Ինչ ենք անելու Փաշինյանի հեռացումից հետո, ինչպես ենք կանխելու, որ Ալիևը չգնա գործողությունների

Ինչ ենք անելու Փաշինյանի հեռացումից հետո, ինչպես ենք կանխելու, որ Ալիևը չգնա գործողությունների

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

-Իլհամ Ալիևը կրկին խոսել է ՀՀ սահմանադրության փոփոխման անհրաժեշտության մասին: Ինչո՞ւ:

-Շատ պարզ պատճառով, Ադրբեջանին պետք է, որպեսզի Հայաստանը թղթերով հրաժարվի Լեռնային Ղարաբաղից ու իր իրավունքներից։ Քանի որ Ալիևը որևէ մտադրություն չունի Խաղաղության պայմանագիր ստորագրելու, որով կճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Փաստացի, Սահմանադրության փոփոխությունից հետո, Ալիևն ունենալու է խաղաղության միակողմանի պայմանագիր, Հայաստանը զրկվելու է իր կռվաններից, իսկ Ադրբեջանը շարունակելու է թիրախավորել ՀՀ տարածքը, քանի որ որևէ թղթով իրեն սահմանափակելու շահագրգռվածություն այլևս չունի։

-Նա նշել է, որ եթե սահմանազատման և սահմանագծման գործում չկա 3-րդ կողմի ներգրավվածությունը, դա լավ է: Ի՞նչ է ակնարկում նա:

-Չկա սահմանազատման գործընթաց, եթե այդպիսին լիներ, ապա կխոսվեր, թե որ թվի քարտեզի, ինչ իրավական փաստաթղթերի վրա է արվում այդ գործընթացը։ Դա իշխանական քարոզչական խայծ է, թե իբրև իրենք սահմանազատում են անում։ Կա միակողմանի զիջում, որի հետևանքով Ադրբեջանը կրկին ձեռք է բերում շահավետ դիրքեր՝ իր հետագա ագրեսիվ քայլերը պլանավորելու համար։ Ալիևը իր ելույթում պարզ խոստովանում է, որ օրինակ՝ նույն Քարվաճառի, Սյունիքի, Վայոց Ձորի հատվածներում չի գնալու որևէ սահմանազատման։ Ինչու՞ է այդպես ասում, որովհետև այդ տեղանքում զբաղեցրել է ստրատեգիական բարձունքներ, որոնցից հրաժարվել չի պատրաստվում։ Ավելին, նա դրա մասին ևս պարզ տեքստով խոսել է։ Ինչ վերաբերվում է միջնորդների թեմային, ապա դա էլ է պարզ, ինքս քանիցս ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո, Ադրբեջանն ամբողջությամբ փոխեց նախկին բանակցային տրամաբանությունը, ըստ որի՝ պետք է ճանաչեր ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը դա անել չի պատրաստվում, դրա համար մեջտեղից հեռացրեց միջնորդներին, հրաժարվեց նախկին պարտավորվածություններից ու սկսեց ավելի ագրեսիվ կերպով Փաշինյանին թելադրել, թե ինչ պետք է անի։ Վերջինս էլ լսում է Ալիևին ու անցնում գործի։ Բնական է, սա իդեալական վիճակ է մեր հակառակորդի համար։ Դրա համար էլ առավոտից երեկո զբաղված են Փաշինյանին պաշտպանելով։

 -Տավուշում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Ի՞նչ հանգուցալուծում կարող է ստանալ։ 

-Կասեմ հետևյալը, եթե մենք Փաշինյանի իշխանությանը չհեռացնենք մոտ շրջանում, ապա հետևանքներն աղետալի կլինեն բոլորիս համար։ Միաժամանակ կարևոր է, թե ինչ ենք անելու Փաշինյանի հեռացումից հետո, ինչպես ենք կանխելու, որ Ալիևը չգնա գործողությունների՝ Փաշինյանին պաշտպանելու համար, ինչպես ենք պայմանավորվելու տարբեր ուժային կենտրոնների հետ, ինչպես ենք ներհայաստանյան համերաշխության մթնոլորտ ստեղծելու, ինչն, իհարկե, չի նշանակում, որ այսօրվա իրավիճակի համար պատասխանատուները, չպետք է անցնեն դատավարությունների միջով կամ պատասխանատվության ենթարկվեն՝ օրենքի շրջանակներում։ Այս հարցերի պատասխանը ևս կարևոր է հանրության համար։ Ես վստահ եմ՝ խելացի աշխատանքի դեպքում մենք կարող ենք կասեցնել այս վտանգավոր գործընթացը, թույլ չտալ, որ Ալիևը գնա հարձակման ու քայլ քայլ առաջ գնալ՝ իրավիճակը շտկելու ու մեր պետական շահը սպասարկելու ուղղությամբ։

-Ո՞րն է լինելու Ադրբեջանի հաջորդ պահանջը: Սյունիքի միջանցքի հարցը, կարծես, շարունակում է առանցքային մնալ:

-Ալիևի երազանքների ցուցակն անվերջ է, բայց նաև ակնհայտ է, որ Մոսկվա կատարած այցից հետո կրկին շրջանառության մեջ դրվեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Դա ևս պատահական չէ, ակնհայտ է, որ Մոսկվան ու Բաքուն սինխրոնիզացնում են իրենց գործողություններն այս հարցում։ Դա նաև ավելի ընդգրկում տրանսպորտային կապերի կարևոր բաղադրիչ է։ Մինչ Փաշինյանը ոգևորված կատարում է Ալիևի ցանկությունները, Բաքվի բռնապետի երազանքների ցուցակն էլ ավելի է ընդլայնվում։