Բագրատ Սրբազանը՝ Կրեմլի գործակալ․ բացարձակ անհեթեթություն

Բագրատ Սրբազանը՝ Կրեմլի գործակալ․ բացարձակ անհեթեթություն

Վերջապես Հայաստանի գործող իշխանությունն ընդունեց, որ ՌԴ-ն ոչ թե մեր թշնամին է, այլ դաշնակիցը: Մեր ասելով, բնականաբար, նկատի ունեմ ոչ թե ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձին, այլ այն քաղաքացիներին, ովքեր փողոցներն ու ճանապարհները փակելով՝ փորձում են պաշտպանել Հայաստանի տարածքներն ադրբեջանական նկրտումներից: Եվ բոլոր այդ մարդկանց, Կառլ, նիկոլական քարոզչամեքենան մեղադրում է Կրեմլի գործակալ լինելու մեջ: Պատկերացնո՞ւմ եք՝ Բագրատ Սրբազանն, օրինակ, Կրեմլի (!!!) գործակալ: Դա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է: Սակայն այդ անհեթեթությունը վկայում է, որ ենթագիտակցորեն վերը նշված անձի թիմն ընդունում է, որ Մոսկվան մեր կողմից է: Եվ ՀՀ-ի առումով ռուս-թուրքական համագործակցությունը հեքիաթ էր, որպեսզի մեզ կտրեր մեր իրական դաշնակցից: Իսկ թե ով է իրականում համագործակցում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ՝ դժվար չէ կռահելը: Ընդամենը պետք է աչքի անցկացնել ԶԼՄ-ների էջերը և տեսնել, թե որ երկրներն են շնորհավորել հակահայաստանյան հերթական գործարքը: Ասեմ՝ ողջ արևմտյան աշխարհը: 

Վստահ եմ, որ վերը նշված անձի թիմն այդքան չի մտածել՝ երբ իր հողը պաշտպանող անձանց որակել է որպես Կրեմլի գործակալ: Բայց դա նորմալ է, քանի որ գործող իշխանության էությունն ապաշնորհությունն է: Եվ դա երբեմն դրսևորվում է նաև քարոզչության մեջ, չնայած այդ հարցում այն կարծես թե անգերազանցելի է: Փաստորեն Կրեմլի գործակալ են նաև Տավուշի մարզի՝ հանձնման ենթակա տարածքների բնակավայրերի վարչական ղեկավարներից մեկ-երկուսը, որ չնայած ընդգրկված են ՀՀ-ի և ԱՀ-ի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբում, սակայն արտահայտվում են իրենց հողերը թշնամուն հանձնելու նիկոլական ծրագրի դեմ: Ի դեպ, գյուղերի ղեկավարների ձեռքով տարածք հանձնելը երևի միայն ագրեսորների մտքով կանցներ: Մեկ էլ երբեմնի «դուխով» անձի, ով վերածվել է վախկոտության խորհրդանիշի: Ում թվում է, թե տուն, գյուղ ու ճանապարհ հանձնելով թշնամուն՝ «լուծում է Հայաստանի Հանրապետության առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը»:

Ով բացարձակ չի ընկալում պատմական իրադարձությունների տրամաբանությունը: Չի գիտակցում, որ ագրեսորին զսպում են ոչ թե տուն, գյուղ ու ճանապարհ հանձնելով նրան, այլ ուժով զսպելով նրա ախորժակը: Հատկապես այնպիսի ագրեսորին, ինչպիսին թուրքն է: Որին անհրաժեշտ է ունենալ ոչ թե հարևան, այլ «Զանգեզուրի միջանցք» ու «Արևմտյան Ադրբեջան Իրևան կենտրոնով»: Այն ազգը, որի ասացվածքներից մեկը հնչում է այսպես. «Կխեղճանամ՝ ոտքերը կընկնեմ, կուժեղանամ՝ գլուխը կկտրեմ»: Ինչ մնում է առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելիության հարցին, ապա այն կլուծվի ոչ թե «ՔՊ-ի առաքելության» շնորհիվ, այլ ի հեճուկս կեղծ այդ առաքելության: Որովհետև առաքելությունը չի կարող հիմնվել խեղճության ու պարտվողականության վրա: Հատկապես եթե այն վերաբերում է մի ողջ ազգի: Ընդհակառակը, առաքելությունը հենվում է ուժի գիտակցության և ուժի կիրառության վրա: Այլապես դա ոչ թե առաքելություն է, այլ պարտվողականություն ու դավաճանություն: Իսկ տվյալ պահի առումով առաքելությունն այն է, ինչ արվում է, օրինակ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կողմից: Ու նրա կողքին կանգնած մնացած բոլորի կողմից: