Բանակցում են ընդդիմադիր խորհուրդ ստեղծելու շուրջ․ ամեն ուժից 2-ական մարդ

Բանակցում են ընդդիմադիր խորհուրդ ստեղծելու շուրջ․ ամեն ուժից 2-ական մարդ

Վերջին մի քանի օրերին Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր քաղաքական, հասարակական միավորումներ, անհատ քաղաքացիներ, քաղաքական ուժեր ու նախաձեռնություններ ինքնաբուխ ակցիաներ են անում, ճանապարհ փակում, ծեծվում ու բերման ենթարկվում, որպեսզի կարողանան կանխել Տավուշի գյուղերի հանձնումը։ Ցուցարարները նաև իրար մեջ խոսում են, որ շուտով պետք է քաղաքական ուժերի ղեկավարները, ընդդիմադիր դաշտի ղեկավարները հավաքվեն, մի բան որոշեն, որ իրենք էլ հասկանան, թե ինչ են անելու, ինչի համար են անելու, ու ինչպես։ Ցանկացած շարժում չի կարող հաջողության հասնել, եթե չունի առաջնորդներ, ծրագիր, կազմակերպվածություն:

«Միասին շարժման» անդամ, Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանին հարցրինք՝ ընդդիմադիր դաշտում նման հանդիպում եղե՞լ է, տեղյա՞կ է ինքը դրանից, կամ գոնե պլանավորվո՞ւմ է նման բան։ Սարգսյանը պատասխանեց, որ այդպիսի պլաններ կան․

«Այդպիսի ցանկություն կա, եթե ինչ-որ խումբ մասնակցել է, դա այլ բան է, բայց որ մեր առաջարկն է խորհուրդ ձևավորել` համակարգող խորհուրդ, որը կընդգրկի գոնե 2-ական մարդ տարբեր կառույցներից, և համակարգող խորհուրդը իրոք կարողանա որոշել, թե ինչ քայլեր են արվում, այդ մեր առաջարկը մնում է ուժի մեջ, և հիմա տարբեր տեղերում քննարկելու կարիք կա։ Այդ ուղղությամբ Հրանտ Բագրատյանը զբաղվում է, ես էլ այլ ուղղություններ եմ վերցրել։ Այնպես որ տեսնենք․ եթե մեզ հաջողվի այդպիսի խորհուրդ ստեղծել, դա կլինի ճիշտ գաղափար, որը միավորող կլինի։ «Միասին» շարժումն ընդամենը առաջարկ է արել, ես չեմ ուզում հնչի այնպես, թե մենք նախաձեռնություն ենք արել, և դրանով բոլորին «հուշտ անենք»։ Մենք ընդամենը առաջարկել ենք, այդպիսի կարծիք շատ- շատերի մոտ կա, և պետք է ուղղակի այդպիսի խորհուրդ։ Խորհրդի անելիքը բոլոր գործողությունները համախմբելը պիտի լինի, որ չլինեն լոկալ ակցիաներ, ով որտեղ հնարավորություն ունենա, անի, այլ լինի կազմակերպված, և լինի կոորդինացիոն խորհուրդ, որպեսզի վերջիվերջո հասկանանք, թե ով ինչ է պատկերացնում, ոնց է պատկերացնում, ինչո՞ւ է պատկերացնում, ի՞նչ է լինելու դրանից հետո։ Փորձը ցույց տվեց՝ այն, որ ոչ մի քաղաքական ուժ, որպես ընդդիմություն, միայնակ չի կարող անել ոչ մի բան անել, դա հաստատ է»,- պատասխանեց Սարգսյանը։ Հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր են լինելու այդ խորհրդի կազմում․

«Ե՛վ խորհրդարանականներն են, և՛ արտախորհրդարանականներն են, և՛ հասարակական ուժերն են, տարբեր քաղաքական ուժեր են, քաղաքացիական միավորումներ կան։ Օրինակ՝ «Միասին» շարժման մեջ տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ կան, բացի կուսակցություններից։ Այնպես որ այստեղ պետք է հստակ լինի, թե որ գաղափարի շուրջ ենք մենք միավորվում»,- պատասխանեց Սարգսյանը։

 Հարցրինք նաև՝ մոտավոր օր հայտնի՞ է, թե երբ խորհուրդը նիստ կանի․

«Դեռ ոչ։ Օրինակ, երեկ մեր շարժման մասնակիցները եղան դատախազության մոտ, երբ Հայկ Նահապետյանն էր կազմակերպել այդ դիմումի հանձնումը, և մենք դա արել ենք իրենց հետ միասին։ Երբ Չարենցի փողոցը փակ էր, «Միասին» շարժման մասնակիցները ևս բերման են ենթարկվել, այսինքն՝ տարբեր տեղերում տարբեր ակցիաներ են եղել, նույն Վահագն Չախալյանն էր ինչ-որ բան կազմակերպել, մերոնք մասնակցել են։ Ուզում եմ ասել, որ արդեն զգացվում է, որ կա որոշակի ցանկություն` միավորված լինելու, հիմա եթե շարունակվի, և մյուս քաղաքական ուժերն էլ հասկանան, որ դրա անհրաժեշտությունը կա։ Ինչ վերաբերում է Կիրանցում և Տավուշում կազմակերպող ակցիաներին, ապա Սրբազանը այնտեղ իսկապես համակարգում է այդ գործողությունները, իրենք համարյա այդպիսի խորհուրդ ունեն այնտեղ, բայց դա պետք է ավելի լայն՝ Հանրապետության մակարդակով լինի»։

Սարգսյանին նաև հարցրինք, թե քննարկե՞լ են Բագրատ սրբազանի՝ որպես շարժման առաջնորդի տարբերակը․ շատերն են նրան տեսնում այդ կարգավիճակում․ «Այո, մենք երեկ դա քննարկել ենք, ի թիվս այլ հարցերի, և կարծում ենք, որ, միանշանակ, եթե Բագրատ սրբազանը կգտնի, որ ինքը կարող է համակարգել, որովհետև ամեն դեպքում, արքեպիսկոպոսը ունի նաև իր առանձնահատկությունները Մայր Աթոռի առջև, ապա մենք միայն ու միայն կողմ կլինենք։ Մենք խնդիր չենք դրել, որ մենք լինենք, մենք միշտ ասել ենք՝ եկեք միասին լինենք, սա է մեր սկզբունքը, և եթե Բագրատ սրբազանը այդպիսի ցանկություն կունենա, ուրեմն մենք կպաշտպանենք այդ գաղափարը և նրա թեկնածությունը»,- պատասխանեց Դեմկուսի նախագահը։