«Հրապարակ». Միջազգային կոնֆերանսից հրաժարվելը՝ հօգուտ Ադրբեջանի, լուրջ զիջում է դիվանագիտական ճակատում

«Հրապարակ». Միջազգային կոնֆերանսից հրաժարվելը՝ հօգուտ Ադրբեջանի, լուրջ զիջում է դիվանագիտական ճակատում

Ինչպես հայտնի է, այս տարվա նոյեմբերին Ադրբեջանում մեծամասշտաբ միջազգային կոնֆերանս է սպասվում։ Բաքուն պատրաստվում է ընդունել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը՝ COP 29-ը, ինչը հնարավոր է դարձել Հայաստանի իշխանությունների շնորհիվ։ Այդ օրերին հազարավոր գործարարներ, կլիմայի եւ մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներ ու քաղաքական գործիչներ աշխարհի 198 երկրից այցելելու են Բաքու, ինչն Ալիեւին հերթական անգամ քաղաքական դիվիդենտներ ստանալու հնարավորություն է տալու։ 

COP 29-ը Բաքվում անցկացնելու որոշումն ընդունվել է բնապահպանական թատրոնով սկսված Արցախի անմարդկային շրջափակումից, ապա էթնիկ զտումից հետո։ Ադրբեջանական մամուլն արդեն հասցրել է հպարտանալ, թե «որոշումն ընդունվել է տեղական հակաահաբեկչական միջոցառումներից երկուսուկես ամիս անց, ինչը վկայում է համաշխարհային հանրության աջակցության մասին»։ Մինչդեռ Ադրբեջանն այդտեղ էլ է հաջողել հենց Նիկոլ Փաշինյանի զիջողական կեցվածքի արդյունքում․ Հայաստանը հետ է վերցրել իր հայտը՝ COP 29-ը Երեւանում անցկացնելու մասին։

