Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից․ Դըկոտինյի

Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից․ Դըկոտինյի

Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և «մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների»։ Այս մասին «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին։ Սա պաշտոնական Փարիզի առաջին արձագանքն է Տավուշ-Ղազախ հատվածում սկսված սահմանազատմանը։

«Լավ է, որ սահմանազատումը սկսվում է։ Առավել ևս լավ է, որ այն սկսվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա ակնհայտորեն դրական զարգացում է, որը պետք է շարունակություն ունենա. Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների։ Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից։ Ֆրանսիայի վարչապետը վերջերս հիշեցրեց դրա մասին։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ դա լավ զարգացում է, որը շարունակության կարիք ունի»,-ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը: 

Հարցին, թե կիսու՞մ է մտահոգությունը, որ արդյունավետ սահմանազատում չի կարող տեղի ունենալ սպառնալիքների ներքո, ինչի գոյությունը ընդունել է նաև Հայաստանի վարչապետը, Դըկոտինյին նշել է․

«Պետք է ինչ-որ տեղից սկսել: Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը բանակցությունների միջոցով։ Տավուշը լավ մեկնարկային կետ է։ Եվ մենք անհամբեր սպասում ենք, որ սահմանազատումը շարունակվի այն սկզբունքների շրջանակում, որոնց շուրջ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնել են Պրահայի հռչակագրով։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով սահմանվում են նախկին խորհրդային հանրապետությունների միջազգային սահմանները, և կողմերը հարգում ու ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։