96 հոգու բերման են ենթարկել, 7-ը ՁՊՎ-ում են` ատելության խոսքի մեղադրանքով

96 հոգու բերման են ենթարկել, 7-ը ՁՊՎ-ում են` ատելության խոսքի մեղադրանքով

ԱԺԲ անդամներին երթի ժամանակ ոստիկանությունը` բիրտ ուժ կիրառելով, բերման էր ենթարկել։

«Հրապարակի» հետ զրույցում ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանն ասաց, որ ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 96 հոգի։ «96 հոգուց 7-ին քրեական հոդվածով՝ ինչ-որ ատելության խոսք և այլն՝ հիմա գտնվում են կալանավորվածների պահպանության վայրում»,-ասաց Գասպարյանը։ Նրանց մեղադրանք առաջադրվե՞լ է, ասաց, որ մանրամասներին տեղյակ չի` հավանաբար կառաջադրվի։ 

«Մամուլից որքան տեղյակ եմ, այդ հոդվածն է, փաստաբանները այդպես են ասում։ Նոնսենսն այն է, որ դա կապում են Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցածի հետ, բայց այնտեղ մարդիկ կան, որ այդ պահին նույնիսկ ներկա չեն եղել Ծիծեռնակաբերդում»,-տեղեկացրեց Գասպարյանը։ Սա քաղաքական հետապնդո՞ւմ են որակում, թե՞ մարդկանց վախեցնում են, ահաբեկում, որ մյուս անգամ չմասնակցեն որևէ հակաիշխանական ակցիայի։ 

«Սա բևեռի քաղաքական հետապնդում, հրեշացում է և երկրում վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի օր օրի, ժամ առ ժամ ժողովրդի բարձրացող դժգոհության ալիքը կասեցնեն»,-ասաց Գասպարյանը։ 
96 հոգուն բերման ենթարկելը շատերը կապեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին ուղղված վանկարկումների հետ` իշխանությունը առավելապես խստորեն է պատժում Փաշինյանի կնոջ հասցեին ասված ամեն մի խոսք․ «Ես կարծում եմ, որ չի բացառվում, որ դա էլ է դեր խաղացել, ինչ-որ վրեժխնդրության մոմենտ կա, իհարկե։ Չեմ կարող պնդել, չեմ էլ կարող բացառել, բայց, այնուամենայնիվ, հիմնական պատճառը համարում եմ երկրում վախի մթնոլորտ ստեղծելը։ Այսինքն, ես կարծում եմ, որ եթե Աննա Հակոբյանի հետ այդ միջադեպը չլիներ՝ մենք էլի կտեսնեինք նման վերաբերմունք։ Հետաքրքիրն այն է, որ մենք նույնիսկ դեռ ոչինչ չէինք արել, խաչմերուկ չէինք փակել: Եւ առանց պահանջ ներկայացնելու, որովհետև պարտավոր են սկզբից պահանջ ներկայացնել, հետո ժամանակ տալ` այդ պահանջը կատարելու համար, այնինչ, մենք հենց եկանք ու այդ խաչմերուկ թեքվեցինք՝ հարձակվեցին և սկսեցին բերման ենթարկել, ընդ որում բիրտ ուժով՝ մարդկանց ծեծելով, գետնին գցելով և այլն»։ Վնասվածքներ ստացողներ եղե՞լ են. «Ո՞նց կարող է չլինել»: Ասաց, որ իրեն էլ են փորձել բերման ենթարկել, ձեռքերից բռնած քաշել են, սակայն տղաները «պոկել են» ոստիկանների ձեռքերից։