Հավատարիմ ենք Երևանի ու Բաքվի միջև խաղաղությանն աջակցելու հարցում. Օ՛Բրայենը՝ Ալիևին

Հավատարիմ ենք Երևանի ու Բաքվի միջև խաղաղությանն աջակցելու հարցում. Օ՛Բրայենը՝ Ալիևին

Հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ղեկավարի պաշտոնական կայքին։

Օ՛Բրայենն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու ԱՄՆ հանձնառությունը և այս գործընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը։ 

Պետքարտուղար Բլինքենի օգնականը նշել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության կարևորությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմավարական մակարդակով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը։
Այս համատեքստում քննարկվել են տարածաշրջանային համագործակցությանը, Միջին միջանցքին և այլ թեմաներին վերաբերող հարցեր։

Ընդգծվել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Բաքվում COP29-ի հաջող անցկացմանը։

Ավելի վաղ, Ադրբեջան այցի նախօրեին, Օ՛Բրայենը հայտարարել էր, որ Ալիևին կարևոր ուղերձ է փոխանցելու Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ: