Երեկ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հ1-ի եթերում փորձում էր հերքել Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցող Դիվանագետների համահայկական խորհրդի վերջին հայտարարությունը։ Խորհուրդն առաջ էր քաշել այն թեզը, որ առանց համապարփակ խաղաղության պայմանագրի, այսինքն՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, սահմանազատման գործընթացի իրականացումն աննախադեպ է` դիվանագիտական պրակտիկայում, ինչն ուղղակի կասկածի տակ է դնում դրա օրինականությունը։ Բացի այդ, ընդդիմությունը կողմնակիցն է հարցի փաթեթային լուծմանը, մինչդեռ ԱԽՔ-ի կարծիքով՝ «Հնարավոր չէ ամեն ինչ մեկ փաթեթով լուծել, երբ քայլ առ քայլ լուծումներին գնալու հնարավորություններ են ստեղծվում»։
«Հրապարակը» թեմայի առնչությամբ զրուցեց Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել այն հայտարարությունը, թե «փաթեթային լուծում հնարավոր չէ»․
«Երբ որ ասում են՝ «փաթեթային լուծում հնարավոր չէ», դա գալիս է նրանից, որ իրենք չեն կարողանում այնպես բանակցել, որ փաթեթային լուծում տան։ Մեր ասելիքը հետևյալն է եղել՝ դիվանագիտական գործիքակազմ չի կիրառվում այսօր։ Այդ վատ դիվանագիտության շնորհիվ է, որ իրենք չեն կարողանում համապարփակ լուծել հարցը։ Վրաստանի պարագայում ինչպե՞ս է․ տարիներով սահմանազատում է ընթանում, ամեն թփի, ամեն քարի համար․․․, ահմանազատումը հո մեկ օրում չի՞ կատարվում, վրացիների հետ թուփ ու քար է քննարկվում։ Այդ մարդիկ այդ ժամանակ ծնված չեն եղել, բայց իրենք ընդհանրապես տեղյա՞կ են խորհրդային միության ժամանակ ինչպիսի բանակցություններ են վարվել Կարեն Դեմիրճյանի, Ֆադեյ Սարգսյանի օրոք, Վլադիմիր Մովսիսյանի օրոք ։ Մարդիկ 10 տարի տքնաջան աշխատանք են տարել ադրբեջանական խոր ճնշման տակ։ Պարզ էր, չէ՞, Ադրբեջանը Մոսկվայում ինչպես էր հանդես գալիս, ում դեմքով էր հանդես գալիս, ով էր Հեյդար Ալիևը Մոսկվայում, ինչ դիրք էր զբաղեցնում․․․, Բայց այդ մարդիկ չեն ընկրկել, գնացել են, խոսել են, փաստագրել են, ապացույցներ են բերել, և դրանից հետո, այդ 10 տարվա բանակցությունների արդյունքում 14 հազարից ավել հեկտար անցել է հայկական կողմին»
Հարցազրույցի ընթացքում ԱԽՔ-ը նաև փորձեց տպավորություն ստեղծել, թե գյուղացիների համար նոր հողեր են «գրավել», խոսքը այն այն հողերի մասին է, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո էին, սակայն ականապատված էին, կամ այդ հողերում պաշտպանական դիրքեր էին տեղակայված․
«Դա հայկական տարածք է եղել, դա նշել որպես հաջողություն․․․, դա եղել է ՀՀ տարածք` ուղղակի ականապատված, հասկանալի պատճառներով: «Հիմա այդ ականները կհանենք, վարելահող կսարքենք, ինչ լավ է», բա Բերքաբերի ջրամբարի մասին ի՞նչ կասեն, երբ լանջի մոտ 800 հեկտարը ադրբեջանական վերահսկողության տակ է։ Վաղն էլ կասեն՝ այդ ջրամբարից չենք կարողանում օգտվել, բա այդ հարցը լուծե՞լ են, վաղը այդ ջրամբարն էլ կտանեն։ Որովհետև թելադրանք կա, որովհետև երբ դու ունես սպառնալիքի ներքո ստորագրած փաստաթուղթ, եթե դու դրա դեմը չես առնում, եթե դու ընդունել ես այդ խաղի կանոնները, անունն էլ դրել ես, որ այդ քայլին գնում ես ոչ թե որ պատերազմից խուսափես, այլ ռիսկերը նվազեցնես՝ պատերազմի ուրվականը մշտապես կախված թողնելով թե՛ Հայաստանի, թե՛ ժողովրդի վրա, դու այսպես տեղ չես հասնելու։ Հատված- հատվա՞ծ են գնում, իրենք լուրջ մտածում են, որ դրանով երաշխքներ են ապահովում, որպեսզի թշնամին, որ մտել է և քո տարածքում 200 քառակուսի կիլոմետրից ավել զավթել է Ջերմուկի հատվածում, հե՞տ է քաշվելու։ Դա ուղղակի ծիծաղ է առաջացնում, չեմ էլ ուզում մեկնաբանել իրենց այդ մանիպուլյատիվ հայտարարությունները»,- ասաց Մելքյանը՝ շարունակելով․
«Մեր հայտարարությունները փաստագրված են, սա միայն դիվանագիտական աշխատանք չէ, դրանք փաստեր են, տեղեկանքներ են, փաստաթղթեր են, սա փաստահավաք աշխատանք է, շատ լուրջ փաթեթ գոյություն ունի, և այդ փեթեթից մի փոքր հատված է վերցված ու դրված մեր հայտարարության մեջ։ Բնական էր, որ իրենք պիտի հակազդեին հայտարարությանը, հո չէի՞ն ասելու` ճիշտ եք ասում, մենք դա չգիտեինք: Իրենք չեն հերքում չէ՞, որ այդ ամենը կա։ Իրենց կյանքի չափ աշխատանքի փորձ ունեցող մարդկանց դիվանագիտություն ե՞ն սովորեցնում, իրենք ընդհանրապես գիտե՞ն դա ինչ է, 30 տարվա ընթացքում որտե՞ղ են եղել, ինչպե՞ս են ապրել, ի՞նչ են մտածել։ Երևի որոշակի տարիքից սկսել են մտածել, թե ինչպես անեն, որ պառակտեն, քանդեն ու ջարդեն եղածն ու սարքածը, քափ ու քրիտինքը, հետո էլ կանգնեն- ասեն՝ ինչի՞ պատերազմենք: Իսկ ո՞վ է պատերազմ ուզում, իրենք նույնիսկ դա էլ չգիտեն, որ դիվանագետները չեն խոսում, որ պատերազմ լինի, դիվանագետները պատերազմը նախ կանխատեսել, ապա կանխարգելել են հետապնդում, դա է դիվանագիտության արվեստը»։