Աղոթում ես, որ նա սիրուհի գտնի

Աղոթում ես, որ նա սիրուհի գտնի
Ահա, նորից սկսվեց: Ի՜նչ ահավոր գլխացավ է եւ ամեն օր նույն ժամին՝ երեկոյան 10-ին: Երբ օրն ավարտվում է, եւ քնելու ժամը մոտ է: Այնպես, որ անգամ կարելի է ժամացույցը գլխացավով ուղղել: Տեսնես ինչի՞ց է: Սա ի՞նչ արտասովոր հիվանդություն է՝ միգրենը որոշակի ժամի լինո՞ւմ է: Ես, իհարկե, գուշակում եմ այս "ցավի" պատճառը:



Բայց վախենում եմ անգամ ինքս ինձ խոստովանելուց: Հասկացա՞ք ինչի մասին է խոսքը...: Ինձ մենակ իրենց ամուսինների նկատմամբ ֆիզիկական զզվանք զգացող կանայք կհասկանան: Ամեն երեկո, երբ մոտենում է վճռական պահը, երբ ուղեղդ բզկտում է էդ չարաբաստիկ միտքը, որ ստիպված ես լինելու... գլխացավդ բռնում է:



Ինքը, իհարկե, դրա մասին չգիտի, կարծում է իր կինը դաժան միգրենով է տառապում, որի պատճառներն ու բուժումը բժշկությանը հայտնի չեն: Անգամ հոգ է տանում... խեղճ: Փաստորեն խաբում եմ: Բայց դա իմ միակ փրկությունն է: Չէ, իհարկե, միշտ հնարավոր չէ դրա տակ թաքնվել, երբեմն ստիպված ես լինում գլխացավդ մոռանալ ու զիջել...: Տղամարդ է՝ իր պահանջներն ունի, եւ դու նրա օրինական կինն ես, ուրեմն պարտավոր ես, ու վերջ:



Դե, ամենատհաճ բաներին էլ հնարավոր է դիմանալ: Ատամներդ սեղմում ես, փորձում ես ուրիշ բանի մասին մտածել, քեզ մխիթարում ես, որ ընդամենը մի քանի րոպե է տեւելու: Ի վերջո՝ պետք է ամեն ինչի դիմաց վճարել: Իսկ սա վճարն է ընտանիքիդ բարեկեցության, ամուսնություն կոչվող գոյավիճակի դիմաց: Թա՞նկ վճար է:



Չգիտեմ՝ նրանք, ովքեր իրենց մարմինը սրբավայր են դիտում եւ միայն սրբերին են մոտ թողնում՝ գուցե: Բայց եթե պրագմատիկ մարդ ես ու քո մարմնի վրա չես դողում, ավելի հանգիստ ես վերաբերվում դրան: Չէ, երբեմն անտանելի է դառնում: Այդ ժամանակ աղոթում ես, որ նա սիրուհի գտնի եւ դրսում բավարարի իր պահանջները:



Դու էլ հանգիստ ապրես: Բայց հո իրեն չե՞ս կարող նման առաջարկ անել, ինքն էլ, որպես օրինավոր ամուսին, մտածում է, որ պարտավոր է իր ամուսնական պարտականությունները պարբերաբար կատարել: Որ իմանար, թե ո՜նց ես հոգնել այդ "պարտականություններից" ու ո՜նց ես երազում, որ քեզ հանգիստ թողնի... Ընդհանրապես՝ անհասկանալի է, թե ինչու է սեքսի հողի վրա մարդկությունը խփնվել: Ախր ի՞նչ կա դրա մեջ, որ էդքան շատ են խոսում, մտածում, երազում դրա մասին: Ինչքան հանգիստ ու խաղաղ կապրեր մարդկությունը, եթե դա չլիներ:



Ինչ բախտավոր են հոգեւորականներն ու միանձնուհիները, որ զրկված են դրանից: Ապրում են բնության ու Աստծու հետ հաշտ-խաղաղ: Չէ, պետք էր կուսանոց մտնել: Էդ միտքն ինձ հանգիստ չի տալիս, մանավանդ էն ժամանակ, երբ նեղանում է իմ անտարբերությունից, ու ստիպված ես ոչ միայն հանդուրժել, այլեւ կեղծել ու ձեւացնել, թե քեզ համար ինչքա՜ն լավ է...



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