Ո՞վ է ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նոր տնօրենը

Ո՞վ է ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նոր տնօրենը

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան- ինստիտուտը նոր տնօրեն ունի, որին սակայն ոլորտում շատ քչերն են ճանաչում: 

Թանգարանի արդեն նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել էր իր պաշտոնավարման 5 տարիներին, մասնավորապես նշելով, որ այս ընթացքում հիսունից ավելի ցուցադրություններ են ունեցել, նոր գրքերի բազմաթիվ շնորհանդեսներ, բուռն քննարկումներ, մասնագիտական հավաքներ: Եվ որ հպարտանում է, որ թանգարանի, այդ թվում` իր անձնական կապերի արդյունքում թանգարանն այս հինգ տարիների ընթացքում հարստացել է մի քանի ականավոր ճարտարապետների եւ հետազոտողների ֆոնդերով, սակայն. «ամենեւին չեմ հպարտանում, որ ինձ փոխարինելու եկավ անհայտ ու աննշան մի անձնավորություն: Բայց դա իմ վերահսկողությունից դուրս է: Սակայն միեւնույն է, ես մտքով ու սրտով մնում եմ թանգարանի հետ: Գիտեմ, որ թանգարանին սպասվում են շատ դժվարին օրեր եւ բարդ խնդիրներ. մշակույթի (նաեւ գիտության, կրթության եւ սպորտի) նախարարությունը ցանկանում է վերցնել թանգարանի սրահներից մեկը՝ գորգերի ցուցադրություն կազմակերպելու համար։ Ցուցադրություն, որը, նախարարության «պայծառ ուղեղների» ծրագրի համաձայն, «հզոր պատասխան» պետք է լինի ադրբեջանական գորգերի թանգարանին։ Շատ «հզոր» պատասխան, իհարկե։ Իրենք գիտե՞ն, որ Բաքվի գորգերի թանգարանի շենքը նախագծել է աշխարհահռչակ Զահա Հադիդը, իսկ մեր սրահը (իմ կողմից վերանորոգված) 400 քմ-ից էլ պակաս տարածք ունի։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ ըստ նախարարության պնդումների, այդ ցուցադրությունը իբր կրելու է ժամանակավոր բնույթ, մինչեւ գորգերի թանգարանի շենքի կառուցումը: Իսկ քանի որ դրա նախագծային աշխատանքներն անգամ դեռ չես սկսվել… Մի խոսքով, դատողությունները թողնում եմ ձեզ: Բայց ես այս խաղից դուրս եմ եկել։ Ես արդեն էլ չեմ կարող շարունակել «պատերազմները» փոքր մարդկանց հետ»,- մասնավորապես նշել էր Մ. Գրիգորյանը։

Թանգարանի նորանշանակ տնօրեն Զարուհի Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մասնակցել է քաղաքաշինության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթին, անցել գրավոր եւ բանավոր փուլերը ու հաղթող ճանաչվել: Ինչն, ըստ էության այդքան էլ դժվար չի եղել, քանի որ միայն ինքն է հայտ ներկայացրել եւ նման դեպքերում մրցույթները դառնում են ոչ թե ընտրություն, այլ` նշանակում.

«Ես որպես թանգարանագետ տեսել եմ մրցույթի հայտարարությունը, ըստ կարգի դիմել եմ, մասնակցել, ներկայացրել եմ թանգարանի զարգացման ու բարեփոխման իմ հայեցակարգը, որից հետո ապրիլի 26-ից նշանակվել եմ թանգարանի տնօրեն»: 

Անդրադառնալով Մարկ Գրիգորյանի գրառմանը, նորանշանակ տնօրենը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել նախկին տնօրենի արտահայտությունները, փոխարենը նշեց, որ աշխատել է Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանում որպես գիտաշխատող. «Գրում էի հոդվածներ, ինչպես կարգն է եւ ինչպես աշխատում են գիտաշխատողները թանգարանում: Ես մասնագիտությամբ թանգարանագետ եմ, 2005թ-ից աշխատել եմ Հայաստանի պատմության թանգարանում, այնտեղ եղել եմ 1-ին կարգի էքսկուրսավար»:

Այդուհանդերձ, ինչո՞վ է բացատրում այս տեսակ արձագանքները հենց ոլորտի մասնագետների կողմից, Զ. Հայրապետյանը նշեց, որ կարծիք արտահայտելու իրավունք ունեն բոլորը, իսկ ինքը մասնակցել է մրցույթին համաձայն կարգի.

«Ես ոչ մի խնդիր չունեմ, թե՛ իմ դիպլոմի, թե՛ իմ աշխատանքային գրքույկի հետ կապված, մրցույթը անցել է ինչպես կարգն է` այդ ամենը ձայնագրվել, տեսանկարահանվել է»:

Ինչ վերաբերում է թանգարանի սրահներին, մասնավորապես, որ ԿԳՄՍ նախարարությունը ցանկանում է վերցնել թանգարանի սրահներից մեկը՝ գորգերի ցուցադրություն կազմակերպելու համար, ապա. «Այդ խոսակցությունը մինչ ինձ է եղել եւ դա դեռ իրականություն չէ»,-ասում է տնօրենն ու ընդգծում, որ խնդիր չի տեսնում ժամանակավոր ցուցադրությունների մեջ,- բայց թանգարանը պետք է ունենա իր ցուցադրությունը իր տնօրինման տիրույթում:

«Կարծում եմ` գիտական հզոր ներուժ ունենք թանգարանում, որի հետ պետք է փոխշահավետ համագործակցության արդյունքում թանգարանը վերելքի տանենք եւ զարգացնենք»։