Ռուսաստանում մտադրություն կա վերականգնելո՞ւ մահապատիժը

Ռուսաստանում մտադրություն կա վերականգնելո՞ւ մահապատիժը

Ռուսաստանում, հատկապես Կրոկուս Սիթի Հոլի ահաբեկչությունից հետո, փոխվել է մահապատժի հանդեպ վերաբերմունքը, եւ հասարակության շրջանում որոշակի բեւեռային վերաբերմունք է առաջացել որոշ հանցանքների նկատմամբ: Ընդհանուր մտայնությունները հաշվի առնելիս, քաղաքական գործիչները, ամենայն հավանականությամբ, այս հարցին դեռ մեկ անգամ չէ, որ անդրադառնալու են։

Ինչպես գրում է nezigar տելեգրամյան ալիքը, Russian Field-ի անցկացրած սոցհարցումները ցույց են տալիս, որ ռուսների մեծ մասը՝ 53 տոկոսը, կողմ է մահապատժի վերականգնմանը։ Դեմ է ռուսների 39 տոկոսը։ Եվս 7 տոկոսը դժվարանում է պատասխանել հարցին։ Մահապատժի վերականգնման օգտին, ընդ որում, առավել շատ հանդես են գալիս փոքր քաղաքների եւ գյուղերի բնակիչները, ինչպես նաեւ՝ ըստ սեռային կազմի՝ տղամարդիկ։ 18-29 տարեկանների շրջանում մեծ մասը՝ 60 տոկոս, համամիտ չէ մահապատժի վերականգնման առաջարկին։ Ըստ տարիքային խմբերի, մահապատժի դեմ հանդես եկողների տոկոսային համամասնությունը նվազում է տարիքի աճին համապատասխան, եւ արդեն 60+ տարիքային խմբում մահապատժի վերականգնմանը դեմ է հարցվածների 30 տոկոսը, իսկ 63 տոկոսը կողմ է մահապատժի վերականգնմանը։

Ամենաշատը հարցվածները կարծում են, որ մահապատժի պետք է ենթարկել մանկապիղծներին՝ 57 տոկոս, սպանության մեջ մեղավոր ճանաչվածներին՝ 56 տոկոս, եւ ահաբեկիչներին՝ 46 տոկոս։ Բռնաբարության համար մահապատիժ սահմանելու կողմնակիցները 23 տոկոս են, սերիական մարդասպանների պարագայում մահապատժի ենթարկելուն կողմ է հարցվածների 22 տոկոսը։ Գողության եւ կոռուպցիայի համար մահապատժի կողմնակիցները 13 տոկոս են կազմել հարցվածների, պետական դավաճանության, լրտեսության կամ դասալքության համար մահապատիժ սահմանելու կողմնակիցները եղել են կրկին 13 տոկոս։ Ուշագրավ է, որ կանայք մահապատժի կողմնակից են այնպիսի հանցատեսակի դեպքում, ինչպիսին մանկապղծությունն է, տղամարդիկ՝ ահաբեկչության։

Ամփոփելով վիճակագրությունը ըստ տարբեր պարամետրերի, մասնագետները նշում են, որ «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը զգալիորեն ազդել է մահապատժի վերականգնման կողմնակիցների համամասնաբար աճի վրա։ Իսկ, առհասարակ, վերջին մի քանի տարիներին հասարակական տրամադրություններում ավելի իշխում է խստացումների կողմնակիցների թվաքանակը։ Սա եւս ազդում է, որպեսզի մահապատժի կողմնակիցների տեսակարար կշիռն աճի։ Մասնագետները նաեւ նկատում են, որ որոշակի ազդակների ազդեցությամբ, քաղաքացիները, հատկապես ոչ երիտասարդները, բռնությունը, խիստ պատիժը դիտարկում են որպես կարգավորիչ մեխանիզմ, սակայն երիտասարդության մոտ այլ տեսակետ կա, եւ անկախ տարբեր ազդակների ազդեցությունից, բռնությունը որպես կարգավորիչ մեխանիզմ չի դիտարկվում։ Այդ ամենով հանդերձ, մասնագիտական եզրակացությունն այն է, որ գործնականում իշխանությունները չեն փորձի մահապատիժը վերականգնելուն ուղղված ռեալ քայլեր անել եւ թեման ավելի շատ կօգտագործեն հանրային ընդհանուր տրամադրությունների վրա որոշակի «աշխատանք» տանելու եւ քարոզչական նպատակներով։