Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի հետ

Նախօրեին՝ կառավարության նիստից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի հետ: 
Այս մասին գրառում է կատարվել Էրդողանի X-ի (Twitter) սոցհաշվում:

Ըստ տեղեկության, հեռախոսազրույցի ընթացքում թուրք առաջնորդը Հանիյեին է ներկայացրել Գազայում տեղի ունեցող բախումներին և բռնությանը վերջ տալուն ուղղված՝ Անկարայի գործողությունները:

Բացի այդ կողմերն անդրադարձել են միջնորդների կողմից ՀԱՄԱՍ-ին ներկայացված հրադադարի առաջարկին, որը վերջինիս կողմից ընդունվել է:

Էրդողանը դրական է արձագանքել այդ որոշմանը, ինչի առթիվ ընդգծել է հետևյալը. 

«Մենք շեշտել ենք, որ Իսրայելը ևս տևական հրադադարի համար քայլեր պետք է ձեռնարկի: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին և, հատկապես, Արևմտյան երկրներին հրադադարի համար անհրաժեշտ ճնշում գործադրել Իսրայելի վրա»: