Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն գնում է Արեւմուտք, այնինչ տանում է դեպի Թուրքիա

Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն գնում է Արեւմուտք, այնինչ տանում է դեպի Թուրքիա

Հարցազրույց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ

- Իրանի հետ մեր փոխհարաբերությունների ներկայիս վիճակը բավարա՞ր է, թե՞ անհրաժեշտ է ավելի խորացնել։ 

- Իհարկե, անհրաժեշտություն կա այն պարզ պատճառով, որ մեզ համար կարեւորագույն հարցերից մեկում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման եւ Սյունիքի հարցում, Հայաստանի եւ Իրանի շահերը 100 տոկոսով համընկնում են։ Այդտեղ մեր գլխին իսկապես վտանգ է կախված։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները մեր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարցում մեզ որպես դաշնակից են տեսնում Արեւմուտքին, այն դեպքում, երբ Արեւմուտքի եւ Հայաստանի շահերն այդ հարցում չեն համընկնում: Արեւմուտքի տեսանկյունից շատ ավելի շահեկան է, որ Թուրքիան եւ Ադրբեջանն ունենան ուղղակի ցամաքային կապ, որպեսզի Ռուսաստանը կտրեն Իրանից եւ անմիջականորեն դուրս գան Կենտրոնական Ասիա եւ Ռուսաստանի հարավում հնարավորություն ունենան պլացդարմ ստեղծելու։ Տպավորություն ունեմ, որ Հայաստանի իշխանությունները երկրորդ պլան են մղում հայ-իրանական հարաբերությունները եւ առաջնահերթություն են տալիս Արեւմուտքի հետ համագործակցությանը։

- Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները համագործակցում են ոչ թե Արեւմուտքի, այլ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ՝ նրանց շահերի օգտին։ 

- Բնականաբար, որովհետեւ գլոբալ Արեւմուտքի հիմնական գործիքը, հիմնական դերակատարը մեր տարածաշրջանում Թուրքիան է։ Եվ քանի որ հիմնական թիրախը Ռուսաստանն է` մի կողմից, մյուս կողմից` Իրանը, բնականաբար, Արեւմուտքի հետ հույսեր կապել՝ նշանակում է ուղղակիորեն սերտացնել հարաբերությունները եւ համագործակցել Թուրքիայի հետ, որքան էլ Հայաստանի իշխանությունները փորձեն դա ներկայացնել որպես Արեւմուտքին ինտեգրում: Այդ ինտեգրման ճանապարհն անցնելու է Թուրքիայով, իսկ Հայաստանն իր տնտեսական, քաղաքական, ռազմական պոտենցիալով ի վիճակի չի լինելու հավասարը հավասարի հետ համագործակցել Թուրքիայի հետ եւ արդյունքում վերածվելու է Թուրքիայի կամակատար խամաճիկ երկրի։

- Ի՞նչ է անհրաժեշտ Իրանի հետ փոխհարաբերությունների խորացման համար։

- Տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային եւ ռազմաքաղաքական քայլեր։ Հաշվի առնելով շահերի համընկնումը՝ Իրանը կարող է ընկալվել որպես Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու ցանկություն եւ հնարավորություն ունեցող երկիր՝ հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին Իրանի ռազմարդյունաբերական համալիրը բավականին էֆեկտիվ է աշխատում։ Բայց տեսեք, թե խնդիրը որն է` ժամանակին ՀՀ իշխանություններին հաջողվում էր միաժամանակ ջերմ հարաբերություններ հաստատել ու պահպանել Արեւմուտքի եւ Իրանի հետ։ Ինչո՞ւ էր դա հաջողվում․ որովհետեւ ամեն անգամ, երբ Արեւմուտքից այդպիսի տեսակետներ էին հնչում, որ Իրանը պատժամիջոցների տակ է, իսկ դուք շարունակում եք համագործակցել, Հայաստանը շատ հստակ հակափաստարկ ուներ, ասում էր՝ բարի եղեք կարգավորել, նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հայ-թուրքական սահմանը թող բացվի, այդ դեպքում մենք կվերանայենք հայ-իրանական հարաբերությունները, եւ այդ փաստարկն ընդունելի էր Արեւմուտքի համար։ Իսկ հիմա Հայաստանի իշխանություններն առաջ են մղում խաղաղության խաչմերուկի գաղափարը, այսինքն` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհը, ինչի պատճառով այդ փաստարկը մենք կորցնում ենք, եւ, բնականաբար, Արեւմուտքը, այդ թվում՝ Թուրքիան, պահանջելու են, որ հայ-իրանական հարաբերությունները սրվեն, նույնիսկ խզվեն, այսինքն` Հայաստանը միանա Իրանի դեմ պատժամիջոցներին։ 

- Այսինքն, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ հնարավոր է մի օր Իրանի հետ սահմանը փակվի, դա լո՞ւրջ էր։

- Իհարկե, առավել եւս, որ այդ հայտարարությունն արեց, եթե չեմ սխալվում, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցի օրերին։ 

- Նման սցենարի զարգացման դեպքում ի՞նչ իրավիճակում է հայտնվելու Հայաստանը՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ վատթարացած հարաբերությունները եւ այլն։

 - Հայաստանը հռչակել է այդպիսի նպատակ, բայց դա չի նշանակում, որ կհասնի դրան։ Մեծ հավանականությամբ, այդ իրադարձությունները հակառակ ուղղությամբ կզարգանան, Հայաստանն ինչ-որ պահի ստիպված կլինի ագրեսիայի կամ ագրեսիայի սպառնալիքի ներքո կտրուկ շրջվել իր արտաքին քաղաքականության մեջ եւ, պարզ ասած, օգնության կանչել Ռուսաստանին, ինչի արդյունքում Հայաստանը ոչ թե կշարժվի դեպի Արեւմուտք, այլ ճիշտ հակառակը՝ վերստին կինտեգրվի ռուսական ռազմաքաղաքական եւ տնտեսական համակարգին։ 

- Այդ ռազմական ագրեսիան ո՞ր կողմից է գալու։ 

- Բնականաբար՝ Ադրբեջանի, մեր տարածաշրջանում, ցավոք, Ադրբեջանն է Ռուսաստանի հիմնական ռազմաքաղաքական գործիքը, որով Ռուսաստանը փորձելու է մեզ ստիպել՝ մնալ իր ազդեցության տիրույթում։ 

- Իսկ Ադրբեջանը Թուրքիայի ամբողջական ազդեցության տիրույթում է։

- Թույլ տվեք չհամաձայնել. Ադրբեջանը հիմա սերտորեն համագործակցում է նաեւ Ռուսաստանի հետ, այն պարզ պատճառով, որ հույս ունի Ռուսաստանի միջոցով ամրագրել եւ Հայաստանից էլ ավելին կորզել։ Մի փաստ ասեմ․ մի երկու օր առաջ ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, որ ԵՄ դիտորդները Հայաստանում բացասական դեր են կատարում, եւ դրան դեմ են Հայաստանի հարեւանները՝ Ռուսաստան, Ադրբեջան, Իրան։ Ուշադրություն դարձրեք․ Թուրքիայի անունը չտվեց։ Այսինքն, ԵՄ դիտորդները թշնամաբար են ընկալվում Ադրբեջանում, բայց ոչ Թուրքիայում։ 

- Եվ ի՞նչ է դա նշանակում։

- Նշանակում է, որ չի կարելի անվերապահորեն պնդել, որ Ադրբեջանը թուրքական վիլայեթ է` այդպես չէ։ Ամեն դեպքում, մենք պիտի հասկանանք, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ռուսաստանը նույնպես լուրջ դերակատարում է ունեցել եւ աջակցել է Ադրբեջանին ու հիմա Ադրբեջանից որոշակի փայաբաժին է պահանջելու, օրինակ՝ ճնշումների միջոցով ստիպել, որ Հայաստանում ռուսական ներկայությունն էլ ավելի ընդլայնվի։ Օրինակ, խաղաղության համաձայնագրում ներառվեն այնպիսի կետեր՝ ճանապարհներ բացել, ադրբեջանցի փախստականների վերադարձ։ Նույն անվտանգության ապահովումը մենք ստիպված ենք լինելու վստահել Ռուսաստանին, որովհետեւ այլընտրանքը կլինի Թուրքիային վստահելը։ Եվ այդ դեպքում, բնականաբար, մեր ընտրությունը կլինի Ռուսաստանը, ինչի արդյունքում Ռուսաստանի ազդեցությունը կմեծանա՝ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության եւ գործողությունների արդյունքում։

 - Բայց Փաշինյանը, դեմ լինելով ռուսական զորքերի՝ Հայաստանում տեղակայմանը, փաստացի կողմ է թուրքական զորքերի տեղակայմանը։ 

- Ես երբեւէ չեմ լսել, որ նա կողմ լինի թուրքական զորքերի տեղակայմանը, դա այն հարցը չէ, որ մեր հասարակությունն ընդունի` նա չի համարձակվի նման բան ասել։ Դրա համար էլ ասում է, որ դեմ է ե՛ւ ռուսականին, ե՛ւ թե թուրքականին։ Բայց երբ ագրեսիայի իրական սպառնալիք լինի, նրան ոչինչ չի մնալու անել, քան դիմել Ռուսաստանին, քանի որ այս պահին մենք այլ գործուն դաշնակից չենք կարող ունենալ։ 

- Հաշվի առնելով Ուկրաինայում ծանր իրավիճակը՝ Ռուսաստանը կկարողանա՞ մեզ օգնել։ 

- Ռուսաստանը մեզ ոչ թե պիտի օգնության հասնի եւ փրկի, այլ ամրապնդի իր ներկայությունը` հանուն սեփական շահերի։ Հենց սա է խաղի բովանդակությունը, որ ադրբեջանական ճնշումների արդյունքում Հայաստանին ստիպեն երես թեքել Արեւմուտքից եւ վերադառնալ ռուսական ֆորպոստի կարգավիճակին՝ շատ ավելի թույլ կարգավիճակով։ Եվ Ադրբեջանն էլ պիտի դրանից իր օգուտները ստանա, օրինակ՝ ադրբեջանցի փախստականների, անխոչընդոտ հաղորդակցության ուղիների տեսքով, որովհետեւ, եթե դրանք վերահսկեն ռուսները, ապա դա իրենց համար լինելու է փաստացի անխոչընդոտ, համենայնդեպս՝ խոչընդոտը մենք չենք լինելու, այլ՝ ՌԴ-ն։ Դրանից շահելու է ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ալիեւը։ 

- Արեւմուտքը կների՞ Ալիեւին։ 

- Ների, թե չների, Արեւմուտքն Ադրբեջանի վրա այս պահին գործնական լծակներ շատ չունի, ունի միայն քաղաքական լծակներ, իսկ Արեւմուտքը միշտ նախապատվությունը տալու է տնտեսական գործոններին, էներգետիկ շահերին` առաջին հերթին։ Ցավոք սրտի, գոյություն ունեն երկու տարբեր Արեւմուտքներ՝ կա քաղաքակրթական Արեւմուտք, որի ներկայացուցիչը, օրինակ, կարող է հայտարարել, որ Սեւանում բաբախում է Եվրոպայի սիրտը, եւ կա պրագմատիկ Արեւմուտք, որի համար Ալիեւը հուսալի գործընկեր է, որովհետեւ օգնում է թուլացնել Ռուսաստանից կախվածությունն էներգետիկ հարցերում։