«Հրապարակ»․ Ինչպես փոխվեց նախնական ծրագիրը. ինչու Կիրանցը հայտնվեց թիրախում

«Հրապարակ»․ Ինչպես փոխվեց նախնական ծրագիրը. ինչու Կիրանցը հայտնվեց թիրախում

Սահմանազատման-սահմանագծման արդյունքների վերաբերյալ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ ՀՀ կառավարությունը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սահման է ստեղծում, այլ «վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը»: Այս հենքով է, իբրեւ թե, կատարվել դելիմիտացիան Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր հատվածում: Մինչդեռ հաղորդագրության հաջորդ տողերում բացահայտ խոստովանում են, որ ստում են. 
«Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեւով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին՝ նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե՛ ճանապարհից, թե՛ եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար եւ չկա»,- «աչքալուսանք» է տալիս վարչապետի աշխատակազմը` իրականում հերքելով նախորդ միտքը, թե սահմանի վերարտադրություն են արել: Եթե սահմանի վերարտադրություն կատարվեր, ապա Հայաստանին կանցներ Բերքաբերի 800 հեկտար տարածքը, որը ՀՍՍՀ մաս է կազմել, իսկ Ադրբեջանին կանցնեին դեպի Ոսկեպար ընթացող ճանապարհի զգալի հատվածները, նոր սահմանն էլ կանցներ եկեղեցուց 20-30 մետր հեռավորության վրա, ինչի մասին իրենք՝ իշխանականներն էին բարձրաձայնում, երբ նոր-նոր էր գործընթացը մեկնարկում։ Սա նշանակում է` սահմանազատման համար ամենեւին էլ իրավական հիմք չեն ընդունել իրենց կողմից մատնանշված 1976 թվականի քարտեզը, գործընթացն իրականացրել են եւ Տավուշում գնացել են միակողմանի զիջումների՝ կատարելով բացառապես Ադրբեջանի պահանջները: Բայց որտեղ փոքր-ինչ դիմադրել են, կարողացել են փոխել իրավիճակը, օրինակ` Ոսկեպարի մասում։

Մինչդեռ ամենասկզբում հենց Ոսկեպարի հարցն էր խնդրահարույցը, եւ պատահական չէր, որ մարտի սկզբին Փաշինյանն այցելեց հենց Ոսկեպար եւ բնակիչների հետ փակ հանդիպման ժամանակ գուժեց, որ սահմանագծման արդյունքում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում մի քանի կիլոմետր անցնելու է ադրբեջանցիներին: Այստեղ էլ խոստացել էր շրջանցող ճանապարհ կառուցել, եւ նոր սահմանը պետք է անցներ Ոսկեպարի եկեղեցու հարեւանությամբ՝ 20-30 մետր հեռավորությամբ: Անգամ ականազերծողներ էին մեկնել եկեղեցու տարածք, որ տարածքն ականազերծեին ու հանձնեին ադրբեջանցիներին։ Հայաստանում հավատարմագրված ԵՄ դիտորդները եւս այդ օրերին Ոսկեպար գնացին շրջանցող, ավելի երկար ու ոչ բարեկարգ ճանապարհով՝ ցույց տալով, որ հավանություն են տալիս գործընթացին։

Փաշինյանի այցից հետո Ոսկեպարում բողոքի ալիք բարձրացավ, բնակիչները շուրջօրյա ռեժիմով պայքարում էին, Երեւանից աջակիցներ միացան նրանց, իսկ իր առաջին այցից մոտ 3 շաբաթ անց Փաշինյանը երկրորդ անգամ այցելեց Տավուշ, որից հետո իրավիճակը գլխիվայր շրջվեց: Ոսկեպարցիները գոհ էին այդ հանդիպումից, ասում էին, որ սահմանազատումն իրենց սրտով է լինելու. Փաշինյանը խոստացել է, որ ճանապարհից հատված չի զիջելու, սահմանն անցնելու է գետի վերեւով եւ եկեղեցուց բավականին հեռու։ 2 շաբաթ առաջ էլ Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը լրագրողներին ասել էր, որ գյուղի վիճելի տարածքների հարցը լուծվելու է վերջում. «Մնացած տեղերում, որտեղ վիճելի հատվածներ են, մեզ ասացին, որ դա էլ հետո է լուծում ստանալու, այսինքն՝ այն եռանկյունիները, որոնց մասին մի 10 օր առաջ մեզ ասել էր, մնում են, անկլավը՝ եւս։ Դրանք հետագայում որոշվող հարցեր են, հանրաքվեի արդյունքում պետք է որոշվի, մի բան, որը 90 տոկոսով կախված է լինելու Ադրբեջանից, կցանկանա՞ արդյոք հանրաքվե անի, թե՞ ոչ։ Եթե չէ, արդեն դուք էլ եք հասկանում, թե այդ տարածքների հետագան ինչ կլինի։ Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ»։

Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես «լուծվեց» Ոսկեպարի հարցը` ոսկեպարցիների, եւ ինչպես պատահեց, որ Կիրանցը հայտնվեց ամենածանր վիճակում: Թեպետ «լուծում» ասվածն էլ հարաբերական է, որովհետեւ տեղեկություններ կան, որ որոշ ժամանակ անց, երբ պայքարը մարի, հնարավոր է Փաշինյանն Ադրբեջանին տրամադրի նաեւ Ոսկեպարից որոշ հատվածներ։
Ինչեւէ, պատմում են, որ առաջին փակ հանդիպման ժամանակ Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն

Աղաբաբյանն առաջարկել է գյուղի մեջ մտնող «եռանկյունի սեպի» հատվածը, որը պետք է, ըստ առաջին տարբերակի, վերադարձվեր Ադրբեջանին, փոխանակել Ոսկեպարի անկլավով: Այսինքն, սեպը սեպով փոխանակեն, քանի որ այդ տարբերակով ո՛չ ադրբեջանցիներն են կարողանալու լիարժեք օգտագործել իրենց ստացած տարածքները, ո՛չ հայերը: Սկզբում այս առաջարկին կոշտ են արձագանքել, թե Ադրբեջանը ոչ մի նոր տարբերակ չի ուզում քննարկել, հետո գնացել մտածել են եւ հանձնաժողովների հետագա հանդիպումների ժամանակ այս առաջարկը եւս ներկայացրել են ադրբեջանցիներին, որը, ըստ իշխանական աղբյուրների, զարմանալիորեն ընդունվել է նրանց կողմից: Թեեւ ամենեւին չի բացառվում, որ Փաշինյանը խորամանկորեն ոսկեպարցիների գլխի տակ փափուկ բարձ է դնում, որ չմիանան կիրանցեցիների պայքարին, որ հարեւան գյուղերին տարանջատի եւ նրանց իրար դեմ հանի, եւ ամեն մեկը փորձի իր հարցն անջատ լուծել: Իսկ այս պահին ոսկեպարցիներն ավելի ուժեղ են գտնվել, կիրանցիները` ոչ այնքան: Բայց սա նաեւ վկայում է այն մասին, որ բանակցությունները միշտ կարող են արդյունք տալ, եթե ՀՀ իշխանությունը վախի ազդեցությամբ չհամաձայնի Ալիեւի բոլոր պահանջներին, այլ դիմադրի, բանակցի, իր շահերը կարողանա պաշտպանել: Ուշագրավ է նաեւ այն, որ չնայած հայտարարել են, թե սահմանազատման գործընթացը Տավուշում ավարտվել է, եւ արձանագրությունն էլ ստորագրել են, սակայն կառավարությունը չի հրապարակում սահմանազատված տարածքի տոպոգրաֆիկ քարտեզ։

Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը երեկ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, թերեւս գոհ են իրավիճակից եւ չեն ուզում ավելորդ սրել անզգույշ հայտարարությամբ: Ոսկեպարցի պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն էլ ասաց, որ, ըստ այսօրվա իրավիճակի, սահմանն անցնելու է գետի վերեւով, իսկ, այսպես կոչված, եռանկյունին փոխանակվելու է Ոսկեպարի անկլավի հետ․ «Եկեղեցին էլ 120 մետր է հեռու լինելու, թե ոնց փոխվեց` ես չգիտեմ,  հանդիպմանը Փաշինյանն էր ասել գյուղացիներին»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը հաստատեց, որ Ոսկեպարի սահմանազատումը նախնական տարբերակից փոփոխվել է: Թե ինչպես եւ ինչ հանգամանքներում, չի կարող ասել. «Այս պահի դրությամբ գետի բերանով է սահմանն անցնում, ճանապարհը մնում է, բայց թե վաղն ինչ կլինի, իրենք էլ չեն երաշխավորում։ Որ վաղը պահանջ ներկայացնեն, ոչ մեկը չի կարող ասել, թե չեք կարող կատարել»։