Դավաճան, ապաշնորհ, հիմա էլ՝ գիժ…

Դավաճան, ապաշնորհ, հիմա էլ՝ գիժ…

Դավաճան, ապաշնորհ, հիմա էլ՝ գիժ (Ծիծեռնակաբերդում)… Կարծում եմ, որ Փաշինյան ազգանունով և Նիկոլ անունով անձը առաջնակարգ տեղ կզբաղեցներ հակահերոսների համաշխարհային ցուցակում: Եթե, իհարկե, նման ցուցակ կազմվեր մեր օրերում: Ժամանակին մոտավորապես այդպիսի մի ցուցակ էր կազմել իտալացի աստվածաբան, փիլիսոփա և բանաստեղծ Դանթե Ալիգիերին (1265-1321): Եվ իր հակահերոսներին տեղադրել էր դժոխքի 9 պարունակներում: Կարծում եմ, որ ութ դար անց նոր ցուցակ կազմելու անհրաժեշտություն է առաջացել: Եվ ենթադրում եմ, որ այդ ցուցակում առաջին տասնյակում՝ եթե ոչ հնգյակում, իր պատվավոր տեղը կունենար Փաշինյան Նիկոլը: Այն անձը, ով, ավելի քան երկու տասնամյակ ընդդիմադիր պատմուճան հագած, քննադատել է գործող իշխանություններին: Ու դրանով շահելով քաղաքականապես միամիտ հասարակության համակրանքն ու վստահությունը՝ բազմել է երկրի վարչապետի աթոռին: Իսկ բազմելուց հետո շարունակ արել է այնպիսի գործողություններ, որ քննադատում էր նախկինում: Դրան գումարած թշնամուն Արցախի հանձնումն ու անվտանգային սպառնալիքների գեներացումը բուն Հայաստանի առումով:
Ասեմ, որ դավաճանի ու ապաշնորհի հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող: Ու այդ երկուսն այնպես են փոխկապակցված, որ դժվարանում ես տարբերակել, թե որ դեպքում է ի հայտ գալիս առաջինը և որ դեպքում՝ երկրորդը: Սակայն նույնն ասել գժի առումով չեմ կարող: Հայտնի է, որ գիժ են համարում այն մարդուն, ով առաջնորդվում է ոչ թե ուղեղով և բանականությամբ, այլ զգացմունքներով ու բնազդներով: Որովհետև առաջին երկուսը բացակայում են մրա մոտ: Դա՝ մեկ, և երկրորդ՝ գժի համար չկան բարոյական արգելքներ, ինչպես նաև չարի ու բարու գիտակցություն: Եվ եթե այդ տեսանկյունից դիտարկենք Փաշինյան Նիկոլի վարքագիծը, ապա պետք է խոստովանենք, որ այն չի համապատասխանում գժի՝ վերը նշված հատկանիշներին: Ասվածին գումարած այն հանգամանքը, որ նպատակասլաց կերպով պետության ուղղությունը փոխող անձը չի կարող գիժ լինել նույնիսկ տեսականորեն:

Չնայած այդ ամենին, անկեղծ ասած, «Մերժիր գժին» գրությամբ սպիտակ վերնաշապիկներով անձանց հայտնվելը Ծիծեռնակաբերդում ավելի քան դիտարժան պատկեր էր: Բայց դե քարոզարշավն ու ճշմարտությունը, ինչպես ժամանակին արձանագրել է Երրորդ Ռեյխի գլխավոր քարոզիչ Յոզեֆ Գեբելսը, հակոտնյա երևույթներ են: Այդ առումով դիտարկելով հարցը, պետք է ընդունենք, որ «Մերժիր գժին» կարգախոսը ժամանակի ընթացքում կարող է զբաղեցնել առաջին տեղը՝ հետին պլան մղելով «դավաճան» ու «ապաշնորհ» անվանումները:

Որքան հիշում եմ, «Հրապարակ»-ի էջերում մեկ անգամ արդեն անդրադարձել եմ պետության ղեկավարի գիժ լինելու խնդրին՝ արձանագրելով, որ այդպիսիք ժամանակ առ ժամանակ հայտնվել են եվրոպական քաղաքակրթական տարածքում: Ոմանց կարողացել են գահընկեց անել, մյուսները որոշակի խնդիրներ են առաջացրել իրենց երկրում: Ինչևէ, այդպիսիք են եղել, օրինակ, Ֆրանսիայի թագավոր Կառլ 6-րդ Խելագարը, Շվեդիայի թագավոր Էրիկ 14-րդը, Կաստիլիայի թագուհի Խուանա 1-ինը, Նավարայի և Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետան, Շվեդիայի թագուհի Մարիա Էլեոնորան և այլն: Ի դեպ, խելագար միապետներից ոմանք անմահացել են ոչ միայն իրենց ժողովրդի կամ եվրոպական պատմության, այլև համաշխարհային արվեստի պատմության մեջ: Ինչևէ, հանուն իր պաշտոնի պահպանման՝ վերին աստիճանի հեռատես ու ստախոս, երբ սկզբում մի բան էր ասում, իսկ այնուհետև պնդում դրա հակառակը, նաև մանիպուլյացիայի մասնագետ Փաշինյան Նիկոլի վարքը բացարձակ չի համապատասխանում «գժի» բնորոշմանը: Եվ այդ հարցում կասկած լինել չի կարող: