Ռուսական ալիքները բացասական ազդեցություն ունեն Հայաստանում․ ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ռուսական ալիքները բացասական ազդեցություն ունեն Հայաստանում․ ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ինչպես հայտնի է, Հայաստանն իր տարածքում եթերազրկել է Կրեմլի հայտնի խոսափողներից մեկի, «Ռոսիա-1» պետական ​​հեռուստաալիքի աշխատակից, հեռուստա-ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումները։ 
  

Հայկական կողմը պնդում է՝ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները խախտել են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագիրը։

ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը «The Moscow Times»-ին տված հարցազրույցում անդրադարձել է այդ հարցին և նշել․

«Ռուսական որոշ հեռուստաալիքների հեռարձակման հարցը։ Խոսքը միայն Սոլովյովի մասին չէ։ Կա Առաջին ալիք, կա պատմություն Մարիա Բուտինայի հետ կապված (դատապարտվել է ԱՄՆ-ում, այժմ` Պետդումայի պատգամավոր է «Եդինայա Ռոսիայից» և հեռուստահաղորդավարուհի), ով իր թոք-շոուի ավելի քան 50 րոպեն հատկացրել է փաստին, որ Հայաստանի վարչապետը դավաճան է ու համարյա սատանիստ։ Ընդունելի՞ է։ Պատկերացրեք, որ հայկական հեռուստատեսությամբ ինչ-որ մեկը 50 րոպե շարունակ ամենաբացասականն է շեփորում Պուտինի մասին։ Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը։ Այո, ես միանգամից կփակեի ամեն ինչ՝ եթերը, յութուբը և այլն։ Այս մասին մենք ներկայումս բարձրացնում ենք հեռուստահաղորդումների հեռարձակման մեր երկկողմ համաձայնագրի մեխանիզմների շրջանակում։ Բայց մինչ այժմ սրա համար լուծում չի գտնվել»։

Բալայանը հիշեցրել է, որ Սոլովյովից բացի, ՀՀ-ն եթերազրկել է նաև Տիգրան Քեոսայանին, իսկ եթե միտումը շարունակվի՝ չի բառացվում, որ արգելվի այլ ծրագրերի հեռարձակումը։ 
  «Չենք կարող տեսնել, թե ինչպես է ամեն օր ամենաամբարտավան արտահայտություններով կասկածի տակ դրվում հայոց պետականության բուն գաղափարը»,-ընդգծել է դեսպանը։
Հարցին, թե որքա՞ն մեծ է ռուսական հեռուստաալիքների լսարանը Հայաստանում և այդ շոուներն որքանո՞վ ազդեցություն ունեն, Բալայանն ասել է հետևյալը․

«Ռուսական պետական ​​լրատվամիջոցները որոշակի ազդեցություն ունեն Հայաստանում, դա ակնհայտ է։ Բացասական ազդեցություն։ Ես դա կարող եմ դատել նույնիսկ իմ անձնական շփումներից։ Խոսքը ոչ միայն Հայաստանի ղեկավարության, այլեւ Հայաստանի անկախ պետություն լինելու գաղափարի նկատմամբ [հ այ] քաղաքացիների վերաբերմունքի վրա բացասական ազդեցության մասին է։ Չեմ կարող ասել, որ այն ուժեղ ազդեցություն ունի հասարակական կարծիքի վրա։ Բայց այն մարդկանց շրջանում, որոնց համար ռուսերենը գործնականում մայրենի լեզու է, ովքեր սովոր են ռուսալեզու հաղորդումներ դիտել, դա իր ազդեցությունն ունի»։