Իմ երդումը ասուլիսիդ վնաս չէ

Իմ երդումը ասուլիսիդ վնաս չէ

Գրել ենք, որ այսօր՝ մայիսի 7-ին, Կրեմլի մեծ Պալատում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը, որին չեն մասնակցելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի նաև մայիսի 9-ին՝ Մոսկվայում նախանշված Հաղթանակի օրվա շքերթին: Ըստ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի՝ շքերթին ներկա կլինեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ղեկավարները։ Ի դեպ, ռուսական մասմեդիան արդեն որոշակի շեշտադրումներ է անում այս կապակցությամբ և նշում, որ Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 79-րդ ամյակին նվիրված շքերթին կմասնակցեն բարեկամ երկրների ներկայացուցիչները։

Անկեղծ լինենք, ռուսների կողմից նման ընկալումը պաշտոնական Երևանի հետ կապված, որոշակի տրամաբանություն և հիմքեր ունի՝ հաշվի առնելով վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում նկատվող սկզբունքային հակասությունները։ Ադրբեջանի դեպքում, որի հետ Ռուսաստանն ընդգծված սերտ ու դաշնակցային հարաբերություններ է կառուցում, սա կարող է չափազանցված թվալ։ Դրա մասին է վկայում նաև Կրեմլում արված արդարացումը, թե այդ օրն Ադրբեջանում անցկացվում են Հեյդար Ալիևին նվիրված միջոցառումներ։

Ինչ վերաբերում է Պուտինի երդմնակալությանը, Կրեմլից պաշտոնապես պնդել են, որ օտարերկրյա պետությունների ղեկավարներին հրավերներ չեն ուղարկվել։ Հրավիրված են Մոսկվայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։ Թեև ըստ ռուսական կողմի՝ ղեկավարների մակարդակով հրավերներ չկան Մոսկվայից, Փաշինյանը երեք շաբաթ առաջ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե մասնակցելու որոշում չունի։ Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին այդպես էլ մինչ օրս իշխանությունը չէր հստակեցնում՝ Մոսկվայից հրավեր չկա՞ր, թե՞ Փաշինյանն էր հրաժարվում մասնակցել։

Բայց Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե իր կամակորությունների համար ոսկե միջին չընտրեր․ Հայաստանի ղեկավարը մայիսի 8-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության հոբելյանական նիստին՝ նախագահելու այն։ Այսինքն, թիվ մեկի սինդրոմը կամ սեփական անձի պաշտամունքը շարունակում է հետապնդել նրան։ Եթե հյուր, ապա՝ կարևոր։ Իր դեպքում՝ թամադա։ Ի դեպ, Ուշակովը մանրամասնել է նաև, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո կկայանա Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում, իր խոսքով, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում կուտակված բազմաթիվ հարցերին հանգամանալից անդրադառնալու նպատակով։

«Այդ երկկողմ շփումը շատ բովանդակալից կլինի, շատ հարցեր կան քննարկելու։ Վերջին շրջանում Ռուսաստանի ու Հայաստանի միջև կուտակվել են խնդիրներ, որոնք մենք հույս ունենք, թափանցիկ կերպով կքննարկեն առաջնորդները։ Հենց ինքը Փաշինյանն է ապրիլին ասել, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում: Վերջին շրջանում նկատելիորեն նվազել են մեր երկրների միջև շփումները տարբեր մակարդակներում։ Քննադատության է ենթարկվում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ՀԱՊԿ-ը», - նշել է Ուշակովը։

Պարզվում է նաև, որ մայիսի 7-ի համար, Տավուշից սկսված համազգային ցասման երթին զուգահեռ, Փաշինյանն իր սեփական օրակարգն ունի։ Կառավարությունից երեկ հայտնեցին, թե մայիսի 7-ին տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրատապ մամուլի ասուլիսը։ Ասուլիսն այս անգամ որոշել են անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Հրապարակն» արդեն գրել է, որ հրավիրված են բացառապես կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցներն ու լրագրողները։ Նաև անհասկանալի է, թե ինչու են ընտրել համալիրը, քանի որ, ըստ էության սահմանափակ թվով լրատվամիջոցներ կարող են մասնակցել, ուստի նման մեծ տարածք վերցնելը տրամաբանությունից դուրս է։

Ի դեպ, «Հրապարակին» հայտնի է դարձել, որ բազմաթիվ լրատվամիջոցների խմբագիրներ քննարկել են Փաշինյանի ասուլիսին մասնակցության հարցը, նրանցից շատերը որոշել են բոյկոտել ասուլիսը, այդ թվում «Հրապարակ» օրաթերթը։ Վերախմբագրելով հանճարեղ Ջիվանուն և ընդգծելով այս ամենի զավեշտայնությունը, կարելի է ասել՝ «Իմ երդումը ասուլիսիդ վնաս չէ»․․․