Իշխան Սաղաթելյանը 2021 թ. սեպտեմբերի 14-ին զգուշացնում էր

Իշխան Սաղաթելյանը 2021 թ. սեպտեմբերի 14-ին զգուշացնում էր

Տարբեր գործիչներ պարբերաբար զգուշացրել են այն ամենի մասին, ինչ այսօր կատարվում է, սակայն մենք չենք ցանկացել լսել դա: Ավելին` այնքան անտարբեր ու մեծամիտ ենք եղել մեր երկրի ու նրա ճակատագրի հանդեպ, որ այդ մարդկանց քարկոծել ենք, քննադատել ու վիրավորել, որ հոռետեսություն են տարածում, խանգարում են Փաշինյանական վարչախմբին երկրում խաղաղություն հաստատել, պետական քաղաքականությունն առաջ տանել: Նման կանխատեսումներ անողներին պիտակներ ենք կպցրել` օտարի գործակալ ու նախկին իշխանություն անվանել, մարդկանց ներշնչել, որ սրանք իշխանության համար են կռիվ տալիս, որ «գան` թալանը շարունակեն»:

Մեր ժամանակներում ամենից շատ քարկոծված անձանցից մեկը` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ում մեղադրում էին մարդկանց քայլեցնելու եւ տուն ուղարկելու մեջ, մի մարգարեական ելույթ է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 14-ին` խորհրդարանական ընտրություններից 2 ամիս անց, ԱԺ հայտարարությունների ժամին, որտեղ կանխատեսել է 2023-24 թվականի իրադարձությունները: 

Ահա այն.

«Սիրելի հայրենակիցներ, անցած շաբաթ լրացավ Արցախի Հանրապետության 30-րդ հոբելյանը։ Արցախի Հանրապետությունը՝ թեկուզ վիրավոր, թեկուզ խոցված ու տարածքի մեծագույն մասը կորցրած, բայց գոյություն ունի, և, չնայած Ադրբեջանի պնդումներին և ցանկությանը, Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ։ Հիմնախնդրի լուծումը չեն ազդարարել ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, ո՛չ էլ որևէ միջազգային կազմակերպություն։
Եվ ահա այս պայմաններում քննարկվում է Հայաստանի ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև խաղաղության մասին համաձայնագրեր ստորագրելու հարցը: Դատելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած քաղաքականությունից, դիրքորոշումներից և իրենց գործունեության փաստացի արդյունքներից, կարելի է եզրակացնել, որ այս ճանապարհով գնալու դեպքում ունենալու ենք նոր և ավելի ծանր կորուստներ:

Նման պայմաններում, երբ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են մեզ պարտադրել իրենց օրակարգը, երբ ակնհայտ ագրեսիա են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ, անհանդուրժելի և անընդունելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարքագիծը։ Այսքանից հետո գործող իշխանությունը հայտարարում է Թուրքիայից դրական ազդակների մասին, Սյունիքի հայկական տարածքները դավադիր կերպով կոչում է ադրբեջանական անվանումներով՝ տուրք տալով Բաքվի բռնապետի ցինիկ պահանջներին։
Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության փոխարեն Կառավարության ղեկավարը զբաղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ինքնահռչակ և իրականությունից կտրված խաբկանքներով: Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է օր առաջ հստակ, առանց աճպարարության հայտարարել Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, իհարկե, եթե թաքնված այլ նպատակ չունի: Արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումն այլընտրանք չունի: Ադրբեջանում գտնվող բոլոր գերիների անհապաղ վերադարձը, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի դուրս բերումը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգը»: