Մոսկվա են մեկնում միայն «բարեկամնե՞րը»․ Հաղթանակի շքերթին ընդառաջ

Մոսկվա են մեկնում միայն «բարեկամնե՞րը»․ Հաղթանակի շքերթին ընդառաջ

Մի քանի երկրների, այդ թվում՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի նախագահները մայիսի 9-ին կայցելեն Ռուսաստան և կմասնակցեն Հաղթանակի շքերթին։

Այս միջոցառմամբ Ռուսաստանը կնշի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-ամյակը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ ճեպազրույցում նախօրեին տեղեկացրել է առաջիկա հյուրերի մասին։ Նրա խոսքով, արարողությանը ներկա չեն լինի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ուշակովի խոսքով, հրավիրվել են նաև ԱՊՀ-ի, Միութենական պետության, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, Զարգացման Եվրասիական բանկի, Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարները և այլ բարեկամ երկրների դիվանագիտական ​​առաքելությունների և ռազմական կցորդների ներկայացուցիչներ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շքերթին մասնակցելուց բացի նախատեսում է հանդիպումներ ունենալ Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի առաջնորդների հետ։ Բացի այդ, Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթը կայցելի Սանկտ Պետերբուրգ և կհանդիպի Դմիտրի Մեդվեդևի հետ։ Հայտնի է նաև, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 8-ին աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան, կհյուրընկալվի Հաղթանակի շքերթին և կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Ի դեպ, ինչպես նշել է Ուշակովը, Եվրասիական տնտեսական միությունում նախագահող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգլխավորի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 8-ին Մոսկվայում։«Նիստը նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման օրվան», -նշել է նա։