ՊԵԿ-ը մտել է Միհրան Պողոսյանի հետ կապված ընկերություններ

ՊԵԿ-ը մտել է Միհրան Պողոսյանի հետ կապված ընկերություններ

«Հրապարակը» ժամեր առաջ գրել էր, որ ապրիլի 26-ի առավոտից մի շարք ընկերություններում, որոնք կապված են Միհրան Պողոսյանի հետ, հարկայինը իրականացնում է օպերատիվ միջոցառումներ, փորձելով ստանալ տեղեկատվություն` դրանց գործունեության վերաբերյալ։ Հարցաքննում են աշխատակիցներին, համակարգիչներից վերծանում են տեղեկատվությունը և այլն։ Այս պահի դրությամբ ընկերությունների մի մասի աշխատանքը խաթարված է։ Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունից հաստատեցին մեր տեղեկատվությունը: 
Ըստ ամենայնի, պետական մարմինների կողմից այս արշավը կապված է Պողոսյանի քաղաքական ակտիվության, մասնավորապես, իր կողմից հիմնադրված «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անհնազանդության ակցիաների հետ, ուղղված իշխող վարչախմբի վարած քաղաքականության դեմ։ Մասնավորապես, ապրիլի 26-ին կուսակցության ակտիվիստները պարալիզացրել էին երթևեկությունը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում և Ազատության պողոտայում, մի շարք փողոցներ արգելափակելով։

«Ապօրինությունները այս վարչախմբի գործելաոճն են թե՜ երկրի ներսում, թե՜ արտաքին քաղաքականության ոլորտում, իսկ տվյալ դեպքում դրանք վկայում են վարչախմբի վախի մասին», - ասում է կուսակցությունից մեր աղբյուրը, անլուրջ համարելով այս «հարկային տեռորը»։

ՊԵԿ-ը մեկնաբանեց մեր տեղեկությունները. «Պետական եկամուտների կոմիտեի բոլոր ստուգումներն իրականացվում են ռիսկերի գնահատման հիման վրա։ ՊԵԿ-ը, տարբեր գործիքակազմերի կիրառմամբ, մշտապես իրականացնում է տնտեսվարող սուբյեկտների հարկային ռիսկերի ուսումնասիրություններ և  վերլուծություններ: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը, ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, կարող է իրականացնել ստուգումներ: ՊԵԿ-ի օրինական գործողությունների հետ կապված շահարկումներն անընդունելի են»: