Ձեռդ դիր գլխիս,- խնդրում է Սրբազանը 

Ձեռդ դիր գլխիս,- խնդրում է Սրբազանը 

Ճակատագրական պահերին, երբ երկիրը դրվում է զոհասեղանին, ճակատագրական մարդիկ են ի հայտ գալիս։ Մարդիկ, ովքեր ոգի են տալիս հուսալքված ժողովրդին ու առաջ մղում։ Տավուշում այդ մարդկանցից են 96-ամյա Լենա տատիկն ու  Սրբազանը։ Լենա տատիկի պայքարը տեսնելուց հուսահատված ու հուսալքված մարդիկ մտածում են՝ եթե 96 տարեկան տատիկն  է պայքարում, մեզ ի՞նչ է եղել։ Այս օրերին շատ եմ նման խոսքեր լսում։ 70, 80, 90 տարեկան տատիկներն ասում են՝ մեզ ի՞նչ է եղել, դուրս գանք ու մեր հայրենիքը փրկենք։ 96 տարեկան տատիի չափ չկա՞նք, ամոթ չէ՞։

Այ սա է հայրենասիրություն արթնացնելու, մարդկանց դիմադրողականությունը, պայքարի ոգին բարձրացնելու դեղը։ Թե չէ նվնվոցով, մարդկանց քննադատելով, դժվար է որևէ բանի հասնել։ Բագրատ Սրբազանի պայքարը նույն նպատակին է ծառայում՝ մարդկանց համախմբելու, միավորելու, տեր կանգնելու, նրանց ցավին դարման լինելու, ոգին ամրապնդելու, հուսահատ սրտերին մխիթարելու՝ հայրենի հողը պաշպանելու սրբազան գործին։ Այսօր՝ պայքարի 8-րդ օրը, Սրբազանը Լենա տատիկին պարգևատրել է  «Սոսե մայրիկ» մեդալով։

Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության։  Հարցը մեդալը չէ, այլ այն ոգին, որ Լենա տատիկը սփռում է իր շուրջը, իսկ  հոգևոր հայրը մի կողմ դրած իր եկեղեցական առաքելությունը, պաշտպան է կանգնում իր հոտին՝ Սոսե մայրիկների միջոցով։ Սրբազանը տատիկին խնդրում է՝ ձեռդ դիր գլխիս։ Սրբազանը դրանով աստվածացնում է պայքարի ոգին ու փոխանցում ժողովրդին։