«Հրապարակ»․ Սուրեն Պապիկյան, ես քեզ միայն պատերազմների՞ համար եմ պետք

Մայիսի 16-ին կառավարությունը հաստատեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանել է, թե ում եւ ինչ չափով է աջակցություն տրամադրվում։
Բնակարանի կամ տան ձեռքբերման համար տրվելու են հավաստագրեր՝ յուրաքանչյուր բնակչին 3-5 մլն դրամի չափով` ըստ գոտիների: Որոշ գյուղերում ու քաղաքներում տան կառուցման համար՝ 3-4 մլն դրամի չափով, կրկին կախված գոտիականությունից, եւ 2 մլն դրամ կստանան գործող հիպոթեքային վարկ ունեցողները, բացառությամբ Երեւանի առաջին եւ երկրորդ գոտում, այսինքն` կենտրոնում գտնվող գույքից։
Արցախցի զինվորական Լորա Ավանեսյանին հարցրինք, թե ինչ կարծիքի է այս ծրագրի վերաբերյալ։ Պարզվեց՝ նա վերջերս արտագաղթել է Ռուսաստան։ Կոչումով ենթասպա, տասը տարի Ադրբեջանի հետ շփման գծում բուժկետի պետ աշխատած, բազում մարտեր, պատերազմներ տեսած, երկու անգամ վիրավորված Լորան, ինչպես ինքն է ասում, «մազերի չափ» զինվոր է հանել կրակից։ Վերջին փրկված զինվորականին էլ, որը 120 կգ քաշ է ունեցել, ոչ ոք չի մոտեցել, ինքն է միայն կարողացել մոտենալ ու դուրս բերել։ Հիմա Լորան Ռուսաստան է արտագաղթել եւ բանվոր է աշխատում Կրասնոդարի պաղպաղակի արտադրամասերից մեկում։
Չէի՞ք ուզենա բնակարանի ձեռքբերման այս ծրագրերից օգտվել՝ հարցրինք նրան։ «Չէ։ Էդ բնակավայրերը, որտեղ որ կարող ենք բնակվել, առաջնագծում են։ Մեզ՝ պատերազմից տուժած մարդկանց, ասում են՝ գնացեք, առաջնագծում տուն սարքեք։ Կամ ասում են՝ գնացեք, հիպոթեքով տուն վերցրեք։ Ես իմ կորցրած տունն եմ ուզում, ինձ հետ տվեք, մենք մեր փոխհատուցումն ենք ուզում։ Ես պոստերից տուն չեմ եկել, տղես պոստերից տուն չէր գալիս, ո՞վ ա փոխհատուցելու իմ կորցրած կյանքը»։
Լորան վրդովված է, որ հայրենիքում, որի համար արյուն է թափել, ինքն ավելորդ է․ «Մոտ երկու ամիս է, ինչ Կրասնոդարում եմ։ Բա ի՞նչ անեմ։ Քույրիկիս հետ նստեցի Երեւանում, հետո՝ Չարենցավանում, սոված-ծարավ, տեսա, որ բան դուրս չի գալիս, եկա։ Թեւս ցավում է, բայց գոնե աշխատում եմ։ Ինչքա՞ն նստեմ առանց փողի»։
Պատմում է, որ ՌԴ արտագաղթելուց առաջ դիմում է գրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, խնդրել գործի տեղավորել երկրորդ կարգի մի զորամասում։ «Ինձ պատասխանեց՝ քեզ կարանք ուղարկենք պահեստազոր, որ կռիվը սկսվի, նորից կանչենք։ Պապիկյան, ես քեզ միայն պատերազմների՞ համար եմ պետք»,- դառնությամբ ասում է 53 տարեկան բուժքույրը։
Կարծիքներ