Քառամյա գահավիժում

Մենք 2020-21 թվականներին չէինք պատկերացնում, որ 44-օրյա պատերազմով սկսված գահավիժումը ոչ միայն շարունակվելու է, այլեւ այնպիսի թափ է հավաքելու, որ դա այլեւս հնարավոր չի լինելու կանգնեցնել: Չէինք պատկերացնում, որ մի օր երանի ենք տալու 2020-ի նոյեմբերի վիճակին, երբ Արցախի մի մեծ հատված դեռ մերն էր, եւ ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգություններ չկային: Չէինք պատկերացնում, որ պատերազմը դադարեցնելու մղումով Շուշին թշնամուն զիջած Նիկոլ Փաշինյանը ոչ թե խաղաղություն է բերելու մեզ, ինչպես խոստանում էր, այլ շարունակական ու անվերջանալի պատերազմ: Եվ Խաղաղության դարաշրջանն ու Խաղաղության խաչմերուկը, կոմունիկացիաների ապաշրջափակումն ու արեւելք-արեւմուտք կարեւոր տրանսպորտային հանգույց դառնալն ընդամենը բլեֆներ են` իշխանություն պահելուն ուղղված փիառ ակցիաներ, որոնք երբեք իրականություն չեն դառնալու, իսկ Ալիեւին արվող զիջումներն ու զոհողություններն անվերջանալի, նվաստացուցիչ շղթայի են վերածվելու:
Շատ հեռու չգնանք` 2018-ի մեր հոգեվիճակն ու պետության այդ օրերի կարգավիճակը մի անհասանելի երազ են այսօր թվում, կանգնենք 2020-21-ի իրադրության վրա, երբ շատերը դեռ հույս ունեին, որ պատերազմից դասեր քաղած եւ իմաստնացած ՔՊ-ականները կհասկանան, որ պետություն ղեկավարելը խաղուպար չէ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ կկարողանա իրականացնել 2020-ի վերջին հրապարակած իր Ճանապարհային քարտեզը եւ իրական փոփոխությունների կհասնի խոստացած 6 ամսում: Չէ՞ որ 2021-ի սկզբին երկրում ծավալված շարժումը` նրա հրաժարականի պահանջով, ի վերջո, մարեց, քանի որ ժողովուրդը հավատաց այդ խոստումներին ու եւս մի շանս տվեց հեղափոխական առաջնորդին: Բայց եթե 4 տարին բավարար չէր այդ խոստումները կատարելու համար, ուրեմն հրաժարականն այլընտրանք չունի:
Կարծիքներ