Նաիրա Հովսեփյանին չի ներվել Կարեն Անդրեասյանի հրահանգները չկատարելը

Նաիրա Հովսեփյանին չի ներվել Կարեն Անդրեասյանի հրահանգները չկատարելը

Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն տարածեց, թե Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա՝ ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից։

Նաիրա Հովսեփյանի ազատման դիմումի ետեւում մի քանի ամսվա գործընթաց է։ ԲԴԽ անդամներին հայտնի է, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը տանել չի կարողանում, երբ իր հրահանգներ իրենք չեն կատարում, հատկապես, երբ դա վերաբերում է այս կամ այն դատավորին կարգապահականով պատժելուն։ Այս դեպքում, Նաիրա Հովսեփյանին չի ներվել դեռ մեկ տարի առաջ դատավոր Դավիթ Հարությունյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի քննությանը չմասնակցելը։ Այդ ժամանակվանից Անդրեասյանի եւ Հովսեփյանի ջրերը մեկ առվով չեն հոսել, անընդհատ եղել է խռովություն։ 

Դեռ Ամանորից առաջ դատական համակարգում խոսակցություններ են տարածվել, որ ԲԴԽ նախագահը ամեն գնով ցանկանում է ազատվել դատավորից, սակայն ձգձգում է, քանի որ վերջինս Աննա Հակոբյանի մտերիմն է։ Ի վերջո, անհաշտությունն այնքան է խորացել, որ Հովսեփյանն ազատման դիմումը գրել է։

Դատական համակարգի մեր աղբյուրը փոխանցեց, որ այժմ Կարեն Անդրեասյանն իր շուրջ հավաքել է այնպիսի մարդկանց, ովքեր անվերապահորեն կատարում են նրան հրահանգները, եթե անգամ ԲԴԽ նախագահն ասի՝ մածունը սեւ է, բոլորը միաձայն կրկնելու են, որ սեւ է։