Իսրայելը ներխուժում է Ռաֆահ․ իրավիճակը գերլարված է

Իսրայելը ներխուժում է Ռաֆահ․ իրավիճակը գերլարված է

Երեքշաբթի վաղ առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) զրահատանկային ստորաբաժանումները մտել են Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաք։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։
Ինչպես նշում է թերթը, ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ «ճշգրիտ հարվածներ» է հասցնում ՀԱՄԱՍ-ի թիրախներին արևելյան Ռաֆահում։ 

Եգիպտական ​​հեռուստաալիքները կադրեր են ցուցադրել «Ռաֆահ» անցակետի տարածքից, որտեղ լսվում են կրակոցներ և պայթյուններ, տանկերի և ուղղաթիռների հարվածների ձայներ։

«Իսրայելի զինվորականները վերջին 24 ժամվա ընթացքում հարձակվել են պաղեստինյան արմատականների ավելի քան 50 թիրախների վրա Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի շրջանում»,-ճեպազրույցում հայտարարել է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։

Բանակի խոսնակը նաև ասել է, որ զինվորականները շարունակում են նախապատրաստվել այդ տարածքում ռազմական գործողության, և այդ պատճառով տեղի բնակիչներին կոչ են անում տարհանվել անկլավի անվտանգ շրջաններ: 
«Մայիսի 6-ի առավոտյան մենք հայտարարել ենք Ռաֆահի արևելյան հատվածից բնակչության տարհանման մեկնարկի և Ալ-Մավասիում և Խան Յունիսում հումանիտար գոտու ընդլայնման մասին՝ այդ տարածքում ցամաքային գործողության նախապատրաստման համար», - ասել է Հագարին՝ նշելով, որ այդ գործողություններն իրականացվում են Իսրայելի քաղաքական ղեկավարության ընդունած որոշումների հիման վրա։