Ի՞նչ է նշանակում Իսրայելի նախագահի լռությունը «Հայկական պարտեզի» հարցով

Ի՞նչ է նշանակում Իսրայելի նախագահի լռությունը «Հայկական պարտեզի» հարցով

Սկիզբը՝ այստեղ

3. … Has this policy been ever reviewed by the Israeli authorities? If no, then may any document related to Holy Places in Armenian Quarter that doesn’t comply with the Statute of the Armenian Patriarchate and is null and void according to the provisions of that Statute, be something else before the Israeli court of law or authority?

Թարգմանաբար․ «1967-ի հունիսի 27-ին, Սուրբ վայրերի պաշտպանության մասին օրենքի՝ Քնեսեթում քվեարկության դրվելուց առաջ հատուկ հանդիպում է կայացել Սուրբ երկրում կրոնական համայնքների առաջնորդների հետ, որտեղ Իսրայելի՝ այն ժամանակ պաշտոնավարող վարչապետ Լեւի Էշկոլը կրոնական առաջնորդներին է դիմել կարճ խոսքով՝ ասելով մասնավորապես հետեւյալը․ «Մենք մտադիր ենք Սուրբ վայրերի ներքին կառավարումն ու կարգավորումները վստահել այն համայնքների կրոնական առաջնորդներին, ովքեր դրանց պատկանում են․․․»։

Այս քաղաքականությունը երբեւէ վերանայվե՞լ է Իսրայելի իշխանությունների կողմից։ Եթե ոչ, ապա կարո՞ղ է Հայկական թաղամասի Սուրբ վայրերին առնչվող որեւէ փաստաթուղթ, որը հակասում է Հայոց պատրիարքարանի կանոնագրին եւ առոչինչ է Կանոնագրի դրույթների համաձայն, այլ կարգավիճակ ունենալ Իսրայելի դատարանների կամ իշխանությունների առջեւ։

Սրանք են երեք հարցերը, որ ես ուղարկել էի Իսրայելի նախագահի աշխատակազմ՝ սկզբում մամուլի քարտուղարին եւ լրատվական ծառայության ղեկավարին, հետո՝ նաեւ այն հասցեով, որով գրություններն ավտոմատ գրանցվում են, համարակալվում եւ դրվում շրջանառության մեջ։ Իմ հարցերով նամակը գրանցվել է ապրիլի 3-ին՝ հետեւյալ պատասխան գրությամբ․ Your request to the President of the State was received with thanks, reference number is 150830 and it will be processed as soon as possible («Ձեր խնդրանքը պետության նախագահին ստացվել է, եւ շնորհակալ ենք, գրանցման համարն է՝ 150830, դրան ընթացք կտրվի հնարավորինս արագ»)։ 

Հասկանալի է, պարզունակ հարցեր չէին ուղարկված, որ նախագահական պալատի աշխատակիցների իրավասությունների, իմացության սահմաններում լինեին, եւ արագ պատասխան հետեւեր։ Սակայն մեկ ամիսն էլ կարճ ժամանակ չէ՝ պատկան այլ մարմինների հետ խորհրդակցելու, պատասխան կազմելու համար։ Ամենեւին բացառված չէ, որ պատասխաններ դեռ կարող են գալ։ Եթե  ստացվեն, անշուշտ, կհրապարակենք։ Սակայն մեկ ամսվա ընթացքում պատասխան չլինելն արդեն անուղղակի նշանակում է, որ ճիշտ հարցադրումներ են կատարված, եւ Իսրայելի օրենսդրության հետ հակասությունները ճիշտ են մատնացույց արված։ Այլապես Իսրայելի պետական համակարգի հետ իմ նախկին առնչությունների, հարցեր ուղարկել-պատասխաններ ստանալու փորձառությունից ելնելով, վստահ եմ, որ «Ձեր կողմից նկատված հակասությունները ճիշտ չեն» կարգի պատասխան ուղարկելու համար միայն մի քանի օր կպահանջվեր։ 

ԱՄՆ Պետդեպ․ «Գույքի կարգավիճակն է վիճարկվում»

Իսրայելի նախագահի աշխատակազմ հարցերն ուղարկելուց բացի, օգտվելով հանգամանքից, որ ապրիլի 24-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի Brussels Media Hub-ում ուսուլիս էր տալիս պետքարտուղար Բլինքենի՝ Մերձավոր Արեւելքի հարցերով տեղակալ Բարբարա Լեֆը, եւ Իսրայելի վերաբերյալ հարցերն ասուլիսի օրակարգում էին, Իսրայելի նախագահական պալատ ուղարկած իմ առաջին հարցը համարյա նույնությամբ, մի հարցադրում հավելելով, ուղարկեցի Բրյուսել․

«Հարգելի տիկ․ տեղակալ, հուսով եմ՝ Դուք տեղյակ եք, որ անցյալ նոյեմբերին Հին Երուսաղեմի Հայկական թաղամասում շիկացել են կրքերը մի համաձայնագրի շուրջ, որը նախատեսում  է Սրբոց Յակոբեանց տաճարի եւ Հայոց պատրիարքարանի անմիջական մերձավորությամբ գտնվող շուրջ 3 ակր հողատարածքի վրա 7-աստղանի հյուրանոցային համալիրի կառուցում (ինչն իր բնույթով հակված է աշխարհիկ վայելքների, զեխության, մեղսագործության վայրի վերածվելու)։ Այդ ծրագիրը՝ միտումնավոր, թե ոչ, վիրավորում է բոլոր հայերի կրոնական զգացումները, որոնց Սրբոց Յակոբեանց տաճարը եւ դրա տեղանքը պատկանում են արդեն 2000 տարի, Իսպանիայի գահի, եկեղեցու եւ ժողովրդի զգացումները, որոնց պահապան սուրբն է Սբ Հակոբոս առաքյալը, Santiago de Compostela-ի ուխտագնացների զգացումները եւ, առհասարակ, ամեն անձի, ով կրոնական զգացումներ ունի Սուրբ Հակոբոս Առաքյալի Աթոռի հանդեպ։  

Ելնելով այս իրականությունից եւ Իսրայելի Սուրբ վայրերի պաշտպանության մասին օրենքի (1967) կարգավորումից, որը սահմանում է․ «Սուրբ վայրերը պետք է պաշտպանված լինեն պղծումից եւ ցանկացած այլ խախտումից, ինչպես նաեւ՝ այն ամենից, ինչը կարող է խաթարել տարբեր կրոնների ներկայացուցիչների մուտքի ազատությունն իրենց համար Սուրբ վայրեր կամ վիրավորել նրանց զգացմունքներն այդ վայրերի առնչությամբ», ԱՄՆ կառավարությունն ի՞նչ կարող է անել՝ Սուրբ վայրերի պաշտպանության իսրայելյան օրենքների եւ միջազգային պարտավորությունների այս ակնբախ ոտնահարման վրա Իսրայելի իշխանությունների ուշադրությունը հրավիրելու համար»։  

Գուցե իմ մեղքն էր, որ հարցն ավելի վաղ չէի ուղարկել, գուցե, որովհետեւ Մերձավոր Արեւելքում ծավալվող ռազմական գործողությունների խորքին իմ հարցը, անշուշտ, ամենահրատապը չէր, ասուլիսի ընթացքում այն չհնչեց։ Սակայն քանի որ հարցը ձեւակերպվել, ուղարկվել էր Բրյուսել, հաջոդ օրը նույն նամակն ուղարկեցի ԱՄՆ դեսպանատուն՝ ասելով, որ իմ հարցը տիկին Լեֆին չի տրվել, բայց ես ցանկանում եմ այդ հարցի պատասխանն ունենալ, դրա համար խնդրում եմ, որ դեսպանատունն իմ հարցն ուղարկի Վաշինգտոն։ Այստեղ երեւի արժե առանձնակի շնորհակալություն հայտնել դեսպանատան մամուլի հարցերի պատասխանատու Լադիսլավ Բարանեկին, ով բավական արագ պատասխանեց․ «Լուսինե, հարցն ինքդ ուղարկիր Վաշինգտոն», եւ տվեց Պետդեպարտամենտի էլեկտրոնային համապատասխան հասցեն։ Ուղարկեցի, եւ մոտ մեկ շաբաթում Պետքարուղարությունից ստացվեց պաշտոնական պատասխան՝

Պետքարտուղարության խոսնակի անունից․
Hi Lusine,
The following is on background, attributable to a State Department spokesperson:
We are aware of reports of a dispute over property in the Armenian Quarter of Jerusalem’s Old City.
We understand the status of the property is being disputed in Israeli courts, and we will closely follow the results of that process. As a general matter, the United States advocates for maintaining the status quo at religious sites in Jerusalem’s Old City։

Թարգմանաբար․ «Ներքոշարադրյալը վերագրելի է Պետքարտուղարության խոսնակին․
Մենք տեղյակ ենք Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում մի գույքի շուրջ ընթացող վեճի մասին հաղորդումներին։ Մենք այնպես ենք հասկանում, որ գույքի կարգավիճակն է վիճարկվում իսրայելյան դատարաններում, եւ մենք ուշադրությամբ կհետեւենք այդ գործընթացի արդյունքներին։ Միացյալ Նահանգները, որպես կանոն, հանդես է գալիս ի պաշտպանություն Երուսաղեմի Հին քաղաքում կրոնական վայրերի ստատուս-քվոյի պահպանման»։

Առանց չափազանցության՝ սպառիչ պատասխան է, որը հաստատում է այն, ինչ Հայաստանում  նկատել ու գիտակցել են դեռ տարեսկզբից՝ «Հայկական պարտեզի» շուրջ վեճը կալվածքի կարգավիճակին է վերաբերում, հետեւաբար, Սուրբ վայրերի պաշտպանության եւ ստատուս-քվոյի հարթությունում է, ոչ թե քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտում, որի խոտոր տրամաբանությամբ առաջնորդվում են Երուսաղեմի հայոց միաբանությունն ու աշխարհիկ համայնքը։ Այլ հարց արդեն, որ Երուսաղեմում եթե նույնիսկ պատկերացումները ճիշտ էլ լինեին, միեւնույն է՝ «Հայկական պարտեզի» տարածքում հյուրանոցային-ժամանցային համալիրի կառուցմամբ Սուրբ վայրերի պաշտպանության խախտման մասին միջազգայնորեն բարձաձայնել եւ Իսրայելի իշխանությունների ուշադրությունը դրա վրա հրավիրել հնարավոր է առաջին հերթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համարժեք հայտարարությամբ։ 

Ինչո՞ւ Մայր Աթոռից հայտարարություն չի հնչում 

Քանի որ ինքս անցուդարձին զգալիորեն տեղյակ եմ, ամենայն վստահությամբ կարող եմ հավաստիացնել, որ Մայր Աթոռը փետրվար-մարտից պատրաստ է եղել ցանկացած հայտարարությամբ հանդես գալու, ցանկացած միջամտություն եւ աջակցություն ցուցաբերելու՝ պայմանով, որ Երուսաղեմի պատրիարքարանից դիմեն։ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից երկու ամիս շարունակ դիտավորությամբ եւ համառորեն չեն դիմում։
Այդտեղ, անշուշտ, դեր է կատարում պատրիարք հոր առողջական վիճակը։ Կարծում եմ՝ քիչ մարդ կգտնվի Երուսաղեմի Հայող թաղամասում, որ տեղյակ չլինի, որ Նուրհան պատրիարքը dementia-ով՝ զառամախտով է տառապում։ Գուցե դեռ ոչ այնքան առաջացած վիճակում, ինչպես Պոլսո Մեսրոպ Մութաֆյան պատրիարքի պարագայում էր, բայց պարզ է, որ Նուրհան պատրիարքն էլ Alzheimer-dementia-ի դաշտում է։

Երկրորդ․ այն հոգեւորականը, ով ստանձնել է կարգալույծ արված Հայր պարետի պաշտոնը, երեւում է՝ նրանից ժառանգել է նաեւ հայոց շահերին վնասելու վարքագիծը։ Իր կենսագրությանն ու կրթական հետագծին նայելով՝ դա զարմանալի չէ։ Համաձայն Մայր Աթոռի պաշտոնական կայքի՝ այս հոգեւորականը Երուսաղեմ է գնացել պատանեկան հասակում, սովորել է Ժառանգավորաց վարժարանում, այնուհետեւ՝ շուրջ 10 տարի, մարդաբանություն, սոցիոլոգիա, կրթություն, միջազգային հարաբերություններ է ուսանել Երուսաղեմի Եբրայական համալսարանում ․․․
Սակայն երբ Երուսաղեմի Եբրայական համալսարանի կայքն ես ուսումնասիրում, պարզ է դառնում, որ մեր հոգեւորականը HEBREW UNIVERSITY OF JERUSALEM-ում, ի թիվս այլ առարկաների,  6-7 տարի ուսանել է Jewish Studies՝ սկզբում BA ծրագրով ROTHBERG INTERNATIONAL SCHOOL-ում, հետո MA ծրագրով՝ THE MELTON CENTER FOR JEWISH EDUCATION-ում։ Այդպես է, որովհետեւ միջազգային ուսանողներին հասանելի բաժանմունքները բակալավրային, այնուհետ՝ կրթության ոլորտի մագիստրական ծրագրով բացառապես դրանք են։ Իսկ ինչպես պարզաբանված է համալսարանի կայքում, Jewish studies ուսանել՝ նշանակում է սովորել “Jewish texts, thought, philosophy, religion and more”: Ո՞րն է Jewish texts-ը, իհարկե՝ Թորահ եւ Թալմուդը, նախեւառաջ։ 5-6 տարի Թորահ եւ Թալմուդ ուսումնասիրել, որքան էլ դա լինի այլ առարկաներին զուգահեռ, նշանակում է քայլել նույն ճանապարհով, ինչ հրեա ռաբբիներն են անցնում։ Առնվազն։

Այդուհանդերձ, ներկա պահին ովքեր էլ լինեն առանձին անձինք, կենտրոնականն այն է, որ Մայր Աթոռը միջամտի, «Հայկական պարտեզի» շուրջ վեճը քաղաքացիաիրավական հարթությունից բարձրացնի Սուրբ վայրերի պաշտպանության միջազգային կարգավորում-պարտավորությունների մակարդակ եւ հետամուտ լինի այդ մակարդակում հանգուցալուծմանը՝ անկախ առանձին անձերի դիմադրությունից, Սրբոց Յակոբեանց միաբանության հետ ամբողջության մեջ համագործակցելով։