Այսօր Պուտինը 5-րդ անգամ կերդվի ՌԴ նախագահի պաշտոնում

Այսօր Պուտինը 5-րդ անգամ կերդվի ՌԴ նախագահի պաշտոնում

Վլադիմիր Պուտինի՝ վերջին քառորդ դարում Ռուսաստանի նախագահի պաշտոնում հինգերորդ երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 7-ի կեսօրին՝ Կրեմլի մեծ պալատում:

Դրանից հետո Պուտինը իրավունք կունենա մնալ պետության բարձրագույն ղեկավարի պաշտոնում ևս 6 տարի՝ մինչև 2030 թվականի մայիսի 7-ը, իսկ իր հինգերորդ նախագահական ժամկետի ավարտին նա կարող է համարվել Իվանի Ահեղից և Եկատերինա II-ից հետո Ռուսաստանի ամենաերկարամյա իշխող ղեկավարը։ Պուտինը վաղուց ծանոթ է երդմնակալության արարողությանը, քանի որ նա արդեն չորս անգամ ընտրվել է նախագահ՝ 2000, 2004, 2012 և 2018 թվականներին։

Ակնկալվում է, որ այս տարի արարողությունը, ինչպես նախկինում, կանցկացվի հազարավոր հյուրերի ներկայությամբ, սակայն նրանց մեջ մի փոքր ավելի քիչ կլինեն օտարերկրացիները. մի շարք ոչ բարեկամ երկրների դիվանագետներ հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել Կրեմլում նախանշված տոնակատարություններին։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն․ օրինակ, դեմ է արտահայտվել այս միջոցառմանը ԵՄ դեսպանների մասնակցությանը։ Այնուամենայնիվ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախօրեին ասել էր, որ Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչությունների բոլոր ղեկավարները հրավեր են ստացել։

Նախորդ երդմնակալությանը հրավիրված էր մոտ հինգ հազար մարդ, այդ թվում՝ գործադիր, օրենսդիր, դատական ​​իշխանության, խոշոր կրոնական ուղղությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, Սուրբ Անդրեաս Առաքյալի և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ, Ռուսաստանի հերոսներ, գործարար շրջանակներ, գիտության, մշակույթի, սպորտի գործիչներ, կամավորներ և օտարերկրյա դիվանագետներ։

Կրեմլի տարածքը մայիսի 7-ին փակ կլինի այցելուների համար, իսկ երդմնակալությունը ուղիղ եթերով կհեռարձակեն ռուսական հեռուստաալիքները։ Հավելենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն մասնակցելու իրենց ռուս գործընկերոջ ինագուրացիային։