Ռուսաստանն ասում է` ուզում եք գնալ Եվրամիություն, դուրս եկեք մեր ԵԱՏՄ-ից

Ռուսաստանն ասում է` ուզում եք գնալ Եվրամիություն, դուրս եկեք մեր ԵԱՏՄ-ից

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն օրերս հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն եւ Եվրամիությունն անհամատեղելի են, ու արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան իր հետեւանքներն է ունենալու, այսինքն` իրենք դա թույլ չեն տալու, կամ Հայաստանը պետք է ընտրություն կատարի, թե իր տեղը որտեղ է:

Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց․ եթե խոսքը գնում է ոչ թե անդամակցության, այլ, օրինակ, ասոցացման պայմանագրի կամ այլ մակարդակի պայմանավորվածությունների մասին, ապա Եվրամիությունը տնտեսական տեսանկյունից քիչ առաջարկներ ունի այն երկրներին, որոնք սահմանափակ հեռանկարի մեջ են:

«Եվրամիության հետ Հայաստանի առավելագույն տնտեսական հեռանկարն առայժմ դեռ շատ համեստ է: Սա այն իրողությունն է, ինչը կա, որը մենք կարող ենք փաստել Վրաստանի կամ Ուկրաինայի փորձով` մինչ պատերազմի սկիզբը, կամ` Մոլդովայի փորձով: Այս երկրների տնտեսական զարգացման փորձն այնքան էլ հաջող չէ: Ի տարբերություն իրենց, Հայաստանը, ունենալով բարդ տնտեսական պայմաններ, շատ լուրջ տնտեսական աճ է ապահովել հենց Եվրասիական միության շնորհիվ, այդ թվում՝ նաեւ եվրասիական գոտում լինելով, այս պահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պարագայում, երբ որ Հայաստանը ստանձնեց տրանսպորտային կամ տրանզիտային դեր»,- ասաց Միքայելյանը: Հայաստանի տնտեսության մեջ զգալիորեն մեծ է կապը Ռուսաստանի հետ, եւ ՌԴ-ն հիմա հարցը հետեւյալ կերպ է դնում՝ դուք ուզում եք տարանջատել ռազմավարական եւ տնտեսական համագործակցությունը տնտեսական համագործակցությունից` Ռուսաստանից օգուտ քաղեք, իսկ ռազմավարականն արդեն շեղել եք Ռուսաստանից: Եվ Ռուսաստանի դիրքորոշումը հետեւյալն է․ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա Ռուսաստանը ճնշելու է, որպեսզի Հայաստանը դուրս գա նաեւ Եվրասիական միությունից:

«Սա կարելի է այդ տեսանկյունից դիտարկել, որ Ռուսաստանը ճնշելու է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա, բայց այստեղ երկրորդ կոմպոնենտն էլ կա․ առհասարակ, Եվրասիական միությունը եւ Եվրամիությունն իսկապես անհամատեղելի են, որովհետեւ դրանք ազատ տնտեսական գոտիներ են, եւ եթե կա մի երկիր, որն անդամակցում է երկու միություններին, ապա այդ երկրի միջոցով հսկայական մոխրագույն ներկրում է տեղի ունենալու, եւ առանց որեւէ դրույքաչափի` Հայաստանով եվրոպական ապրանքները կներհոսեն եվրասիական շուկա, եվրասիական ապրանքները կներհոսեն եվրոպական շուկա, եւ դա ընդունելի չի լինի: Այստեղ տնտեսական մրցակցության խնդիր կա, այլ շուկայի պաշտպանության խնդիր եւ այլն: Սա օբյեկտիվորեն խնդրահարույց հարց է, եւ այստեղ Ռուսաստանը հայտարարում է, որ եթե Հայաստանը վերցնում է կուրս դեպի Եվրամիությանն անդամակցության, ապա սա ինքին սկզբունքորեն հակասում է Եվրասիական միությանը: Ասում են՝ դե որ ուզում եք, միանգամից դուրս եկեք: Ռուսաստանը թույլ չի տալու, որ Հայաստանը, որպես տնտեսություն, ամբողջությամբ կայանա Եվրասիական միության գոտում եւ միանգամից թռնի Եվրոպական միություն: Եթե նման խնդիր ծագի, ապա Ռուսաստանը փորձելու է Հայաստանի` Եվրասիական միությունից օգուտները նվազեցնել, մինչեւ Հայաստանն ունակ լինի Եվրոպական միությանն անդամակցելու։ Սա հասկանալի է»,- եզրափակեց Հրանտ Միքայելյանը: