Պեկինը դավաճանու՞մ է Ռուսաստանին․ նախագահների հայտարարությունները

Պեկինը դավաճանու՞մ է Ռուսաստանին․ նախագահների հայտարարությունները

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ֆրանսիա-Չինաստան գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են 18 համաձայնագիր։ Այս մասին Չինաստանի ղեկավարը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Այցի ընթացքում կողմերը ստորագրել են 18 համաձայնագիր գերատեսչությունների միջև, որոնք վերաբերում են ավիացիոն արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, հումանիտար ոլորտին, փոքր ու միջին ձեռնարկությունների համագործակցությանը»,- ասել է ՉԺՀ առաջնորդը։

Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ Չինաստանը «ձեռնպահ կմնա Ռուսաստանին որևէ զենք վաճառելուց»։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

Նրա պնդմամբ, Ֆրանսիան «ողջունում է Չինաստանի իշխանությունների հանձնառությունը՝ զերծ մնալ Մոսկվային որևէ զենք վաճառելուց, որևէ օգնությունից և խստորեն վերահսկել երկակի նշանակության ապրանքների արտահանումը, որը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով»։

Մակրոնը նաև հայտարարել է, որ հավատարիմ է Չինաստանի հետ «սերտ երկխոսության պահպանմանը», և Փարիզը մտադիր է օգտվել Սի Ծինփինի այցից՝ ապահովելու համար, որ Պեկինը բացահայտորեն չի աջակցի ռուսական ագրեսիային:

Ուշագրավ է, որ նման հայտարարություն է արվում ռուս-չինական ջերմ հարաբերությունների ֆոնին, երբ Պեկինն ու Մոսկվան ազդարարել են համագործակցության բարձր մակարդակի մասին, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերընտրվելուց հետո արտասահմանյան առաջին այցը կատարել է հենց Չինաստան։