«Հրապարակ». Կարող էին ձվով խփել, թքել, մազերից բռնել, բայց մարդիկ շատ կոռեկտ էին

«Հրապարակ». Կարող էին ձվով խփել, թքել, մազերից բռնել, բայց մարդիկ շատ կոռեկտ էին

«Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպը Ծիծեռնակաբերդում համարում եմ կազմակերպված սադրանք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։ «Նախ ասեմ, որ ես այդտեղ ներկա չեմ եղել, որովհետեւ գտնվում էի Բեւեռի շարասյան առաջնամասում, եւ երբ դա տեղի ունեցավ, մենք արդեն դուրս էինք եկել, հետո մեզ ասացին, որ այդպիսի բան է տեղի ունեցել։ Բայց հետո, վկաների պատմելով, կադրերը նայելով, մեզ համար ակնհայտ դարձավ, որ տեղի է ունեցել սադրանք։ Ինչո՞ւ։ Նախ ասեմ, որ Աննա Հակոբյանի մտնելուց առաջ մարդիկ կանգնած էին դեմքով դեպի կրակը եւ չէին կարող տեսնել, որ նա եկավ, բայց նրա գալուց առաջ մարդիկ արդեն գոռում էին․ «Նիկոլ՝ դավաճան» եւ այլն, որովհետեւ նրանց զայրացրել էր այն փաստը, որ Հանրային հեռուստաընկերությունն իջեցրեց կամերաները, որպեսզի պաստառները՝ «Ոչ մի ներում առանց հատուցման», նման պաստառ ունեինք, եւ պաստառներ կային՝ վիլսոնյան Հայաստանի քարտեզներով, որոնք խրում էին ծաղիկների մեջ՝ չերեւան։ Ժողովուրդն այդ փաստից զայրացավ եւ սկսեց գոռալ՝ «Նիկոլ, դավաճան» եւ այլն»։ 

ԱԺԲ խորհրդի անդամը պատմեց, որ դրանից հետո է Աննա Հակոբյանը հայտնվել, ու նրան տեսնելով՝ մարդիկ շարունակել են գոռալ «Նիկոլ՝ դավաճան»։ Թե ինչու է Գասպարյանը սա համարում սադրանք, ասաց, թե վստահ է, որ Ազգային անվտանգության ծառայությունը, որը շատ լավ գիտի, թե երկրում որտեղ եւ որ ժամին ինչ է կատարվում, տեղյակ էր, որ այդ պահին անմար կրակի մոտ են Բեւեռի աջակիցները։ «Եվ նրանք կարող էին եւ պարտավոր էին Աննա Հակոբյանին տեղյակ պահել եւ խնդրել գալ, օրինակ, կես ժամ կամ 20 րոպե հետո, երբ մեր շարասյունը դուրս եկած կլիներ ամբողջությամբ։ Այն, որ սա կազմակերպված է նրանց կողմից, ոչ թե մեր կողմից, վկայում է իմ նշած փաստը, որ մարդիկ մինչեւ նրա գալն արդեն վանկարկում էին, եւ վկայում է այն, որ Բեւեռը տեղեկություն չուներ տիկին Հակոբյանի այցելության օրերի, ժամերի, վայրերի մասին։ Մեզ տեղյակ չեն պահում, որ մենք այդ ժամին հայտնվենք այնտեղ»,- հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամը։ 

Բացի այդ, կադրերից երեւում է, որ թիկնապահները հարցնում են Աննա Հակոբյանին՝ գնա՞նք, իսկ Հակոբյանն ասում է` ոչ։ Գասպարյանը դրանից ելնելով կարծիք է կազմում, որ նրանց գալու նպատակն այն էր, որ կգտնվեն անհավասարակշիռ մարդիկ, ովքեր իրենց թույլ կտան որեւէ խուլիգանական արարք։ «Օրինակ՝ ձվով խփեն, թքեն, չգիտեմ՝ մազերից բռնեն, ինչ-որ բան, որը պատճառ դառնա հերթական անգամ Բեւեռին անվանել մարգինալ, խուլիգան, տեռորիստ եւ այլն, եւ այլն։ Բայց դա տեղի չունեցավ, մարդիկ գտնվեցին շատ կոռեկտ, բարձրաձայնում էին․ «Նիկոլ՝ դավաճան», «Ռուսաստան՝ թշնամի», քաղաքական կոչեր եւ այլն»։ 

Անդրադառնալով Փաշինյանների կրտսեր դստեր՝ Արփիի ներկա գտնվելուն, Գասպարյանը ցավ հայտնեց, որ անչափահաս երեխան տուժել է։ «Անչափահաս երեխային իր հետ բերել, այն էլ՝ այն ժամանակ, երբ այնտեղ կան Բեւեռի համակիրներ։ Եվ, ընդհանրապես, իրենք շատ լավ գիտեն՝ ե՛ւ վարչապետը, ե՛ւ իր տիկինը, թե ժողովրդի մեջ ինչ մթնոլորտ է տիրում իրենց հանդեպ, երեխային բերել նման վայր՝ սխալ է, որովհետեւ այդպիսով իրենց երեխային ենթարկում են հոգեբանական տրավմայի»,- ասաց Գասպարյանը։ Ինչ վերաբերում է քննադատություններին, որ նման քայլով պղծեցին սրբավայրը, ԱԺԲ խորհրդի անդամը շեշտում է, որ սրբավայրը, բացի զոհերին հարգելու վայր լինելուց, նաեւ պայքարի ոգեկոչման վայր է։ Գարեգին Նժդեհը հայ եւ ռուս բոլշեւիկներին Տաթեւի վանքից նետում էր ձորը․ «Այսինքն ի՞նչ՝ Տաթեւի վանքը սրբավայր չի՞, թե՞ Գարեգին Նժդեհը պղծում էր Տաթեւի վանքը»։ Որքան որ Աննա Հակոբյանի դուստրն է անչափահաս, այնքան էլ անչափահասներ կային Արցախում, որոնք զոհվեցին, հայրենազրկվեցին, հիմա անչափահաս երեխաներ կան Ոսկեպարում եւ Բաղանիսում, որոնք գիշերները ճանապարհներին են անցկացնում, եւ դա կատարվել է ներկա ապիկար իշխանությունների քաղաքականության հետեւանքով՝ կարծում է Վահե Գասպարյանը: 

Իսկ իրենց հանդեպ ռեպրեսիաներն ինչո՞վ են բացատրում` արդյոք վախենո՞ւմ են ԱԺԲ-ից, նա պատասխանեց․ «Ինչո՞ւ են մեզ թիրախավորում՝ շատ պարզ, որովհետեւ Ազգային ժողովրդավարական բեւեռն անկախ գործող քաղաքական ուժ է, որը չի վերահսկվում որեւէ ուժային կենտրոններից՝ Մոսկվայից, թե Վաշինգտոնից, եւ իշխանությունների՝ ՔՊ-ի կողմից, եւ, հետեւաբար, Ազգային ժողովրդավարական բեւեռն իրական ընդդիմություն է, եւ, ի դեմս Բեւեռի, նրանք իրական վտանգ են տեսնում՝ որպես իրական ընդդիմություն, եւ վերջ։ Սա շատ պարզ է»։