Երեւանի գլխավոր հատակագիծը՝ գաղտնիության շղարշով պատված

Երեւանի գլխավոր հատակագիծը՝ գաղտնիության շղարշով պատված

Երեւանի գլխավոր հատակագծի գործունեության ժամկետը, ինչպես հայտնի է, լրացել է դեռ 4 տարի առաջ` 2020-ին, ապա Երեւանի ավագանու կողմից Երեւան քաղաքի 2006-2020 թթ․ գլխավոր հատակագծի գործողության ժամկետը երկարացվեց մինչեւ 2024-ի վերջը, բայց ոչ ուշ, քան մինչեւ նոր գլխավոր հատակագծի մշակումը։ Հատկանշական է, որ «Քաղաքաշինության մասին» օրենքի վերջին անցումային դրույթների մասին որոշմամբ՝ այն բնակավայրերը, որոնք մինչեւ 2024-ի հուլիսի 1-ը չեն ունենա գլխավոր հատակագիծ, բնակավայրերի տարածքում պետք է դադարեցնեն քաղաքաշինական գործունեությունը։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից վերջին ամիսներին մշակվել է մի նախագիծ, որը ներկայացվել է կառավարության մայիսի 30-ի նիստում եւ հաստատվել վարչապետ Փաշինյանի կողմից:

Ճարտարապետների միության նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով, հիմա որոշակի բան դժվար է ասել, քանի որ դեռեւս որեւէ քննարկում չի եղել․ «Կարծում եմ՝ քննարկում պետք է արվի թե՛ Ճարտարապետների պալատում, թե՛ մյուս գերատեսչություններում, որովհետեւ դա կարեւոր հարց է՝ Երեւանի գլխավոր հատակագիծը երկար ժամանակով հետաձգվեց, ու հասանք այս վիճակին»։

Բացի նրանից, որ նախագիծը թե՛ կառավարությունում, թե՛ քաղաքապետարանում ներկայացվել է որպես չզեկուցվող հարց, այն նաեւ հանրային քննարկման չի դրվել։ Այս առիթով Մկրտիչ Մինասյանը զարմանում է, թե ինչու է գաղտնիության շղարշով պատվում գլխավոր հատակագիծը․ «Ես՝ ինքս, զարմանում եմ, քանի որ կարեւոր բան է, եւ ինքներս չգիտենք, թե երբ պետք է դրվի քննարկման, մինչդեռ նախկինում գլխավոր հատակագծերի վրա շատ մեծ ուշադրություն էին դարձնում, բայց հիմա երեւի բոլորին ձեռք է տալիս․․․ չգիտեմ․․․ որեւիցե հստակ բան չկա, որպեսզի մենք պատրաստ լինենք, որովհետեւ ճարտարապետներն իրար հարցուփորձ են անում, թե ինչպես է լինելու, ինչ վիճակում է փաստաթուղթը, ինչն ենք քննարկելու, ինչ սկզբունքով է հատակագիծն արված… բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները նույնիսկ մենք չգիտենք եւ սպասում ենք, որ քննարկման կդնեն, ու կհասկանանք, թե ինչ սկզբունք են ընտրել, ինչ նկատառումներ ունեն հետագայի համար»։       

Համաձայն ներկայացված նախագծի՝ Երեւանի գլխավոր հատակագծից դուրս կմնան հուշարձանների շրջակա պահպանական գոտիները․ «Մեր քաղաքի պահպանական գոտիներն արվել են Արտյոմ Գրիգորյանի կողմից, շատ վաղուց, եւ այդ տարածքները ժամանակին այնքան մեծ են վերցվել, որ հնարավոր է ուղղումներ մտցվեն, նոր դա գործարկվի։ Քանի որ, եթե վերցնենք, որ այդ պահպանական գոտիների տարածքներում չի կարելի շինարարություն անել, ուրեմն ընդհանրապես քաղաքը կանգնում է, բայց քաղաքը չի կարող կանգնել, հետեւապես՝ հնարավոր է, որ ոչ թե վերջին անգամ, այլ ավելի ստույգ ձեւով սահմանները գծելու կամ որոշակի փոփոխություններ անելու անհրաժեշտություն լինի»։

Ըստ ճարտարապետի՝ մեկ այլ խնդիր է, որ շատ գերատեսչություններ չունեն համապատասխան մասնագետներ, ովքեր, դիցուք, գլխավոր հատակագծի հետ կապված մասնագիտական առաջարկ-դիտարկումներ արած լինեն, եւ եթե որեւէ գերատեսչություն ձայն չի հանում, ապա, ըստ նրա, կա՛մ տեղյակ չեն, կա՛մ էլ տեղյակ են մասնակի։
Մ․ Մինասյանն ասում է․ սովորաբար, քննարկումներից հետո եւս մեկ անգամ խմբագրում, սրբագրում են նախագիծը, վերջնական ճշտումներ են անցկացնում ու հետո նոր դնում են գործընթացի մեջ․ «Մենք սպասում ենք, որ քննարկումներ կարվեն մեր կողմից նույնպես, որովհետեւ ճարտարապետների մեծ մասը չի իմանում, թե ինչ քաղաքաշինական մոտեցում է եղել Երեւանի գլխավոր հատակագծի վերաբերյալ»։

