Մեզ ասում էին՝ կլինի մեզ թուրք չասեք, գիտեք մեզ շա՞տ է դուր գալիս

Մեզ ասում էին՝ կլինի մեզ թուրք չասեք, գիտեք մեզ շա՞տ է դուր գալիս

«Միասին» շարժման անդամ, Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ապրիլի 25-ին իրենց շարժման անդամներից երեք կնոջ են բերման ենթարկել եւ մեկ տասնյակից ավելի տղամարդկանց։ Բոլորին էլ ժամը 16.00-ին բաց են թողել՝ 3 ժամը լրանալուն պես։ «Նրանց այցելել են պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ՄԻՊ-ի ինչ-որ ներկայացուցիչ, մերոնց ներս չեն թողել։ Հետո մերոնք գրել են, որ իրենք ոչ մի հակաիրավական քայլ թույլ չեն տվել, որից հետո և կանանց, և տղամարդկանց բաց են թողել»,-ասաց Դիլբարյանը։ 

Հարցին, հնարավո՞ր է այս մարդկանց դեմ ինչ-որ գործընթացներ ծավալեն՝ վարույթներ հարուցեն, վախեցնելու համար, ասաց, որ իրենք խորհրդակցել են փաստաբանների հետ, և բոլորին զգուշացրել, որ ազատ արձակվելուց գրեն, որ իրենք ոչ մի օրինախախտում թույլ չեն տվել։ «Նրանք գրել են դա, չեն համաձայնել իրենց ներկայացված, այսպես ասեմ, մեղադրանքին, որ իրենք հասարակական կարգ են խանգարել և չեն ենթարկվել իրավապահ մարմիններին, որից հետո` մերոնց բացատրությամբ. եթե ավտոբուսում եղել է բավականին կոպիտ և հեգնական վերաբերմունք, ապա բուն Կենտրոնի ոստիկանական բաժանմունքում նրանց հանդեպ եղել են զուսպ և առանց որևէ ավելորդությունների։ Ավտոբուսի մեջ փորձել են ծաղրել, հեգնել, շատ կոպիտ են պահել, հեռախոսներն են խլել, դե իսկ ձերբակալության հատվածը տեսաք որքան ահասարսուռ էր»,-ասաց շարժման ներկայացուցիչը, նշելով, որ անհանգստություն ունեն, որ մյուս գործողությունների արդյունքում այդ մարդկանց կարող են կրկնահանցագործության մեջ մեղադրել, բայց այդ մասին հստակ բան ասել դեռևս չի կարող։ 

«Այնտեղ զգուշացրել են, որ երկրորդ անգամ արդեն կասեն, որ բերման ենթարկվածները շարունակում են չենթարկվել և այլն: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները՝ դժվար է ասել։ Մենք ունենք առերեւույթ հիմնավոր կասկած, որ իրենք այս ճանապարհով փորձում են մարդկանց վախեցնել։ Նրանք այսպես կաթիլ-կաթիլ հավաքում են, հորինովի շինծու մեղադրանքներ սարքում, որից հետո, այո, կարող են անցնել առավել վճռական գործողությունների։ Հատկապես ես տեսա, որ իրենք լավ տիրապետում էին մարդկանց առևանգելու արվեստին։ Գործողության ամենասկզբում մեր տղամարդկանց այնպիսի ապշեցուցիչ արագությամբ պարզապես չեզոքացրին, որ ես չեմ էլ նկատել։ Հրաշալի առևանգում են։ Նրանք հրաշալի տիրապետում են մարդկանց առևանգելու, նրանց շինծու մեղադրանքներ ներկայացնելու արվեստին, իսկ դրանից ես ենթադրում եմ, որ դա հետագայում կարող է լինել քաղաքական հետապնդում»,-ասաց Դիլբարյանը։ Վերջինս համոզմունք հայտնեց, որ այդպիսով ցույց էին տալիս, որ եթե դուք դուրս գաք ձեր սահմանադրական իրավունքն իրացնելու, իսկ իրականում իշխանությանը քննադատելու՝ ձեզ կտանեն։ «Այս անգամ «բարեգութ» գտնվեցին, բայց ձերբակալելու ընթացքում այնպես էին սեղմել ձեռքս, որ ամբողջ աջ ձեռքիս վրա կապտուկներ էին, ինձ թույլ չէին տալիս շփվել մերոնց հետ»,-ասաց Դիլբարյանը։ Նա մեզ հետ զրույցում չէր դադարում զարմանք արտահայտել բերետավորների ու ոստիկանության աշխատակիցների կողմից կայծակնային արագությամբ մադրկանց բերման ենթարկելու հմտության առնչությամբ։ Նա շեշտեց, որ ապշել էր, թե ինչպես են ուժայինները առաջին ՄԻՊ-ին՝ 70-նն անց Լարիսա Ալավերդյանին կոպիտ քաշքշում և եթե չլինեին մյուս մասնակիցների հետևողականությունը՝ թերևս Ալավերդյանին էլ բերման կենթարկեին։ 

«Մեզ շատ օգնեցին լրագրողները, Արմենուհի Կյուրեղյանին էլ էին ուզում քաշքշել, լրագրողները և մենք՝ գործողության մասնակիցներս էինք բղավում, որ նա պատգամավոր է, ունի անձեռնմխելիություն, մեր առաջին ՄԻՊ-ն է, վաստակաշատ տարիքի կին է։ Գիտեք, ոչ միայն օրենքի հանդեպ հարգանք չկա, այլև բացահայտ ոտնահարում են` իրենց վերադասի հրամանով, այլևս հարգանք տարիքի, մարդկանց վաստակի, սեռի նկատմամբ։ Կարող են ձեռքդ այնպես բռնել, որ ձեռքդ դուրս կընկնի»,-ասաց Նարինե Դիլբարյանը։ Վերջինիս զարմացրել է նաև այն, որ այդքանից հետո ուժայինները խնդրում էին իրենց թուրք չանվանել՝ ապշեցուցիչ մարդիկ են, ասաց Դիլբարյանը։ «Մեզ ասում էին՝ կլինի մեզ թուրք չասեք, գիտեք մեզ շա՞տ է դուր գալիս։ Ասում էինք, իսկ այդ դեպքում ինչո՞ւ եք այդպես վարվում՝ ասում էին` մեզ հրամայել են, որ գնաք այդպես չենք անի։ Մեկն էլ ինձ հայտարարեց՝ եկել եք մեր քթի տակ ուզում եք ակցիա անեք։ Երևի նկատի ուներ ոստիկանության շենքը Չարենցի խաչմերուկում։ Մի խոսքով աբսուրդ իրավիճակ էր։ Ցանկացած նման գործողություն, իսկ դա կոչվում է կանխարգելիչ ահաբեկում, արվում է, որ մարդկանց ահաբեկեն՝ տեսեք, մենք կարող ենք ձեզ հետ այսպես վարվել, այս անգամ կիսով չափ այսպես վարվեցինք, բայց ես էլ մտածում եմ, որ այդ գործողությունները եթե դառնան շարունակական և համակարգային, որտեղի՞ց են գտնելու այդքան տեղ՝ ապօրինի ձերբակալվածներին տեղավորելու համար և արդյոք կգտնվե՞ն այդքան նվաստ ոստիկաններ։ Ես մտածում եմ, որ եթե ակցիաները շարունակական լինեն՝ նվաստության նշաձողն էլ այսպես անվերջ չի կարող իջնել՝ այսինքն, դրանք ակնհայտ ունեին ահաբեկման նպատակ, մարդկանց զգուշացնելու, որ դուրս մի եկեք, տեսակետ մի հայտնեք, այնինչ մարդիկ շենքերից, պատուհաններից էին աջակցություն հայտնում»,-ասաց Դիլբարյանը։ 

Դիլբարյանը պատմեց, որ տիեզերական արագությամբ ու անասելի ապօրինությամբ ոստիկանության աշխատակիցները առևանգեցին ճանապարհը սեփական մեքենայով փակած կնոջը, իսկ երբ նայում է ԱՄՆ-ի գնահատականը՝ Հայաստանի ժողովրդավարության նահանջը և Freedom House-ի զեկույցը, հասկանում է, որ․ ««Քաղաքացիական պայմանագիր» կոչվող, իսկ իրականում «Նիկոլի պայմանագիր» կուսակցության անդամները այդպես էլ շարունակելու են` իրենց համար ոչ Freedom House-ն է կարևոր, ոչ Միացյալ Նահանգները, ոչ առավել եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացին»։