Սկզբից մեր ազգային արժանապատվությունն է հանձնել, հետո՝ հողը

Սկզբից մեր ազգային արժանապատվությունն է հանձնել, հետո՝ հողը

Մարդն այդպիսին է, նույնիսկ հանճարեղ մարդը․ իրեն թվում է, թե ինքը բացառությունների մեջ է։ Վիլյամ Սարոյանը մահից առաջ ասում էր. «Յուրաքանչյուրին վիճակված է մահանալ, սակայն միշտ կարծում էի, որ ինձ համար բացառություն կանեն: Եվ ի՞նչ»:

Արցախը կտանք ու հանգիստ կապրենք,- հավատում էին շատերը։  Երբ հարցնում են՝ ինչու՞ հավատացին խաբեբա մարդուն, որ նման բան էր ասում, մի պատասխան ունի՝ մարդու անգիտակցականի, ենթագիտակցականի, հույզերի  հետ շատ հաճախ անզոր է պայքարել նույնիսկ գիտակցականը․․․ Իսկ դրանք հնարքներ են, որոնք պատճենավորված օգտագործում են քաղաքականության մեջ։ Խաղում են մարդկանց ապահով ապրելու հույզերի հետ և երկիրը մաս- մաս հանձնում։ Այսօր  շարունակությունը Հայաստանում է։ Մաս- մաս հանձնումներ են կատարվում՝ սահմանազատման քողի տակ ու․․․ նույն պատճառաբանությունը՝ ապահով, խաղաղ ապրենք։ Յուրաքանչյու մարդ ինքն իր մեջ մտածում է՝ ես բացառություն կլինեմ, որովհետև Տավուշում (շղթան շարունակվում ու կշարունակվի) , Սյունքիում , Վարդենիսում, Արարատում չեմ․․․ Որովհետև մի մասը կտան ու կանգ կառնեն, հո ամբողջ Հանրապետությունը չե՞ն հանձնի։ Արցախի հետ էլ այդպես վարվեցին։ Ծայրամասերից սկսեցին ու հասան կենտրոնին։ Վախճանն էլ այդպես է վրա հասնում․ օրգանիզմի ողջ համակարգը խախտվում, իսկ վերջում հիշողությունը, գիտակցությունն է ամփոփվում։ Այդ հիշողության մասին եմ ուզում հիշեցնել՝ մենք հայ ենք, դա է մոռացության մատնվում, մեր պատմությունը։ Մեր հիշողությունն է ջնջվում, որը վերաթարմացնել է պետք։ Հայաստանում տված հարցազրույցներից մեկում Սարոյանը խոստովանում է, որ մի անգամ ամերիկյան մի բարում հարվածել է Հեմինգուեյին` տապալելով այդ ամրակազմ եւ ֆիզիկապես շատ ուժեղ մարդուն գետնին. «Անիկա իմ ազգային արժանապատվությունս վիրավորեց,- այսպես է պատճառաբանել իր հարվածը Հեմինգուեյին Սարոյանը, եւ հետո հավելել, - բայց նա հարբած էր»: 

Հեմինգուեյը, որը Սարոյանի հետ մեղմ ասած «հաշտ չէր» , մահից առաջ տված վերջին հարցազրույցներից մեկում այսպիսի խորհրդանշական կարծիք է հայտնել Սարոյանի մասին. «Գիտե՞ք, նա մի գրական առավելություն ունի բոլորիս հանդեպ․ դա նրա հայ լինելն է»: Հայ լինելը կապվել է հայի արժանապատվության հետ։ Անգամ հարված ստացողը, երբ գիտի, որ դա արվում է ազգային արժանապատվության համար, քեզ հարգում է։ Հող հանձնելուց  առաջ մեր ազգային արժանապատվությունն է հանձնվել․․․Հող հանձնողը սկզբից մեր արժանապատվությունն է հանձնել, հետո՝ հողը․․․