ԲԴԽ-ն երկրորդ անգամ կոտնահարի՞ դատավոր Դավիթ Հարությունյանի իրավունքները 

ԲԴԽ-ն երկրորդ անգամ կոտնահարի՞ դատավոր Դավիթ Հարությունյանի իրավունքները 

Սահմանարական դատարանը որոշել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են օրենքի խախտումներով և ԲԴԽ համապատասխան որոշումը ենթակա է վերանայման։ 

Հիշեցնենք՝ անցյալ տարվա հուլիսին Բարձրագույն դատական խորհուրդը մեկ օրում 4  դատավորի լիազորորություններ դադարեցրեց, որոնցից մեկը Դավիթ Հարությունյանն էր։ 

Կարգապահական վարույթի հիմքում Արդարադատության նախարարությունը դրել էր ԲԴԽ–ի հասցեին Դավիթ Հարությունյանի հնչեցրած քննադատությունը, այն, որ լրագրողների հետ զրույցում դատավորը հայտարարել էր, թե 20-ից ավելի դատավորի լիազորություն, տարբեր եղանակներով, իր կարծիքով, անօրինական կերպով, դադարեցվել են։ Նա նաև ասել էր, որ եթե ԲԴԽ-ում բացարձակ կոնսենսուս կա, ուրեմն, ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում են, և որ  հնարավոր չէ տասը հոգին նույն կարծիքն ունենան։
Արդարադատության նախարարությունը համարեց, որ դատավորին արգելվում է կասկածի տակ դնել որպես դատարան հանդես եկող ԲԴԽ-ի դատական ակտերը, գործողությունները, անկախությունը և անաչառությունը, ինչպես նաև չի թույլատրվում դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորել։
Դավիթ Հարությունյանը, ինչպես ինքն է գրում, «Ամանորին Ձմեռ պապիկին նամակ գրելու փոխարեն տոնական օրերն անցկացրել է` ՍԴ -ին ուղղված դիմում գրելով»։ Հունվարի 3-ին մուտքագրել է դիմումը, և մայիսի 21-ին ՍԴ-ն որոշել է վերացնել ԲԴԽ որոշումը և նոր քննություն նշանակել, որը կրկին ԲԴԽ-ն է իրականացնելու։ 

Կանխատեսում ենք, որ այն կրկին անաչառ չի լինելու։ Մանավանդ, որ մի անգամ արդեն ՍԴ-ն կայացրել էր նմանատիպ որոշում։ 2020 թվականի դեկտեմբերին ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել այն դրույթը, որով ԲԴԽ-ն դադարեցրել էր դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները։ 
Դրանից հետո Բարձրագույն դատական խորհուրդը մասնակի բավարարել է ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի պահանջը, ընդգրկել էր նրան դատավորների ռեզերվում, ապա խորամանկ քայլի գնացել՝ առաջարկել է Երևանի դատարանի դատավորին իր թեկնածությունը ներկայացնել Սյունիքի կամ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում։ Արայիկ Մելքումյանը, որը Երևանի առաջին ատյանի դատավոր էր, իսկ այդ ժամանակ արդեն ԱՄՆ-ում էր բնակվում, բնականաբար, չէր համաձայնել գնալ Տավուշ, կամ Սյունիք։ Նա անպատասխան էր թողել ԲԴԽ առաջարկը, և ժամկետն անցնելուն պես դատավորին հանել էին նաեւ ռեզերվից։ 

Ի՞նչ է սպասվում ձեր դեպքում, հարցրեցինք Դավիթ Հարությունյանին. «Երկու հիմքով է բողոքը ներկայացվել, երկու հիմքով էլ գտել են, որ իրավակիրառ պրակտիկային սխալ մեկնաբանություն են տվել։ Խոսքը վերաբերում է դռնփակ դատավարությանը, լսված լինելու իրավունքին և այլն։ Ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետև դեռ պետք է խորապես ուսումնասիրել ՍԴ որոշումը։ Հանրայնացնելու հարցն էլ դեռ չեմ որոշել։ Առաջին հայացքից գրված է՝ վերանայման ենթակա է։ Դատական օրենսգրքում հոդվածը կա, որոշակի ընթացակարգը նախատեսված է, բայց ո՞նց պետք է վերանայվի, ի՞նչ կազմով, իրավասո՞ւ են, թե՞ ոչ, ի՞նչ ժամկետներում՝ այս հարցերը պետք է խորացված նայեմ, դեռ չեմ հասցրել», - ասաց Դավիթ Հարությունյանը։ Նկատենք, որ նրան ԲԴԽ-ն թույլ չէր տվել մասնակցել իր հետ կապված վարույթի քննությանը եւ ՍԴ-ն նաեւ դա է հիմք ընդունել` որոշումը կայացնելիս:

Առայժմ նա իր ֆեյսբուքյան էջի միջոցով է միայն «հանրայնացրել» իր վերաբերմունքը, գրառում կատարելով․«Արդարադատության կարևորությունն առավելապես զգացվում, արժեվորվում է ոչ միայն այն իրականացնելիս, այլ առավելապես գնահատվում է ոչ որակյալ դատավարության բախվելիս։ Վերաիմաստավորվում է, երբ առնչվում ես արագ ու որակյալ Արդարադատության հետ։ Անցյալ տարի տեղի ունեցան կարգապահական վարույթներով դատավարություններ, որոնք քննադատության ենթարկվեցին մի շարք հեղինակավոր անձանց և կազմակերպությունների կողմից, իսկ դատավորների Եվրոպական միության կողմից որակվեցին նաև որպես Եվրոպական համընդհանուր ընդունված ստանդարտների նկատմամբ դիտավորությամբ իրականացված անարգանք ու ծաղր, բացահայտ արհամարհանք արդար դատաքննության սկզբունքների նկատմամբ: Համոզված եմ, անօրինական վերաբերմունքի արժանացող բոլոր դատավորների իրավունքները վերականգնվելու են»։

Դատավորը չի մոռացել, որ ԲԴԽ անդրանիկ տեսանյութը, որում իր լուսանկարը պատկերել են օրագրից պոկվող էջի վրա։ Չի բացառվում, որ հենց Կարեն Անդրեասյանն է այդ «ռոլիկի» ռեժիսորը, չէ՞ որ նա շատ է սիրում գերատեսչական կինոներ նկարել, դրանց վրա ծախսում է պետական փողերը ու ցուցադրում է իր այդ «կինոները» իր ու իր աշխատողների ֆեյսբուքյան էջերով, քանի որ նորմալ ԶԼՄ-ները դրանք ցույց չեն տա։ Ընդ որում՝ յուրային դատավորների մասին երկարաշունչ կինոներ են նկարում, իսկ ԲԴԽ-ին քննադատող, կոլեգաների թասիբին կանգնող դատավորներին` պախարակում ու վիրավորում, օրագրի պոկվող էջերի վրա պատկերելով։ Սա է ԲԴԽ իրական  պատկերը՝ «անաչառ» ու «օբյեկտիվ»։ Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարմանը մնացել են հաշված ամիսներ` նրա 3 տարին լրանում է, բայց թե ով է փոխարինելու նրան, որ շարունակի հնազանդեցնել դատական համակարգը, դեռեւս հայտնի չէ: