Երբ կհեռանա Փաշինյանը

Երբ կհեռանա Փաշինյանը

Հայաստանի իշխանությունն ու մերձիշխանական շրջանակներն ինչքան էլ փորձեն ցույց տալ, որ ունեն ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը, հետեւաբար` անխոցելի են ու անխորտակելի, իրականում դա բոլորովին այդպես չէ։ Այն, որ 2020 թ. պատերազմից հետո գործող իշխանությունների աջակիցների բանակն օրըստօրե նվազում է` արեւ տեսած ձյան նման հալվելով, ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Այն, որ հատկապես 2023-ից սկսած, իշխանությունների հանդեպ հանրային վստահության առումով «բարդ ժամանակներ» են վրա հասել, դա էլ գաղտնիք չէ, եւ եթե այսպես շարունակվի` ավելի բարդ ժամանակները դեռ առջեւում են։ Եվ այս ամենը տեսանելի է անգամ անզեն աչքով` առանց լուրջ քաղաքագիտական վերլուծությունների:

Պարզ ասած` 2021-ի պողպատե մանդատից մի «պ» էլ չի մնացել, եւ դա, թերեւս, ոչ ոք այնքան լավ չգիտի, որքան Նիկոլ Փաշինյանը։ Սակայն որքան էլ ՔՊ-ն եւ Փաշինյանը երկրում աջակցություն չունեն, մարդիկ նաեւ գիտակցում են, որ հանրության մոտ վստահությունը կորցրած, իր ժողովրդի կողմից ատելի իշխանությունը դեռ երկար կարող է մնալ գահին, եթե «աստղերն» իշխանափոխություն անողների համար նպաստավոր չդասավորվեն: Եվ դրա մեջ է մտնում ոչ միայն հանրային բոլորի ուժերի մեկտեղումը, այլ նաեւ գլոբալ կամ ռեգիոնալ ուժային կենտրոնների տրամադրվածությունը։ Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար անհրաժեշտ է թե՛ ներքին լսարանի կոնսոլիդացիա, թե՛ որոշակի արտաքին կոնսենսուս։

Եթե Բագրատ սրբազանի ղեկավարած շարժումը կարողանա համադրել այս երկու գործոնները, ապա Փաշինյանը, որքան էլ ջանք գործադրի, չի կարողանա ոչինչ փոխել եւ ստիպված կլինի հեռանալ։ Սա պետք է պարզ լինի ե՛ւ իշխանության մեջ գտնվողներին, ե՛ւ հանուն Հայրենիքի պայքարի ելածներին։