Առաջին հայացքից թվում է, թե Նիկոլի հայաստանյան «ժողովրդավարությունն» ամբողջությամբ բացահայտել է իր անօրինական և բռնատիրական բնույթը ու նրանում նոր բան այլևս անհնար է դիտարկել: Իսկ անօրինականության և բռնատիրության տանդեմը «լավագույնս» դրսևորվել է երկուսուկես տարի առաջ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ քրգործի հարուցման առնչությամբ: Որի ղեկավարած դաշինքը («Մամիկոն Ասլանյան») շահել էր համայնքային ավագանու ընտրություններում, սակայն վերջինս հայտնվել էր կալանավայրում, քանի որ կամավոր չէր զիջել իշխանությունը տեղի քպականներին: Դրանով թաղվեց «մեծարգո վարչապետի» կողմից անընդհատ տարփողվող այն առասպելը, թե երկրում այլևս անցյալում են ընտրական ապօրինությունները: Ասեմ, որ ժողովրդավարության կանոնների նկատմամբ այդ աստիճան ձեռառնոցի չէր դրսևորվել նույնիսկ նախկինների օրոք: Չնայած այն համարվում էր ոչ թե «ժողովրդավարության փայլուն աստղ», այլ ընդամենը ավտորիտարից ժողովրդավարությանն անցումային իշխանություն:
Քրեական համեմով համեմված տիպիկ քաղաքական կոռուպցիայից անցում կատարենք դրա մեկ այլ տարատեսակին, ինչը «ժողվարչապետի» իշխանությունը ժառանգություն է ստացել մերժված նախկիններից, իսկ այնուհետև կատարելագործել այն: Խոսքը ոստիկանական բռնության զոհ դառնալու մասին է, ինչը քաղմասում ինչ-որ հրաշքով զոհից «վերածվում» է բռնություն կիրառողի՝ այն էլ ոստիկանի նկատմամբ: Դրա տիպիկ օրինակը, եթե չեք մոռացել, երիտասարդ Քոչարյանի՝ ՀՀ երկրորդ նախագահի որդու, հետ պատահած դեպքն էր: Մի քանի բերետավորի կողմից ծեծված Լևոնը պաշտոնապես վերածվել էր դրանց ծեծողի: Այդ երևույթն առկա էր նաև նախկինում, սակայն նախկինների իշխանությունը ոչ ոք չէր համարում ժողովրդավարական, այն էլ՝ կայացած: Որպեսզի զարմանային՝ թե էս ինչ եք անում...
Սակայն նիկոլական Հայաստանը չէր համարվի ամբողջական «ժողովրդավարություն», եթե չզարգացվեր փոխակերպման երևույթը, որ պատահել էր Լևոնի հետ: Դա տեղի ունեցավ հենց վերջերս՝ ստանալով կրկեսային ներկայացմանն արժանի շարունակություն: Նախորդ շաբաթավերջին, ինչպես հայտնի է, «Անի Գրանդ Հոթել»-ում ժամանակավորապես բնակվող Բագրատ սրբազանը բացահայտել էր, որ իր զբաղեցրած համարի տակի հարկից ծակել են առաստաղը ու տեղադրել լսող սարք (ժուչոկ): Սրբազանն իր համարում գտնվող այլ անձանց հետ իջել էր մեկ հարկ ներքև և բախել համապատասխան համարի դուռը: Սակայն դուռ բացելու փոխարեն նրանում գտնվող ոմն օրիորդ Էլեն զանգում է իրավապահներին, որոնք հյուրանոց գալով տանում են նրան:
Անցյալ շաբաթավերջին ենթադրվում էր, որ կինոն դրանով ավարտվելու է՝ մնալով որպես գործող իշխանության կողմից հերթական, սակայն այդ անգամ անհաջող անօրինության դրսևորում: Բայց դա այդպես կարող էր լինել նախկինների և ոչ թե Նիկոլի վարչապետության օրոք: Այս շաբաթ արդեն պարզվում է, որ հյուրանոցում մնացող անհայտ քաղաքացու կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ հոգեկան տառապանք ենթարկելու հատկանիշով: Հայտնի է, որ քրեական վարույթ կարող է նախաձեռնվել որոշակի՝ անուն-ազգանուն (կամգոնե դրանց սկբնատառեր) ունեցող, անձի ներկայացրած հաղորդման հիման վրա: Բայց քանի որ տվյալ դեպքում բացակայում է այդ տվյալը, ապա, ենթադրաբար, դա կատարվել է արհեստական բանականության կողմից: Այս պատմության երկրորդ և առավել հետաքրքիր մասը «անհայտ» անձի հաղորդման բովանդակությունն է եղել, ըստ որի հյուրանոցի իր համարի դուռը ինչ-որ մարդիկ փորձում են ջարդել: Պատկերացնում եք՝ անվտանգության սեփական ծառայություն ունեցող հյուրանոցի որևէ համարի դուռ փորձում են ջարդել, իսկ ծառահությունը վստահաբար դրանից տեղյակ չէ: Այլապես կես ժամա անց այդտեղ չէր հայտնվի Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնակատարն ու իր հետ չէր տանի «անհայտ» այդ անձին: Որն էլ մեկ-երկու օր անց հաղորդում էր տվել դուռը ջարդելու փորձի մասին: Մի խոսքով՝ իսկական կրիմինալ կոմեդիա: Դե, կրիմինալ իշխանությանն էլ հենց կրիմինալ կոմեդիան է սազում:
Հ. Գ. Համաձայն եմ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ, որ հոգեկան տառապանք ենթարկելու հատկանիշով քրեական վարույթ պետք է նախաձեռնվի վարչապետի աթոռից կառչած անձի նկատմամբ: Ով 3,5-4 տարի շարունակ հոգեկան տառապանք է պատճառում հայրենիքի զգացողությամբ օժտված քաղաքացիներին: Իսկ պատգամավորին էլ կառաջարկեի համապատասխան գործընթաց նախաձեռնել «change.org» կայքում: