Պարտություններով պետություն կերտելու ֆենոմենը
Ժամանակին եթե լինեի դոլարային միլիոնատեր, ապա լուրջ գումար կներդնեի, որպեսզի Իգնոբելյան (կա՛մ Շնոբելյան եւ կա՛մ Հականոբելյան) մրցանակաբաշխության գործընթացում ներառվեր լրացուցիչ ոլորտ՝ քաղաքականությունը: Եվ վստահ եմ, որ մի քանի տարի շարունակ մրցանակը շահելու էր միայն մեկ անձ: Եվ այդ անձը կլիներ Փաշինյան Նիկոլը: Ասեմ, թե ինչու: Որովհետեւ նա բազմաթիվ անգամ մեզ հրամցրել է հակագիտական եւ հակատրամաբանական թեզեր, որպեսզի ապացուցեր իր, վաղուց մոռացված, «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» անհեթեթությունը: Օրինակ այն, որ «պարտված լինելով՝ մենք մեզ պարտված չենք ճանաչի»: Ճիշտ օրուելյան («1984» վեպը) «Պարտությունը հաղթանակ է» կարգախոսի նման: Որ կարող ենք թուրք-ադրբեջանական թշնամական միջավայրում պարտությունը պարտության հետեւից արձանագրելով՝ պետություն կերտել:
Ի դեպ, հենց վերջին գաղափարի համար 2024 թվականի մրցանակը կստանար ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը: Իսկ հասարակագիտությունից նվազագույն գիտելիք ունեցող կամ առողջ գոնե դատողությամբ օժտված յուրաքանչյու ոք կզարմանար, թե ինչպես է հնարավոր անվերջ պարտությունների, զիջումների ու թշնամու կողմից գեներացված ստորացումների շարանում կերտել պետություն: Ես, համենայնդեպս, չգիտեմ որեւէ օրինակ, չնայած կարծես թե ծանոթ եմ բազմաթիվ ժողովուրդների պատմությանը: Իսկ դրա հակառակ օրինակները բազմաթիվ են՝ պետք է ընդամենը աչքի անցկացնել եվրոպական պետությունների ծագման պատմությունը, հատկապես գերմանական տարբեր ցեղախմբերի կողմից Հին Հռոմեական կայսրության կործանումից հետո:
Ասեմ ավելին՝ երեւի միակ դեպքը, երբ թշնամու կողմից պարտված պետությունը զավթիչներին «դարձնում է իրենը», չինականն է: Բայց շեշտեմ՝ շատ վաղուց գոյություն ունեցողը: Ընդ որում, դա պատահել է երկու անգամ: Առաջինը Չինգիզ խանի հետնորդների կողմից Չինաստանը զավթելուց հետո այդ երկրի պատմության մեջ հայտնի՝ մոնղոլների կողմից կառավարվող Յուան դինաստիան է (13-14-րդ դարեր): Երկրորդը՝ հյուսիսային սահմաններից անդին բնակվող մանչժուրների կողմից Չինաստանում հաստատված Ցին դինաստիան (17-20-րդ դարեր): Բայց երկու դեպքում էլ այդ երեւույթը պայմանավորված էր չինացիների քաղաքակրթական շատ ավելի բարձր մակարդակով եւ ազգաբնակչության թվով: Ի դեպ, մի դեպքում այն ավարտվեց «Կարմիր փաթաթանների» ապստամբության հաղթանակով եւ զուտ չինական Մին դինաստիայի հաստատմամբ: Երկրորդ դեպքում՝ Չինաստանի առաջին հանրապետության հռչակմամբ: Թուրք-ադրբեջանական տանդեմի առկայության պարագայում Հայաստանի համար նման բան երեւակայելը կլիներ ֆանտաստիկայի ժանրից:
Այն, որ հանուն անձնական իշխանության պահպանման Իգնոբելյան մրցանակի դափնեկրի թեկնածու Փաշինյան Նիկոլը կարող է հպարտ լինել պարտությամբ, դա անբնական, սակայն հասկանալի երեւույթ է: Եթե դա նախկինում նիկոլական անհեթեթ փիառ ակցիաներից էր, ապա այս օրերին ուղղված է Բագրատ սրբազանի կողմից ծավալված շարժումը թուլացնելու նպատակին՝ որպես թիրախ ունենալով կիսագրագետ նիկոլանմաններին: Նրա ուսապարկերին էլ ի՞նչ է մնում, եթե ոչ իրեն կապկելն ու վաղուց մոռացված «դուխով»-ի վիրտուալ գլխարկը դնելը: Վիրտուալ, քանի որ իրականը դնելը երեւի արդեն անվտանգ չէ, այլապես կշարունակեին այն կրել: Բայց քանի որ դրանք, ամեն դեպքում, իմ հայրենակիցներն են՝ որքան էլ լինեն մերժելի, խորհուրդ կտայի նիկոլական անհեթեթությունները կրկնելուց առաջ մի փոքր մտածել: Հաշվի առնելով, որ մտածելը երբեք չէր խանգարի, հատկապես որ այն օգուտ է տալիս ոչ միայն մտածել սիրողներին, այլեւ չսիրողներին:
Վերջում մեկ-երկու խոսք Իգնոբելյան մրցանակի մասին՝ Վիքիպեդիայից: Այն 1991 թվականից, յուրաքանչյուր տարի շնորհվում է գիտության, բժշկության եւ տեխնոլոգիաների գծով 10 ուղղություններով անհեթեթ «գիտական» բացահայտումների համար՝ որպես Նոբելյան մրցանակի յուրատեսակ պարոդիա: Ի դեպ, 2000-ականներին ճապոնացի գիտնականներն Իգնոբելյան մրցանակ են ստացել շուրջ 10 տարի անընդմեջ: Մրցանակների հանձնումը կատարվում է ԱՄՆ Հարվարդի համալսարանում Նոբելյան մրցանակների հայտարարման հետ նույն ժամանակահատվածում:
Կարծիքներ