ԱԹՍ-ն ընկել է ռուսական մանկապարտեզի վրա․ ի՞նչ է հայտնի

ԱԹՍ-ն ընկել է ռուսական մանկապարտեզի վրա․ ի՞նչ է հայտնի

Ռուսական «Լանցետ» գրոհային անօդաչու թռչող սարքն ընկել է Բելգորոդի մարզում գտնվող մանկապարտեզի տարածքում։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 7-ին, գրում է Astra-ն։ Դրոնը չի պայթել։ Այն գրավել են անվտանգության ուժերը՝ նախկինում տարհանելով հաստատության 47 երեխայի և 30 աշխատակցի։ Զոհեր և ավերածություններ չկան։
Թե ինչպես է կամիկաձե անօդաչու թռչող սարքը, որը կարող է թռչել 80–110 կմ/ժ արագությամբ մինչև 70 կմ հեռավորության վրա և կրել մինչև 3 կգ պայթուցիկ, հայտնվել մանկապարտեզի տարածքում, չի նշվում։

Վերջերս ռուսական զորքերը սկսել են ավելի հաճախ օգտագործել «Լանցետներ»՝ Ուկրաինային հարվածելու համար։ Վերջին երեք ամիսների ընթացքում այդ անօդաչու սարքերը օգտագործվել են ավելի քան 500 անգամ, որոնց հիմնական թիրախները եղել են զրահատեխնիկան և կապի կայանները։

Բացի այդ մայիսի 7-ին ռուսական ինքնաթիռը ռումբ է նետել Կրասնոդարի երկրամասի Վորոնցովկա գյուղի վրա։ Այն ընկել է ու պայթել։ Ոչ մի վնաս չի հասցվել: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ սա Կուբանում ավիառումբի «չպլանավորված արձակման» առաջին դեպքն է։