Դեռ 2023թ․ դեկտեմբերին Փաշինյանի ու Ալիեւի աշխատակազմերը համատեղ հայտարարություն տարածեցին, որից տեղեկացանք, որ Բաքուն վերադարձնում է 32 հայ գերիների՝ 2 ադրբեջանցի զինծառայողի փոխարեն, որոնք իրականում դիվերսանտներ էին, մեկը դատապարտված էր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանելու համար։ Նույն տեքստում նշվում էր, որ, «որպես բարի կամքի քայլ», Հայաստանն աջակցում է COP 29-ը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին եւ հանում է իր թեկնածությունը։ Բացի թեկնածությունը հանելուց, Հայաստանը նաեւ վետոյի իրավունք է ունեցել, ինչից նույնպես հրաժարվել է։
Միջազգային հարաբերություններից ու դիվանագիտությունից քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, իրականում սա լուրջ զիջում է դիվանագիտական ճակատում։ «Հայաստանն ուներ վետոյի իրավունք, ինչը միանշանակ պետք է կիրառեր եւ Ադրբեջանին հնարավորություն չտար, որ նա դառնար լուրջ խաղացող։ Եթե դրա դիմաց Ադրբեջանը 32 ռազմագերի է վերադարձրել, դա պետք է հստակ ասվեր, որը հիմք կտար պնդելու, որ տվյալ դեպքում մենք խնդիր ունենք պատանդառության հետ, որովհետեւ, ըստ էության, նրանք ոչ թե ռազմագերի են վերադարձրել, այլ մարդկանց տարել են իրենց մոտ, ասում են՝ չհամաձայնեք, բաց չենք թողնի։ Դա ինքնին միջազգային հանցագործություն է։ Բայց սրա մասին չի խոսվում»,- ասում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, սա նույն տրամաբանությունն է, ինչ հայտարարությունները, թե եթե հողերը չզիջենք, պատերազմ կլինի։ «Եթե Ադրբեջանը նման բան է ասում, դա հանցագործություն է, ու պետք է դրանից բխող գործողություններ լինեին։ Խոսքը չի վերաբերում նրան, որ եթե այդպես է, մենք պետք է զորք ուղարկենք կռվելու, բայց, առնվազն, միջազգային հարթակներում չէր կարող լինել այս պրոցեսը՝ համեստ «բանակցություններ» եւ հողերի հանձնում։ Դա նույնն է, որ Ադրբեջանը ցանկանա մտնել ԵԱՏՄ, Հայաստանն ասի՝ խնդիր չկա, մտի։ Այս մոտեցումն ինքնին արդեն իսկ լուրջ պրոբլեմ է, դա հսկայական զիջում է, որովհետեւ բավականին լուրջ համաշխարհային միջոցառում է, համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում գտնվող զիջում է։ Այստեղ նաեւ շատ ալեգորիաներ ու սիմվոլիկա կա։ Ադրբեջանը, որը, ըստ էության, Արցախի հարցը սկսեց լուծել ֆեյք բնապահպանական շարժման միջոցով, հիմա բնապահպանական միջոցառում է ընդունում։ Էլ չեմ ասում, որ եթե դիտարկենք նրա կողմից նավթի մշակման շրջաններում էկոլոգիական աղետի տարրերը, պատկերը հեչ ուրախալի չէ, բայց ՀՀ իշխանությունը, փոխանակ նորմալ պրոցես սկսի, մտել է ինչ-որ անհասկանալի դաշտ եւ այդ դաշտում զիջում է հնարավոր ամեն ինչ»,-արձանագրում է «Հրապարակ»-ի զրուցակիցը։
Նա օրինակ է բերում՝ նույն կեցվածքը Փաշինյանի իշխանությունը դրսեւորում է Հունգարիայի հետ հարաբերություններում։ Հունգարիան, որը թուրքական ազդեցության երկիր է, խախտելով միջազգային իրավունքը, Ադրբեջանին արտահանձնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, մինչդեռ օրվա իշխանությունը Հայաստանում որոշեց անտեսել այդ հարցն ու վերականգնեց Հունգարիայի հետ խզված դիվանագիտական հարաբերությունները, ու այդ ֆոնին նույն Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը։ 
«Եթե ես հավատայի, որ Հայաստանի իշխանության գործողությունները քրիստոնեական սիրո դրսեւորում են, որ մի այտին խփում են, մյուսն է դեմ տալիս, կասեի՝ լավ, գոնե դա է, բայց եթե դա այդպես է, ապա այդպես պետք է լիներ բոլոր ֆրոնտներում, մինչդեռ ՀՀ քաղաքացիների նկատմամբ չկա այդ վերաբերմունքը։ Ֆունդամենտալ խնդիրը սա է՝ իշխանությունը չի կարող ՀՀ քաղաքացիների նկատմամբ ունենալ մի վերաբերմունք՝ չլինի ներող, պետական փողը ծախսել, որպեսզի ՀՀ քաղաքացիներին պախարակեն, սուտ տեղեկություններ տարածի եկեղեցու, քաղաքական գործիչների մասով, եւ մեր վճարած հարկերից նույն Ադրբեջանի նկատմամբ լինի մյուս մոտեցումը»,- ասում է մեր զրուցակիցը։
Ի դեպ, հենց բնապահպանական տեսանկյունից Ադրբեջանը լրջագույն խնդիրներ ունի։ Ապշերոնի թերակղզու տարածքն աղտոտված է նավթով եւ նավթամթերքով, բերիլիումով, կապարով, ուրանով։ Ըստ ուսումնասիրությունների, աղտոտված տարածքը կազմում է 21,3 հազար հեկտար (TASIS 2009), բայց իբրեւ թե «բնապահպանական» խնդիրներով մտահոգ, իրենք կրակում էին Երասխում կառուցվող ամերիկյան գործարանի ուղղությամբ։ «Եթե բացեք քարտեզը, կտեսնեք, թե Ադրբեջանը կոնկրետ ինչ է ուզում։ Նա ուզում է, որ Նախիջեւանի եւ Թուրքիայի միջեւ կապը լինի ոչ թե այդ բարակ հատվածով, այլ մի քանի կմ խորությամբ՝ ամբողջ կտորով։ Ադրբեջանն ասելու է՝ դա իմ տարածքն է, իսկ ՀՀ իշխանությունն ասելու է՝ Հայաստանից մենք տարածք չենք հանձնում։ Փաշինյանը շատ հստակ ասել է՝ հանձնելու ենք Տիգրանաշենը, Ոսկեպարի ներքին գյուղերը, Արծվաշենը կարող է վերցնենք, կարող է չվերցնենք, քանի որ Ջերմուկի հատվածում բնակավայր չէ, կարող է հետ չտան»,- նշում է բանախոսը։ 
Միջազգային հարաբերությունները հավասարների միջեւ իրավունքներ են ենթադրում, իսկ դա ինքնին նշանակում է բալանսավորում ՝ դիվանագիտությունը, միջազգային իրավունքը, տնտեսական հարաբերությունները կարող են բալանսավորել այդ հարաբերությունները։ Բայց Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, ինչպես ամեն օր վկայում են փաստերը, բալանսը կոպտորեն խախտված է։
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում դավաճանական մոտեցումն է, ՀՀ անունից տեղի է ունենում պետական դավաճանություն՝ «Հայաստանին՝ որքան վատ, այնքան լավ» սկզբունքով, ուղղակի ասում են՝ այնքան վատ չանենք, որ միանգամից կործանվենք, կտոր-կտոր անենք։ Այս ամենը տեղի է ունենում կոդերով, խոսելով, մարդկանց վախերի վրա աշխատելով»,- եզրափակում է «Հրապարակ»-ի զրուցակիցը։