ՌԴ չայցելե՛լ. Տոկիոն ահաբեկչությունից հետո զգուշացրել է քաղաքացիներին

ՌԴ չայցելե՛լ. Տոկիոն ահաբեկչությունից հետո զգուշացրել է քաղաքացիներին

Ճապոնիայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստանի տարածք մեկնելուց՝ կապված Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։ Տոկիոն նույնպես շարունակում է հետևել Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակին, ինչի մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։

«Կառավարությունը կշարունակի ուշադիր հետևել Ռուսաստանում տիրող իրավիճակին, ներառյալ՝ այս միջադեպը։ <...> Ճամփորդությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկությունները շարունակում են գործել Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում»,- ասել է Հայաշին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում, որի խոսքերը փոխանցել է JIJI Press-ը։ 

Նա նշել է, որ այս պահին Ռուսաստանում Ճապոնիայի քաղաքացիների կյանքին սպառնացող վտանգի դեպքերի մասին տեղեկություն չկա։

Հիշեցնենք, որ նախօրեին մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել Դաղստանի տարածքում, մասնավորապես՝ Մախաչկալայում և Դերբենտում։ Արդյունքում հարձակման են ենթարկվել երկու ուղղափառ եկեղեցիներ, սինագոգը և ճանապարհային ոստիկանության կետը։ Սպանվել են ավելի քան 15 ոստիկաններ, քահանա հայր Նիկոլայը և մի քանի քաղաքացիական անձինք։ Ահաբեկիչներից երեքը սպանվել են. նախնական վարկածով՝ նրանք հանրապետության ղեկավարներից մեկի որդիներին ու բարեկամն են:

Հավելենք, որ Դաղստանում հունիսի 24-ից 26-ը եռօրյա սուգ է հայտարարվել։ Այս օրերին Հանրապետության ողջ տարածքում կիջեցվեն պետական ​​դրոշները, իսկ հեռուստառադիոընկերությունները և մշակութային հաստատությունները կչեղարկեն բոլոր ժամանցային միջոցառումները, գրում է 360.ru-ն։