Քրքումը կարո՞ղ է բուժել Ալցհեյմերի հիվանդությունը 

Քրքումը կարո՞ղ է բուժել Ալցհեյմերի հիվանդությունը 

Քրքումի (կուրկումա) կիրառությունը սննդի մեջ ի վիճակի է դանդաղեցնելու եւ նույնիսկ կանխելու Ալցհեյմերի հիվանդությունը, եզրակացրել են մի շարք հայտնի մասնագետներ։ Ալցհեյմերի հիվանդությունը, հիշեցնենք, որ նյարդաբանական հիվանդություն է, որը ժամանակի հետ հանգեցնում է գլխուղեղի աշխատանքի խաթարման։ Այն առաջացնում է հիշողության կորուստ, մտավոր կարողությունների անկում, շրջապատի հետ մարդու նորմալ հաղորդակցության կարողության նվազում։ Ալցհեյմերի հիվանդությունը տարիքային տկարամտության հիմնական տեսակներից մեկն է։ Նախնական փուլում մարդը սկսում է հաճախ մոռանալ վերջին շրջանում ստացած տեղեկությունները։ Ինչ որ մեկը չի հիշում կարեւոր թվեր եւ իրադարձություններ, կրկնում է նույն հարցերը, մոռանում է անունները։ Դժվարանում են այնպիսի առօրեական գործեր, ինչպիսիք են հաշիվների վճարումը, կերակրի պատրաստումը, մթերքների ցանկի կազմելը։ Հետագայում արդեն մարդը չի կարողանում հստակ կողմնորոշվել ժամանակի եւ տարածության մեջ, եւ սկսում է նույնիսկ չհիշել, թե որտեղ է գտնվում, ապրում, ինչպես է այդտեղ հայտնվել։

Հիվանդության զարգացման հետ խորանում են նաեւ ախտանիշները։ Նախկինում կարծում էին, որ Ալցհեյմերի հիվանդությունը բացառապես ծերունական հիվանդություն է, սակայն հիմա հայտնի են դեպքեր, երբ այն պատահում է նաեւ երիտասարդների մոտ։ Վերջինիս բուժման դեղամիջոց չկա։ Ու թեեւ հիմնականում այն առաջանում է ըստ գենետիկ հակվածության, սակայն կենսակերպն էլ կարող է նպաստել առաջացմանը։ Գիտնականները ներկայումս զբաղված են այս հիվանդության բուժման այլընտրանքային եղանակների հայտնաբերմամբ։ Այս համատեքստում կարեւորվում են սննդակարգի ուսումնասիրությունները, հասկանալու համար, թե այն ինչպես կարող է ազդել հիվանդության զարգացման վրա։ Այսպես, ուսումնասիրելով քրքումի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, գիտնականները պարզել են, որ շնորհիվ վերջինիս պարունակած կուրկումին նյութի, այն կարող է մարդու համար ունենալ հակաօքսիդանտի ազդեցություն եւ օգնել բորբոքային ու թթվային պրոցեսների դեմ պայքարում, նպաստելով գլխուղեղի աշխատանքի բարելավմանը։

Նշենք, որ բորբոքային եւ թթվային պրոցեսները պոտենցիալ կերպով կարող են սպառնալիք դառնալ մարդու կոգնիտիվ կարողությունների համար։ Հետաքրքիր է այն, որ մի շարք ժողովուրդների մոտ քրքումը ոչ միայն որպես համեմունք է կիրառվում, այլ նաեւ հնուց ի վեր այն հայտնի է որպես հակաբորբոքային, օգնելով նույնիսկ նյարդադեգեներատիվ հիվանդությունների դեմ պայքարին, նշում են գիտնականները