Եթե մինչեւ հուլիսի 1-ը պետք է ընդունվի քաղաքի գլխավոր հատակագիծը, ապա այն ընդունելուց հետո ի՞նչ իմաստ ունեն այդ հանրային քննարկումները։ «Ես կարծում եմ, որ այն միանգամից չի ընդունվի, որովհետեւ պետք է անպայման իրազեկումների մեծ փուլ անցնի, շտկումներ մտցվեն, որից հետո գուցե 2-րդ փուլ լինի, ու նոր այդ ժամանակ ընդունվի։ Եթե չի քննարկվել մի բան, ո՞նց ընդունեն, պետք է հասարակությունը տեղյակ լինի»,- ասում է ճարտարապետն ու նկատում, որ մեծամասնությանը հետաքրքրում է հենց Երեւան քաղաքի բուն մասը՝ քաղաքի միջուկը, որպեսզի հանկարծ ավելի չծանրաբեռնվի եւ անհարկի ավել շինություններով չբարձրանա։

Մասնագետներից շատերի կարծիքով՝ որպեսզի Երեւանում քաղաքաշինական գործունեությունը չդադարեցվի, հնարավոր է արագ մի փաստաթուղթ ստեղծեն, անունը դնեն «Երեւանի գլխավոր հատակագիծ», բայց որն ապագայի տեսլականն ու քաղաքի զարգացման ուղենիշներն իր մեջ չունենա։ «Ցավոք, այդ վախն իմ մեջ էլ կա, որովհետեւ պրակտիկան ցույց է տալիս, որ մենք վերջին 30 տարիներին նման մոտեցում ենք ցույց տվել։ Որտեղ պետք է եղել ինչ-որ բան անելու, այդ ժամանակ շատ շտապ նույնիսկ կառավարության որոշում է կայացվել, կառուցվել է այդ շենքը, եւ վերջ, իսկ շենքը կառուցելուց հետո էլ ինչ ուզում ես, արա՝ չես կարող ոչինչ փոխել։ Նման հարցերին պետք է լուրջ մոտենալ, որովհետեւ քաղաքաշինական հաստատված փաստաթուղթը, վերջին հաշվով, օրենք է։ Մենք երեւի 20 տարուց ավելի է՝ ուզում էինք քաղաքի կենտրոնի համար օրենք ունենալ, որպեսզի նման շռայլությամբ չբաշխեինք սովորական հարկերի վրա բարձրացող բարձրահարկ շենքերը, բայց այդպես էլ չունեցանք քաղաքի կենտրոնի վերաբերյալ այդ փաստաթուղթը, որովհետեւ, եթե դա լինում է ու օրենքի ուժ է ստանում, արդեն բոլոր կողմերն էլ մի քիչ ձգվում են։ Ես վախենում եմ, որ հիմա ուզում են շատ արագ այդ փաստաթուղթը ստանան, որ հետո իրենց ձեռքերը դրա վրա տաքացնեն։ Սա ուղղակի մտավախություն է, որը չեմ կարող պնդել»։

Մկրտիչ Մինասյանը նկատում է․ նախկինում, գլխավոր հատակագծի հետ կապված, ուզում էին մրցույթ հայտարարել, բայց․ «Դրանք՝ բոլորը, մնացին դարակների վրա, ու մրցույթ չհայտարարվեց, եւ, ինչքանով տեղյակ եմ, հիմա «Երեւաննախագիծն» է գենպլանով զբաղվում։ Մի ժամանակ խոսում էինք, որ բերեն՝ քննարկենք, բայց այդպես էլ մնացինք սպասողի դրության մեջ, որովհետեւ նյութը պետք է լինի, որ մարդկանց հավաքենք ու քննարկենք։ Ցավոք, նյութին դեռ ծանոթ չենք, դրա համար այդ քննարկումներն անպայման պետք է լինեն»։  
Նշենք, որ Երեւան քաղաքի 2024-ի բյուջեով Երեւանի գլխավոր հատակագծի իրականացման վերլուծության, նախագծահետազոտական ծախսերի համար նախատեսվել է 250 մլն դրամ։ Սակայն մինչ այժմ պարզ չէ՝ գլխավոր հատակագծի մշակման հետ կապված կա՞ պայմանագիր, թե՞ ոչ, ե՞րբ եւ ո՞ւմ հետ է այդ պայմանագիրը կնքվել, մեկ աղբյուրի՞ց, թե՞ մրցույթով է անցկացվել։ Բացի այդ, գլխավոր հատակագծի մշակումն ի՞նչ ժամկետներ է նախատեսում, եւ եթե հուլիսի 1-ին, օրենքով սահմանված կարգով, գլխավոր հատակագիծ չլինի, Երեւանում քաղաքաշինական գործունեությունը դադարելո՞ւ է, թե՞ ոչ։ 

Համաձայն քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ Երեւանի գլխավոր հատակագծի փաստաթղթի մշակման առաջին փուլն ավարտվում է։ «Ստանալով եզրակացությունները՝ արդեն ավագանու հաստատմանը կներկայացնենք գլխավոր հատակագծի այսօրվա իրավական ակտերով ամրագրված փաթեթը։ Շատ կարճ ժամանակահատված էր մեզ տրված՝ խնդիրը լուծելու համար, եւ ձեւավորվել է մի փաթեթ, որն այսօր իրավական ակտերով համարվում է գլխավոր հատակագիծ, որը զուգահեռաբար մենք թվայնացնում ենք, եւ որի վրա, թվայնացմանը զուգահեռ, պետք է իրականացնենք ընթացիկ փոփոխություններ»,- հայտարարել է «Երեւաննախագիծ» ընկերության տնօրեն Անդրանիկ Սեդոյանը։