Կոմիտաս՝ երաժիշտ եւ բանաստեղծ

Կոմիտաս՝ երաժիշտ եւ բանաստեղծ

Հուլիսի 2-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ եւ բանաստեղծ» խորագրով համերգ։ Երգիչ, երգահան Վահան Արծրունին «Կոմիտաս՝ երաժիշտ եւ բանաստեղծ» համերգային նախագծի հեղինակն է։ Ծրագրի մտահղացումն առաջացել է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակին ընդառաջ։ Այն շարունակական բնույթ է կրում՝ նպատակ ունենալով տարբեր համերգաշարերի միջոցով ներկայացնելու կոմիտասյան երաժշտական ժառանգության բոլոր դրսեւորումները եւ նրա բանաստեղծությունը՝ համազոր կերպով։

Նախագիծն իր տեսակով եւ գեղագիտությամբ բացառիկ է, քանի որ ներառում է Կոմիտասի բնագրային վոկալ, վոկալ-գործիքային, դաշնամուրային եւ երգչախմբային ստեղծագործությունները, ինչպես նաեւ նրա ժառանգության բազմաբնույթ մեկնությունները։ Կոմիտասի քնարերգությունը ներկայացվում է Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարով։

Միջոցառմանը ելույթ կունենան երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Մայիլյանը, Էվանսոն քաղաքի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հովհան Խոջա-Էյնաթեանը եւ նրա հիմնադրած «Նարեկյան զանգակներ» համույթը, ինչպես նաեւ KVART համույթը՝ ընդլայնված կազմով (գեղարվեստական ղեկավար՝ Նարեկ Ավագյան):

Համերգային պաստառի հիմքում Վալենտին Պոդպոմոգովի «Կոմիտաս» գեղանկարն է։ Այս տարի նշվում է Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակը։ Ի դեպ, համերգի ընթացքում գեղանկարը ցուցադրված կլինի համերգասրահում։