Ես արագ արդյունք չեմ ակնկալում, 2018-ին էլ արագ փոփոխություն արեցին` տեսաք, թե ինչ եղավ

Ես արագ արդյունք չեմ ակնկալում, 2018-ին էլ արագ փոփոխություն արեցին` տեսաք, թե ինչ եղավ

ԵՊՀ մի շարք դասախոսներ, արձագանքելով Տավուշի մարզում սահմանազատման ապօրինի գործընթացում ՀՀ տարածքային կորուստներին եւ դրանով պայմանավորված` Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ սկսված շարժմանը, հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է․
«Շարունակական տարածքային կորուստները եւ ստեղծված սահմանային վիճակը հայոց պետականության հետագա զարգացման եւ անգամ գոյության համար լրջագույն սպառնալիքներ են ստեղծել, ինչը խորը անհանգստություն է առաջացրել հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում: Հաշվի առնելով այդ սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությունը, իշխանությունների կողմից հանրության լայն շերտերի կարծիքը հետեւողականորեն անտեսելու քաղաքական կեցվածքը եւ ելնելով ապագա սերունդների առաջ պատասխանատվության զգացողությունից՝ կրթության եւ գիտության ոլորտի ներքոնշյալ ներկայացուցիչներս մեր աջակցությունն ենք հայտնում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժմանը եւ կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա»:

Հայտարարությանը երեկվա դրությամբ միացել էին 150-ից ավելի դասախոսներ, հասարակական, մշակութային գործիչներ, այդ թվում՝ անվանի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը, ով մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իր միակ ակնկալիքը մեր երկրի անվտանգությունն է․ «Ինչպես նաեւ իմ ժողովրդի հոգեւոր վերելքը, որի համար շնորհակալություն եմ հայտնում թե՛ սրբազանին, թե՛ մեր եկեղեցուն: Դա, վաղ թե ուշ, պետք է լիներ, որովհետեւ ամենաթեժ ժամանակներում եկեղեցին միշտ ժողովրդի կողքին է կանգնել, ինչը պատմական փաստ է, եւ ոչ ոք չի կարող ժխտել։ Դրանք պարզ ակնկալիքներ են, որպեսզի մարդկանց հոգիները մաքրվեն, եւ մենք այդ մաքրության միջոցով ստանանք անվտանգություն ու արժանապատիվ ձեւով կարողանանք շարունակել մեր կյանքն այս տարածաշրջանում, որը մերն է, եւ ոչ ոք չի կարող մեզնից դա խլել։ Դրանք մեր պատմական հողերն են, մենք էլ այդ հողի մի մասնիկն ենք, ու մեր ամբողջ պատմությունն այստեղ է»։

Ա․ Թալալյանը չի ընդունում իշխանության միակողմանի զիջումների քաղաքականությունը՝ «տանք, որ պատերազմ չլինի» անվան տակ, քանի որ դրա արդյունքում կորուստները շատանում են, անվտանգության երաշխիքները՝ պակասում․ «Մեր Սահմանադրությունից բացի, գոյություն ունեն նաեւ միջազգային ստորագրված համաձայնագրեր, որոնք անտեսելով են արվել ու արվում այդ սահմանազատումները, դրա համար ես համարում եմ, որ ոչ մի լեգիտիմություն էլ չունեն այդ գործընթացները։ Տեսեք` մենք Ադրբեջանի հետ չունենք ոչ մի դիվանագիտական հարաբերություններ, այս պայմաններում մենք ո՞նց կարող ենք իրենց հետ որեւէ մի բան ստորագրել․․․ մենք դե ֆակտո կիսապատերազմական, կիսահրադադարի անհասկանալի մի իրավիճակում ենք, երբ չենք հասկանում՝ կրակո՞ւմ են մեզ վրա, թե՞ ոչ․․․ այդ վիճակում ո՞նց կարելի է որեւէ բան ստորագրել։ Մեր Սահմանադրության մեջ ամեն ինչ շատ պարզ գրանցված է, ու, ոնց հասկանում եմ, մեծ խախտումներ են տեղի ունեցել, որովհետեւ Սահմանադրության մեջ շատ հստակ գրված է՝ այս տեսակ հարցերը հանրաքվեի միջոցով պետք է լուծվեն։ Հետո, այսպես կոչված, խաղաղության անձրեւանոցը վերցնելով՝ մարդիկ ինչ-որ բաներ են խոսում, որոնք շատ պոպուլիստական բնույթ են կրում, որովհետեւ մարդկության պատմության մեջ ոչ մի կողմ կամ երկիր առանց ուժի առկայության խաղաղություն չի հաստատել։ Խաղաղություն կարող է լինել ուժեղը ուժեղի դեմ, եւ դու պետք է անպայմանորեն լավ պաշտպանված լինես, որ նոր խաղաղության մասին խոսես։ Տեսեք` 19-րդ կամ 20-րդ դարի Թուրքիան իր ոչ մի պարտականություն չի կատարել, լինի դա Կիպրոսի օրինակը, թե Հունաստանի․․․»։

Վերջին շրջանում վարչապետն անընդհատ հակադրում է պատմական եւ իրական Հայաստանները՝ ասելով, որ պատմական Հայաստանը սպառնալիք է իրական Հայաստանի համար։ «Ուրեմն Հայ առաքելական եկեղեցին, Հայաստանի պատմությունը, մեր ազգային բնութագիրը, ազգային երգն ու պարը, մեր ամեն ինչն էլ վտանգ են ու սպառնալիք․․․, այսինքն՝ դու պիտի ոչ մի բան չունենաս, որ հանգի՞ստ ապրես․․․ կներեք, բայց դրանք ուղղակի մանիպուլյացիոն թեզեր են, որոնք ես չեմ ընդունում եւ, բնականաբար, չեմ էլ հավատում։ Ինձ թվում է՝ ճիշտ հակառակն է, քո անվտանգության երաշխիքը հենց նրա մեջ է, որ դու ամուր կանգնես քո հավատքի կողքին, ազգայինի կողքին, ի դեպ՝ նաեւ հավատարիմ լինես քո դաշնակիցներին, ոչ թե տարօրինակ շարժումներ անես դեպի արեւմուտք, արեւելք, հետո՝ դեպի հյուսիս, հարավ, հետո՝ հակառակը, որովհետեւ հարգանքի չի արժանանում այն մարդը, ով իր ամրոցը չունի իր սրտում։ Երբ մարդը պատրաստ է ամեն ինչից հրաժարվել, այդպիսի մարդկանց սովորաբար չեն հարգում»։

Այն, որ հանրությունն ակնկալում է միանգամից արագ ու տեսանելի արդյունք, Ա․ Թալալյանն ասում է, որ ինքն անձնապես չի ակնկալում արագ արդյունք․ «Ես շատ մեծ հարգանք ունեմ սրբազանի հանդեպ ու շատ լավ հասկանում եմ իր գործողությունները, այն է՝ սա մաքրման փուլ է, իսկ դա արագ չի լինում, մարդիկ շատ շուտ են աղտոտվում, իսկ մաքրվելը բավականին բարդ եւ ծանր պրոցես է։ Մարդիկ միանգամից ուզում են փոփոխություններ, հեն է՝ 2018-ին միանգամից փոփոխություն արեցին, եւ տեսաք, թե ինչ եղավ, ինչ ասես՝ դուրս չեկավ ջրի երես։ Դրա համար ես լրիվ համաձայն եմ այս ստրատեգիայի ու տակտիկայի հետ, պետք է հանգիստ, մաքրելով առաջ ընթանալ, այս շարժումը դեռ շատ բաներ ունի անելու, եւ շատ մարդիկ դեռ դուրս կգան, հետո նորերը կմտնեն, տեղում մարդիկ կվերանայեն իրենց արժեքները։ Արժեքների վերանայման ու հոգեւոր աշխարհը շտկելու պայքար է գնում, ինչը բավական ծանր աշխատանք է։ Ամեն մեկս պետք է դա գիտակցի եւ ոչ մեկին չշտապեցնի, որովհետեւ հիմա ցանկացած բան կարող է պրովոկացիաների ու ծանր հետեւանքների բերել։ Դրա համար պետք է ունենանք համբերություն, իմաստնություն, հետեւողականություն, պետք չէ ոչ մի բան արհեստական արագացնել։ Ես նաեւ հասկանում եմ մարդկանց, նրանք ուզում են, որ անմիջապես փոփոխություն լինի, բայց ոչ մի լավ բան անմիջապես չի լինում, երեխան 9 ամսում է ձեւավորվում եւ լույս աշխարհ գալիս․․․»։

Ինչ վերաբերում է սրբազանի՝ վարչապետի հնարավոր թեկնածու լինելուն․ «Նա ներշնչում է շատ մեծ հավատ, եւ քանի որ ինքը տիրապետում է իրավիճակին, արդեն քանի անգամ ուղղակի կանխեց բավականին ծանր իրավիճակներ, որոնք կարող էին տեղի ունենալ, իսկ դա արդեն խոսում է իր ազդեցության, իմաստնության եւ իրավիճակին տիրապետելու մասին։ Ու ինչքանով ես ծանոթացել եմ Սահմանադրությանը, ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում իր առաջադրման դեպքում, որովհետեւ առաջին հերթին ինքը Հայաստանի քաղաքացի է, նոր հետո՝ հոգեւորական։ Դա նույնն է, որ ես ասեմ՝ ես սկզբից երաժիշտ եմ, հետո՝ ՀՀ քաղաքացի, ոչ, ես սկզբից ՀՀ քաղաքացի եմ, հետո՝ երաժիշտ։ Ուստի ցանկացած ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ ինքը, կարող է դառնալ թեկնածու։ Վերջում ուզում եմ, որ մեր սիրելի քաղաքացիները զինվեն համբերությամբ, ոչ մի պրովոկացիաների հետեւից չընկնեն, լինեն մի քիչ ավելի իմաստուն, սառը, գիտակից, որովհետեւ անհամեմատ ավելի բարձր նպատակներ կան։ Ես ուզում եմ, որ մարդիկ ոչ մի դեպքում իրենց հավատը, գիտակցությունը չկորցնեն, չտրվեն ավելորդ էմոցիաների, ամեն ինչ ընթանում է ճիշտ հունով, ցանկացած ճանապարհ պետք է նաեւ վեհ լինի, առանց հիստերիկ հայրենասիրության»։