Վերլուծություն

Արդարության սպասումը Կրեմլից․ Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին

Արդարության սպասումը Կրեմլից․ Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին

Այս օրերին քաղաքական դաշտում ամենաշատ քննարկվող հարցերից մեկը, թերևս, հենց սա է՝ Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին։ Հարցը հնչում է իշխանական շրջանակներում, ընդդիմադիր ճամբարում, սոցիալական ցանցերում և առօրյա զրույցներում։ Առաջին հայացքից թվում է, թե տարբեր կողմերը տարբեր բաների մասին են խոսում, սակայն ավելի խորքից երևում է, որ բոլորը, ըստ էության, նույն հարցի շուրջ են պտտվում։ Արդարությունը Կրեմլից են սպասում։

Իշխանական հատվածը հիմնականում սպասում է շնորհավորանքին որպես ապացույց, որ, անկախ բոլոր հակասություններին, Հայաստանը չի հայտնվել միջազգային կամ տարածաշրջանային մեկուսացման մեջ։ Նրանց համար դա ոչ այնքան Պուտինի վերաբերմունքի, որքան սեփական քաղաքականության կենսունակության հաստատումն է։ Նրանք ուզում են տեսնել, որ նույնիսկ դժգոհ Մոսկվան ստիպված է հաշվի նստել Հայաստանի ընտրության հետ։

Ընդդիմադիր հատվածը, ընդհակառակը, ուշադիր հետևում է շնորհավորանքի բացակայությանը կամ ուշացմանը։ Նրանց համար դա կարող է ընկալվել որպես ազդակ, որ գործող իշխանությունը կորցրել է կարևոր արտաքին հենարաններ և իր քաղաքականությունը երկիրը բերել է բարդ հարաբերությունների փուլ։

Իսկ հասարակության մեծ մասի համար հարցն ավելի պարզ է ու գործնական․ «Սրանից հետո ի՞նչ կլինի»։ Մարդիկ փորձում են հասկանալ՝ կվատանա՞ն հարաբերությունները Ռուսաստանի հետ, կլինե՞ն տնտեսական, սոցիալական կամ անվտանգային նոր խնդիրներ, թե՞ իրավիճակը կմնա կառավարելի։ Նրանց համար շնորհավորանքը ոչ թե քաղաքական հաղթանակ կամ պարտություն է, այլ ապագայի կայունության մասին ազդակ։

Հենց այստեղ է թաքնված այս ամբողջ քննարկման ամենակարևոր իմաստը։ Եթե իշխանությունը, ընդդիմությունը և հասարակությունը, տարբեր պատճառներով, սպասում են նույն իրադարձությանը, ապա դա վկայում է ոչ թե Պուտինի անձի կարևորության, այլ Ռուսաստանի գործոնի նշանակության մասին Հայաստանի կյանքում։ Սա ինքնին բավական խոսուն փաստ է։ Անկախ քաղաքական նախասիրություններից՝ բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի տնտեսության, անվտանգության, էներգետիկ համակարգի և արտաքին քաղաքական միջավայրի վրա Ռուսաստանն ունի առանցքային ազդեցություն։ Քաղաքական և հոգեբանական քննարկման մասշտաբը ցույց է տալիս, թե որքան կարևոր է ռուսական գործոնը Հայաստանի ներքին գիտակցության մեջ։
Այս պատճառով էլ շատերը դիտարկում են, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է բարդ իրավիճակում։ Այլ կերպ ասած՝ ճյուղը կտրելով, փորձում է գետնին չընկնել, պահպանել իր տեղը, աթոռը։

Միաժամանակ պետք է հիշել մի պարզ իրողություն․ Ռուսաստանը, ինչպես ցանկացած պետություն, առաջնորդվում է առաջին հերթին սեփական շահերով։ Այն չի կարող ավելի շատ մտածել Հայաստանի իշխանության, ընդդիմության կամ ժողովրդի մասին, քան սեփական երկրի շահերի։ Հետևաբար, Կրեմլի ցանկացած որոշում պետք է գնահատել հենց այդ տրամաբանության մեջ։
Այդ կոնտեքստում չարժե զարմանալ, եթե վերջում Մոսկվայից հնչի սովորական, արարողակարգային շնորհավորանք։ Կրեմլն արդեն հայտարարել է, որ սպասում է ընտրությունների պաշտոնական արդյունքներին և դրանից հետո կանդրադառնա շնորհավորանքի հարցին։ Սա ոչ թե մերժման, այլ սպասողական դիրքորոշման մասին է խոսում։ Եվ եթե առաջնորդվենք ոչ թե ցանկություններով, այլ պետությունների վարքագծի տրամաբանությամբ, ապա առավել հավանական է, որ Ռուսաստանը կընդունի իրականությունը՝ սառը հաշվարկով, բայց Հայաստանին այլևս չի դիտարկի որպես վստահելի և ռազմավարական գործընկեր։

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image