Տավուշի մարզում ընթացող գործընթացն ամբողջությամբ հակասահմանադրական է. Արդար Հայաստան 

Տավուշի մարզում ընթացող գործընթացն ամբողջությամբ հակասահմանադրական է. Արդար Հայաստան 

Հարգելի՛ հայրենակիցներ Ս.թ ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակված հայտարարությամբ, ըստ էության, մեկնարկել է երկու երկրների միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացը, թեև այն հանգամանքին, որ նույն հայտարարության մեջ ընդգծվել է, որ մինչև ս.թ. հուլիսի 1-ը դեռևս պետք է ավարտին հասցնել պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն: Սա նշանակում է, որ նշված կանոնագրքի՝ Ազգային Ժողովի կողմից վավերացնելուց հետո նոր միայն պետք է իրականացվի սահմանազատման գործընթաց։ Թեև վերը նշվածին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն, այսինքն՝ առանց Ազգային Ժողովի կողմից վավերացված կանոնագրքի՝ այս պահին փաստացիորեն տեղի է ունենում սահմանազատման գործընթաց։ Հարգելի՛ հայրենակիցներ «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ ՀՀ կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կոպտորեն խախտելով ՀՀ սահմանադրության 6-րդ, 116-և և 205-րդ հոդվածների պահանջները, դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից, ուստի ներկայումս Տավուշի մարզում ընթացող գործընթացն ամբողջությամբ հակասահմանադրական է։ Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ ցանկացած համաձայնագիր կամ պայմանագիր ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածով սահմանված կարգով ենթակա է վավերացման ՀՀ Ագային Ժողովի կողմից... «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ կետի ուժով՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների որոշման /Դելիմիտացիա/ և սահմանագծի անցկացման /Դեմարկացիա/ իրականացման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը միջազգային պայմանագիր է, որը շոշափում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքական բաղադրիչ, հետևաբար պարտադիր ենթակա է վավերացման ԱԺ-ի կողմից, որովհետև դրա հետևանքները, ըստ էության, վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը, և ընդհանուր առմամբ ամբողջովին պաշտպանական համակարգին: Ուստի՝ ՀՀ կառավարության, կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կա՛մ փոխվարչապետի կողմից որևէ ստորագրված փաստաթուղթ Ադրբեջանի հետ դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու համար, ենթակա է վավերացման ՀՀ Ազգային Ժողովի կողմից, քանի որ հանդիսանում է միջազգային պայմանագիր: Ավելի՛ն, ՀՀ Ազգային ժողովը կարող է ոչ միայն վավերացնել, այլև ԿԱՍԵՑՆԵԼ կամ ՉԵՂՅԱԼ հայտարարել նշված միջազգային պայմանագիրը: Եթե ՀՀ կառավարությունն առանց Ազգային Ժողովի վավերացման, ձեռնարկել է սահմանզատման գործընթաց, ապա պարտավոր է հիմնավորել, որ ս.թ. ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունը միջազգային պայմանագիր չէ։ Այդ դեպքում պետք է հիմնավորվի նաև, թե ՀՀ վարչապետը կամ փոխվարչապետը կոնկրետ ո՞ր իրավասությամբ են առաջնորդվում այդպիսի որոշումներ կայացնելիս կամ փաստաթուղթ ստորագրելիս, քանի որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված կարգով ի իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ավելի՛ն, պետք է հանրությանը հիմնավորվի, թե այդպիսի պայմանավորվածությունն իրավական առումով ի՞նչ կարգավիճակ ունի, եթե միջազգային պայմանագիր չէ: Սիրելի՛ հայրենակիցներ «Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջում է ՀՀ կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ընթացող գործընթացը միակողմանի զիջում է։ Ադրբեջանը ստանում է տարածքներ՝ Հայաստանը՝ ոչինչ՝ ակնկալելով բացառապես Ալիևի ողորմածությանը։ Այսպես հնարավոր է մի դեպքում, երբ գործող իշխանությունը հայտնվել է փակուղային իրավիճակում, չգիտի իր անելիքը և փորձում է վեցամյա գործունեության ձախողումներն արդարացնել «Խաղաղության դարաշրջանի» շղարշի տակ։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ իր կողմից ձեռնարկված այս խիստ կասկածելի, հակաօրինական ու որևէ կերպ չերաշխավորված գործընթացի տապալումը իր իշխանության տապալումն է։ Գործող իշխանության միակ «դաշնակիցը» մնացել է մինչև վերջ ողնաշարը ջարդված հասարակության անտարբերությունը, սակայն հասարակության լռությունը գործող իշխանության հետ համաձայն լինելը չէ։ Պարզապես եթե ժողովուրդն իսկապես խաղաղություն է ուզում, ապա գործող իշխանությունն այն շփոթել է պարտության հետ, ամեն ինչ հանձնելու հետ, հակառակորդի բոլոր պահանջները անվերապահորեն կատարելու հետ… Բավակա՛ն է։ Ի՞նչ է Ձեր ուզածը։ Չե՞ք տեսնում, որ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, որ Դուք անկարող եք համակարգային որևէ խնդիր լուծել, չե՞ք հասկանում, որ Դուք ի վիճակի չեք կատարել Ձեր թիվ մեկ ու հիմնական առաքելությունն ու սահմանադրական պարտականությունը՝ ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը, վերջնահաշվում այն զավթելը՝ կործանելով Հայաստանի Հանրապետությունը։ Տավուշում հիմա ձայն չեն հանի, ավելի՛ն, լուռ կհետևեն, հանդես կգան խաղաղասերի դիրքերից, իբրև թե համաձայն են դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին, իրականում ստանալով հնարավորը՝ չեն զիջի ոչինչ։ Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան Վայոց Ձորի ու Սյունիքի հատվածներում՝ վիժեցնելով իբրև թե ընթացող խաղաղ կարգավորման գործընթացը։ Չհասկանալ այս պարզ իողությունը, նշանակում է ոչինչ չհասկանալ տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակությունից, և մեծ խաղացողների հետապնդած ռազմավարական շահերից, կամ լինել սեփական շահերը ոտնակոխ անող «Խաղաղասեր»։ Սիրելի՛ հայրենակիցներ «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում պետք է հստակեցվի, թե՞. 1. Կողմերը ո՞ր թվականի քարտեզներով են առաջնորդվում։ 2. Ադրբեջանը պետք է աներկբայորեն հայտարարի, որ իր զորքերը հնարավորինս սեղմ ժամկետներում դուրս է բերում ՀՀ զավթված բոլոր տրածքներից։ 3. Մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի հաստատումը, ներկայումս ընթացող անօրինական գործընթացը պետք է դադարեցվի, իսկ կանոնագրքի հաստատումից հետո երկու կողմից էլ հնարավոր տարածքների վերադարձն ու հստակեցման գործընթացը պետք է տեղի է ունենա միաժամանակ։ Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ «Արդար Հայաստան» կուսակցությունը քննարկում է ՀՀ կառավարության ու ՀՀ վարչապետի՝ վերը նշված հարցերի կապակցությամբ ընդունված որոշումները ՀՀ սահմանադրական ու ՀՀ վարչական դատարաններում վիճարկելու իրավական հնարավորությունները։

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ 26.04.2024թ.