն-Թրամփ նախընտրական առաջին հեռուստաբանավեճը, որը հեռարձակել է CNN–ը: Հիշեցնենք, նոյեմբերի 5-ին նախանշված նախագահական ընտրություններից առաջ կայացած դեբատը մեկնարկել է առանց ընդդիմախոսների ձեռքսեղման, իսկ բանավեճի ընթացքում քաղաքական գործիչները անողոք քննադատություն, նույնիսկ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել միմյանց հասցեին:

Հեռուստաալիքը, վկայակոչելով սեփական աղբյուրը, նշել է, որ ԱՄՆ–ում Դեմոկրատական կուսակցությունը նախագահ Ջո Բայդենի ելույթից հետո խուճապի մեջ է։

Նշվում է, որ որոշ աղբյուրներ հայտարարում են Դեմոկրատական կուսակցությունում խնդիրների առկայության մասին, իսկ մյուսներն ամփոփում են բանավեճի արդյունքները շատ ավելի կտրուկ ձևով։

Մինչդեռ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հայտարարել է, որ հեռուստաբանավեճի շրջանակում հաղթանակ է տարել գործող նախագահ Ջո Բայդենի նկատմամբ.

«Այսօր երեկոյան ԱՄՆ նախագահ Թրամփը բանավեճերում պատմական լավագույն ելույթն ու հաղթանակն է ցույց տվել ընտրողների լսարանին՝ հստակ հասկացնելով, թե ինչպես է նա բարելավելու յուրաքանչյուր ամերիկացու կյանքը»,– ասվում է շտաբի հայտարարության մեջ։

Ըստ Թրամփի նախընտրական շտաբի, բանավեճի ընթացքում նախկին նախագահը խոսել է գնաճի կրճատման, սննդամթերքի, բնակարանների, բենզինի արժեքի նվազեցման պլանների, ինչպես նաև հարավային սահմանի անվտանգության ապահովման և բայդենյան միգրանտների հանցավորության ալիքից պաշտպանվելու իր առաջին (նախագահական) ժամկետի ընթացքում հաջողության հասած քաղաքականության վերադարձի ծրագրերի մասին։
«Ջո Բայդենի անկարողության պատճառով մեր երկիրը ներսից կրակի մեջ է, մենք գտնվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, բայց Դոնալդ Թրամփին նախագահ ընտրելով` առաջին իսկ օրվանից կարող ենք շտկել դա և վերադարձնել ամերիկյան երազանքը»,– հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահի նախընտրական շտաբը։

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի և Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի բանավեճի հեռուստադիտողների 67%-ը հաղթանակը շնորհել է հանրապետականին. դեմոկրատ նախագահին աջակցել է հարցվածների 33%-ը. այս մասին հայտնում է միջոցառման կազմակերպիչ CNN-ը:

Ըստ հեռուստաալիքի՝ հարցվածների 57%-ն ասել է, որ չի վստահում Բայդենի՝ երկիրը ղեկավարելու ունակությանը, իսկ 36%-ը վստահում է Թրամփին:

Բանավեճից առաջ անցկացված հարցման համաձայն՝ հեռուստադիտողների 55%-ը քվեարկել է Թրամփի օգտին, 45%-ը՝ Բայդենի օգտին։ Դեմոկրատին անվստահություն է հայտնել ընտրողների 55%-ը, իսկ հանրապետականներինը՝ 47%-ը։ CNN-ի հարցումն անցկացվել է տեքստային հաղորդագրության միջոցով և ներառել է 565 գրանցված ընտրող, ովքեր հետևել են բանավեճին։ Հետազոտության սխալը գնահատվել է 5,5 տոկոսային կետ։ 

Հավելենք, որ երկրորդ հեռուստամենամարտը կկայանա սեպտեմբերի 10-ին՝ ABC հեռուստաալիքով։