Եթե մարդը տեղեկացված չէ, թե ինչ է կատարվում իր տան շուրջը, իրավունք ունի անհանգստանալու եւ ընդվզելու

Եթե մարդը տեղեկացված չէ, թե ինչ է կատարվում իր տան շուրջը, իրավունք ունի անհանգստանալու եւ ընդվզելու

«Հրապարակի» զրուցակիցը Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն է, ով 1990-ականների պատերազմների ժամանակ եղել է Իջեւանի շրջանի ինքնապաշտպանության հանձնաժողովի նախագահը, Իջեւանի նախկին շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալը, 2000-2012թթ-ին եղել է Եվրախորհրդի կոնգրեսի անդամ: 

-  Կիրանցի վարչական շրջանի ղեկավարի հայտարարությունը լայնորեն շրջանառվեց իշխանական լրատվամիջոցներում եւ սոցցանցերի էջերում: Ասում է` գոհ եմ, ոչ թե մեզնից հող են տվել, այլ մի 3 հա էլ հետ ենք վերցրել: Ձեր կարծիքը այդ հայտարարության մասին ինչպիսի՞ն է: Իսկապե՞ս սահմանազատումը կասեցվել է, թե՞ սա խաբուսիկ ժեստ է` ժամանակավորապես կասեցրել են՝ շարժումը թուլացնելու նպատակով: 

- Այդ հայտարարություններից իմ կասկածները եւ մտահոգությունները` իրականացվող գործընթացների վերաբերյալ էլ ավելի խորացան: Քանի որ այն իրականացվում է առանց սկզբունքների, քաոտիկ, առանց բնակիչների եւ վարչական մարմնի ղեկավարի իմացության: Հիմա որտեղի՞ց այդ մարդուն այդ վստահությունը, որ ականազերծումը արվել է սահմանի գծով: Բայց պետք չէ թիրախավորել վարչական շրջանի ղեկավարին: Ես նրան լավ ճանաչում եմ` հայրենասեր, կռված մարտիկ է: Պատկերացրեք` ինչ ողբերգական վիճակում կարող է հայտնվել մարդը, որ իր ազատագրած ու պաշտպանած հողերը հանձնում են թշնամուն: Ես հիշում եմ, թե ինչ դժվարություններ ենք հաղթահարել, ինչպես ենք ինքնաձիգների առաջին խմբաքանակը ձեռք բերել ռուսական սահմանապահ ծառայության պետից եւ ոստիկանության ուղեկցությամբ, ինչպես ենք հասցրել պաշարված Կիրանցի պաշտպանական ջոկատներին: Իսկ թե ինչու մտահոգությունս խորացավ, հիմնավորեմ. պարզվեց, որ վարչական շրջանի ղեկավարը հանդիսանում է սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդամ: Պետական մակարդակով ասում են, որ վարչական շրջանի ղեկավարին թույլ են տվել գնալ տեսնել արդեն տեղակայված սյուները:

Մինչդեռ այդ մարդը պետք է ամեն օր լիներ այդ աշխատանքների մեջ, եւ վաղուց տեղյակ լիներ ամեն ինչից: Իր իմացությամբ եւ համաձայնությամբ պետք է սյուները տեղադրվեին: Սակայն, նրան թույլ չեն տալիս տեղում ամենօրյա աշխատանքները դիտարկել, այսինքն, որպես աշխատանքային խմբի անդամ, իրազեկ չէ` ինչպես եւ որտեղ է անցնելու իր վարչական շրջանի սահմանը, որտեղ են տեղադրվելու սահմանային սյուները: Հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամը չի կարողանում պատասխանել հարցին, թե ինչու են սառեցրել սահմանազատումը, որքան ժամանակով, մինչեւ երբ: Ինչո՞ւ մինչեւ 11 սյուն տեղադրվել են, 13,14-ը` ոչ, իսկ 15 –ը գյուղում տեղադրվել է: Չգիտի նաեւ, թե որ թվականի եւ որ քարտեզներով են սահմանազատվում: Ինչո՞ւ են դրանք թաքցնում աշխատանքային խմբի անդամից եւ գյուղի բնակչից: Էլ ի՞նչ աշխատանքային խմբի անդամ, եթե քարտեզներ չունեն: Մինչեւ հիմա մարզպետը պարտավոր էր ամենօրյա ռեժիմով հասարակությանը տեղյակ պահել, թե որտեղ ինչ սահման գծվեց, որտեղ սյուն տեղակայվեց, որքան տարածք տրվեց թշնամուն: Մարզպետը պարտավոր էր ներկայացնել, թե քանի մարտական դիրք է հանձնվել թշնամուն, կոմունիկացիաների առումով ինչ է անցել թշնամու տիրապետության տակ: Եթե չկա այս թափանցիկությունը, եթե բնակիչը հստակ չի տեղեկանում, թե իր համայնքում, իր տան շուրջը ինչ է կատարվում, ուրեմն նա լեգիտիմ իրավունք ունի չվստահելու, անհանգստանալու, ընդվզելու, ըմբոստանալու: